Բաց փակուղի

Բաց փակուղի

Մի գուցե մեզ էլ ա՛յս էր վիճակված.
Դու՝ քո զղջումի զնդանում փակված,
Ես՝ իմ զղջումի արջի ճանկերում,
Բանտարկվածի պես ետ – առաջ քայլել
Քո ծանոթ անվան երկու վանկերում…

Քո ծանոթ անվան երկու վանկերում
Բանտարկվածի պես քայլել ետ – առաջ.
Կրակը կողքիս՝ միշտ մնալ սառած.
Բաց դուռը դեմըս՝ բանտարկված մնալ,
Ոչ մի փորձ չանել ու դուրս չգնալ…

Պարույր ՍԵՎԱԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում