USD
EUR
RUB

Ի՞նչն է մեզ այդքան տկար դարձնում և ինչու՞

 
 

«Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լա՛վ համարեցեք, քան ինքներդ ձեզ»:
(Փիլիպեցիներ Բ 3)

Սովորաբար մարդը գտնվում է շատ խորը քնի մեջ. մենք չգիտենք ու չենք գիտակցում, թե ինչպես են ծնվում մեր ցանկությունները, դրանց հետևող քայլերը, չգիտենք, թե ինչի համար ենք եկել աշխարհ և ինչ պիտի անենք այսօր ու վաղը:

Պատահական չէ Քրիստոսի՝ արթնացումի կոչը. «Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի... արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղուկաս ԼԱ 36): Այս կոչն արձագանքվում է նաև այսօր, բավական է միայն լսել այն: Լսել կարող են նրանք, ում հաջողվել է վերականգնել ներքին լսողությունն ու մյուս զգայարանները:

Երբ մեր կյանքում արթնացումի պահեր են լինում, առաջին բանը, որ հասկանում ենք, հետևյալն է. մենք քնած ենք, անհաղորդ ու թույլ, ուստի մեր մեջ կան հիվանդություններ, որոնք խլում են մեզնից ամենաթանկը, չեն թողնում մեզ աճել կյանքում, գիտակցության, ինքնաճանաչողության մեջ: Արթնանալու համար նախ պիտի հասկանանք ու ընդունենք, որ քնած ենք: Ընդունենք, որ մեր ներսի պարտեզում մոլախոտեր են աճել, որովհետև մեր ներսի մշակը նույնպես քնած է: Եվ որպեսզի դուրս գանք այս վիճակից, պիտի կարողանանք բավարար քաջություն ունենալ ինքներս մեզ հարց ուղղելու. ի՞նչն է մեզ այսքան տկար դարձնում և ինչո՞ւ: Ի՞նչն է թուլացնում մեզ, ազդում մեզ ու մեր շրջապատի վրա: Ինչո՞ւ չենք կարողանում գտնել մեր էության լավագույն դրսևորումները, ինչո՞ւ է մեր կյանքը կիսատ:

Այնժամ, երբ մարդը բավարար ուժ է գտնում իր մեջ փնտրելու այս հարցերի պատասխանները, բախվում է հետևյալ ճշմարտությանը. մենք մեր ողջ կյանքն ու ներուժը ներդնում ենք այն ամենում, ինչով հնարավոր է կերակրել մեր հպարտությունը: Ամեն ինչ սկսվում է դեռ մանկուց, երբ մեզ համեմատում են այլոց հետ, երբ մեր մեջ կեղծ արժեքներ են ներարկում, ստիպում են մեզ մրցակցել, մեզ բոլորից գերադասել կամ հակառակը՝ անարժան համարել: Այսպիսով մաքուր, լուսավոր էակից վերածվում ենք լույսը կորցրած մեկի, ով անընդհատ վազքի մեջ է ու փորձում է ինչ-որ բաներ անել՝ ուրիշներին ցույց տալու համար: Յուրաքանչյուր քայլ ծառայեցնել ոչ թե իր հոգևոր աճին, զարգացմանը, ինքնարտահայտմանը, իր ներսում Աստծուն գտնելուն, այլ պարզապես գերազանց երևալուն (երևալուն, թվալուն, ոչ թե լինելուն): Այսպես մարդը պարբերաբար քաղց է ունենում, որը ստիպված է լինում բավարարել՝ հպարտանալու ևս մեկ առիթ իր կյանքում ստեղծելով… և ի՞նչ գնով, ինչի՞ համար: Այդ քաղցը մեզ ստիպում է մոռանալ, թե ով ենք, ում կողմից ենք արարված և ինչու: Որոնք են մեր իրակա՛ն արժեքները, ինչի համար մենք պիտի ջանք թափենք ու ինչի համար բոլորովին հոգ չանենք:

Այսպես մենք ավելի խորն ենք քնում՝ ամեն օր դառնալով ավելի անլույս, անզոր, տկար… Ահա թե ինչու է հպարտությունը քրիստոնեության մեջ համարվում մահացու մեղք: Այն դանդաղ սպանում է մարդու մեջ ամեն կենդանի բան և դարձնում անհաղորդ այն աստվածայինին, որ կա յուրաքանչյուրիս կյանքում:

Եվ որքան շատ է հպարտությունը մարդու մեջ, այնքան ավելի շատ է նա գտնում դա ուրիշների մեջ, սկսում ատել այդ մարդկանց, որովհետև հպարտության ախտով տառապողի համար սիրելն ամենաբարդն է: Իսկ ո՞րն է այն «հակաթույնը», որը կարող է մարդուն բուժել այս ախտից ու բերել մի հարթություն, ուր նա կվերագտնի Աստծուն, արարչագործության հրաշքը, ապրելու երջանկությունը, իրեն տրված շնորհներն ու անգին հնարավորությունները: Պատասխանը տրված է Աստվածաշնչում: Միայն խոնարհության ուղիով քայլելով է հնարավոր դառնում ապաքինումը: Այստեղ պետք է ի սկզբանե մի կողմ դնել այն կարծրացած ու խեղված պատկերացումը, թե խոնարհությունը խեղճությունն է, անուժ լինելը: Հպարտությունն է մարդուն խեղճ ու անուժ դարձնում, իսկ խոնարհումով մարդը չի թուլանում, այլ սկսում է նմանվել Աստծուն: Չէ՞ որ Հիսուսի երկրային կյանքը խոնարհության ամենավառ օրինակն է:

Խոնարհության ուղին սկսվում է գիտակցմամբ. «Ես հպարտ եմ, և դա խանգարում է ինձ ապրել, ապրել այն կյանքը, որը կարող է իսկապես երջանկացնել ինձ, լցնել ինձ Աստծո լույսով, ինքնարտահայտման իրական հնարավորություն ընձեռել»:

Երբ մարդն իր սրտում խոնարհություն ունի, նրա տեսողությունը բաց է: Հպարտությունն այլևս չի խոչընդոտում նրան տեսնել ինքն իրեն այնպես, ինչպես ի սկզբանե ստեղծվել է Արարչից, և գտնել սեփական առաքելությունը:

Միայն խոնարհության մեջ գտնվելով ես հասկանում, որ մնացած բոլոր արատները հպարտության հետևանք են: Մենք գողանում, սպանում, ստում ու չենք սիրում, որովհետև տկարացած ենք, մեր տեղը կորցրած, մեզ կորցրած: Փոխարենը խոնարհությունը ձգողականություն է, որ մեր կյանք է բերում այն, ինչի կարիքը ունենք: Չէ՞ որ Տիրոջը շատ լավ հայտնի է, թե ինչ է մեզ պետք երջանիկ ու բավարարված կյանք ունենալու համար:

Սակայն ինչպե՞ս կարող ենք ընդունել այդ ընծաները, եթե աղբով ենք լցված… Ուստի բավական է միայն ականջալուր լինել Տիրոջ խոսքին. «Խոնարհվեցե՛ք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի»
(Ա Պետրոս Ե 6):

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan