Մենակ չես աշխարհում, որ վայրի լինես, մարդ ես՝ վայրենի չես

Մենակ չես աշխարհում, որ վայրի լինես, մարդ ես՝ վայրենի չես

Տատ, ես երեխա չեմ՝ երեխա ես, բա ինչ ես: Կռիվ չէր, ապրում էր՝ սիրուն էր: Շնչառությունս գնում խառնվում էր իմ մանկության դռներին ու սկսում էի հիշել, թե առաջին անգամ տատիս հետ մանակապարտեզ գնալու ճանապարհին, ոտքերիս տակ մի թղթադրամ տեսա: Տատս կռացավ, որ վերցնի, ես էլ ոտքերս գետնին էի տալիս, թե այ տատ հո դու գող չես: Տատս աննկատ թողթադրամը ցած գցեց ու շարունակեցինք ճանապարհը: Ինձ շատ բան չի սովորեցրել տատս: Բայց ես գիտեի իմ անելիք։ Դռնից մեկը ներս էր մտնում, ոտքի վրա էի դիմավորում նրան: Տատս քթի տակ ուրախանում էր՝ իմն ա է, իմ երազը… ասում էր տատս ու հպարտանում: Փոքր էի, որ զրուցեցի տատիս հետ: Շատ բան չէի հասկանում, շատ բան չէի ուզում հասկանալ: Մի օր գլուխս դրեցի տատիս ծնկներին ու ասացի պատմի, պատմի, թե ես ոնց եմ ծնվել, ինչ էիր սպասում, ինչ եղավ: Տատս էլ միամիտ-միամիտ պատմեց.

Նոր էի ծնվել, երբ բժիշկները հույս չէին տվել, որ կապրեմ: Տատս էլ լսել էր, որ սրտները կախ է, գիշերով բարուրն առել ու փախել էր հիվանդանոցից: Ասում է՝ տարա տուն ու սկսեցի քեզնով զբաղվել: Շատ բան չասաց, թե ինչ էր եղել, բայց որ բժիշկնեերի անուշադրության արդյունքում հնարավոր էր չապրեի… բայց տատս ուզեց, որ ապրեմ: Հիմա նստել հարց ու փորձ եմ անում. Տատ պատմի ինձ քանի տարեկան էի, որ սկսեցի խոսել: Ուշ եմ խոսել: Տատս ասում է, ինչ ձեռքդ ընկնում էր տալիս էիր գետնին, ես էլ ուրախանում էի: Տատս իմ կեսն էր, եթե ոչ ամբողջը: Հիմա կեսս չկա, ես էլ նրան սպասելով, հիմար-հիմար ապրում եմ, հույս տալով, թե մի օր կտեսնեմ նրան: Էն, որ թվում էր միշտ պետք է լինի, էն, որ թվում է միշտ քեզ պահելու է, կողքիդ է՝ թվացյալ է: Չէ, ես իմ միամիտ ապրումների արանքում մնացի, որովհետև կյանքը էդ չէր, ոչ էլ իմ պատկերացումների, որ չհամապատասխանեց իմ սպասումները:

Մի անգամ ասացի տատիս, թե հարցազրույց կտաս ինձ: Տատս ծիծաղեց, թե այ բալա, հարցազրույց առնելու համար պետք է մարդու ներսը քննես, դուրս հանես ինչ կա չկա: Ես էդքան ուժեղ չեմ, որ անկեղծ լինեմ: Հասկացա, որ անկեղծությունը հենց հարցազրույցի մեխն է, որ կամ գտել ես ու ասեղնագործելով գնում ես, կամ ոչ: Հացի բույրը, մանկան մարմնի բույրի պես տարածվել էր մեր տան պատերից ներս՝ տատիս բույրն էր: Ես սարսափած հասա այն պահին, որ դարպասներից ներս չուզեցի մտնել: Վատ օր էր, չէ վատը ինչ է, անկյանք օր էր՝ սև… Բայց դե ինչ անեի, գլուխս պատին դեմ տվեցի ու խեղդվեցի միայնության մեջ: Տատս չկար.. ու այդ չկար բառի մեջ այնքան վատ բան կար… չհամաձայնվեցի մնալ, որովհետև իմ կյանքն էր պակասել, ու գնալով վերջանում է, որովհետև չեմ լսում տատիս ձայնը, չեմ գրկում ու չեմ համբուրում նրան: Բայց դե ասում են ասելու համար, որ կյանքը շարունակվում է… ես էլ ծիծաղում եմ, թե հավատում եմ… Տատիս պահած տղեն եմ: Տատս ինձ առավ, բերեց քաղաք, թե պետք է սովորես: Ես էլ երազանքներ ունեի, շատ մեծ… բերեց, սովորել տվեց, ես էլ սկսեցի մեծ մտածել: Ու հենց սկսում էինք տատիս հետ խոսել, մի բանը, որ սրտով չէր լինում, ասում էր. ասա քեզ խի տարա սովորելու: Էն ժամանակ ես ուրիշ աշխարհ ունեի, ավելի ուրիշ ու ավելի մաքուր էի:

Հետո, երբ կյանքը սկսում է քեզ բաներ սովորեցնել, սկսում ես սրբագրել լավն էլ, վատն էլ, որովհետև դու մենակ չես աշխարհում, որ քեզ ինչպես ուզես պահես: Տատս էր ինձ հույս տվողը, տատս էր իմ լույսն ու խորհրդատուն: Տատս էր, ով ասաց, որ իմ տղան պետք է ամենալավը լինի, տարբերվող ու մի հատիկ: Չգիտեմ տատ ինչ եղա, ինչ ստացվեց ինձնից, բայց քո գնալուց առաջ, որ ես նստած քեզ էի նայում ու դու հավես չունեիր խոսելու, քո լռության հետ տարար իմ աղմուկը, բողոքը, ու քեզ թվաց, թե ես պետք է հետո ապրեմ, ապրում եմ, բայց քո հոգուն մնալով հավատարիմ, մնացի որբ քեզնից ու դարձա էս աշխարհի վրա խաչվող: Ավելի մեծացա, ավելի խորը սկսեցի ուսումնասիրել մարդուն: Հասկացա, որ այս աշխարհի վրա ամեն բան սուտ է՝ մարդն է կարևոր, որ կա, կամ չկա: Մարդու հետ ամեն բան սկսվող ու ամեն բան վերջացող… չեմ հավատում, որ ասում են տարիները կանցնի ու ցավն էլ կանցնի:

Չէ, մենակ, եթե հնարավոր լիներ ներս մտնելու, ես ինքս ինձնից կսարսափեի, որովհետև հոգիս ա ցավում, ցավում ա մարմինս… չնեղացնեմ Ձեզ, չեմ ուզում դուք էլ իմ հետ հուզվեք, բայց մի բան եմ ուզում խնդրել Ձեզ. Ում, որ ամենաշատն եք սիրում, թև շատ, քիչ չի լինում սերը արդեն ինքն իրենով շատ է, մի ափսոսեք ասել, ամեն օր, ամեն ժամ, թե դուք նրանց ինչքան շա~տ եք սիրում: Հարցազրույցը կիսատ մնաց, կիսատ մնաց իմ երազաքներն ու սպասումները: Տատս չկա, չէ ես վստահաբար հասկացա, որ նրան էլ չեմ տեսնելու: Հիմա քարն եմ գնում առնում ձեռքեիս մեջ, խոսում եմ խելագարի նման նրա հետ, թվում է լսում է, թվում է գրկում է, բայց միայն թվում է… ես լռում եմ, այս պահին, մտածելով, որ այն աշխարհում կգտնեմ ձայնն էլ, լույսն էլ։

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում