Ցնորական Տերյան

Ցնորական Տերյան

Տերյանը և հայ գրականության գալիք օրը

Տերյանի պատկերացրած հայ գրականության գալիք օրը նրա պատկերացումն էր դեռևս 1914-ին, երբ Մեծ պատերազմից առաջ ապրիլի վերջին Թիֆլիսում հանդես եկավ «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցմամբ, իսկ արդեն պատերազմն սկսվելուց հետո նույն 1914-ի դեկտեմբերին «Մշակ»-ում տպագրեց «Հոգևոր Հայաստան» հոդվածը:

Հետո կյանքը փոխվեց: Պատերազմը ցույց տվեց իր դեմքը: Թուրքերն իրականացրեցին 1915-ի ցեղասպանությունը:

Ռուսաստանում պայթեց հեղափոխությունը և ավարտվեց հեղաշրջումով: Ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, երկիրը ներքաշվեց պատերազմների մեջ, հաջորդեց Հայաստանի խորհրդայնացումը: Նոր իրականություն, գրական-մշակութային նոր պահանջներ: Հին ուժերին փոխարինող նոր դեմքեր, ավերվող անցյալի փլատակների վրա բարձրացածների խոստումներ, կոմունիստական երազանքներ: Եվ Տերյանը դարձավ կոմունիստ, հայտնվեց Լենինի ու Ստալինի կողքին, մասնակցեց Բրեստ-Լիտովսկի բանակցություններին՝ որպես ռուսական կողմի խորհրդական, գրեց թուրքահայոց մասին օրինագծի նախագիծը:

1914 թվականի նախապատերազմյան ժամանակը մեկ ա՛յլ իրականություն էր, պատերազմն ու դրան հաջորդող տարիները՝ մեկ ուրի՛շ՝ ոչ թե մեկը մյուսի շարունակությունն էին, այլ տարբե՛ր, հակադի՛ր: 1914-ին թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ գրականությունը վերածնության մեծ թռիչքի նախաշեմին էր, իսկ արդեն եղեռնից ու պատերազմից հետո մնացել էին ավերված երկիր, ցեղասպանության ենթարկված ժողովուրդ: Եվ որբե՜ր, որբե՜ր, որբե՜ր… Ավա՜ղ, Տերյանը չապրեց, որպեսզի առաջնորդեր նորագույն շրջանի գրական շարժումը: Նա մահացավ 1920 թ. հունվարի 7-ին:

Ճակատագրական պահին մահկանացուն կնքեց նաև Հովհաննես Թումանյանը, այս դեպքում արդեն ոչ միայն գրականության, այլև ժողովրդի Մեծը: Դա արդեն 1923 թ. մարտի 23-ն էր:

Նորագույն շրջանի փաստական առաջնորդը դարձավ Եղիշե Չարենցը: Նա, ով դուրս էր եկել Տերյանի գրկից ու նաև՝ Տերյանով ընկալած խորհրդապաշտության գեղագիտությամբ հրատարակել իր «Երեք երգ տխրադալուկ աղջկան» (1914) և «Ծիածանը» (1917) ժողովածուները: Կյանքն ու մշակութային պահանջները շատ արագ էին փոխվում: Դեռևս 1909-ին Փարիզում իր գոյությունն ազդարարած ապագայապաշտությունը դարձավ խորհրդապաշտության գերեզմանափորը՝ խորտակեց ներդաշնակության ու կատարյալ ձևերի այդ տաճարը և բերեց իր միանգամայն այլ կշռույթներն ու պատկերները, գաղափարական պահանջները: Իսկ կին-ցնորքին փոխարինեց կին-էգը, պատրանքի մշուշը ցրվեց և անուրջը դարձավ առարկայական պահանջ` գործարան, մեքենա, արդյունաբերություն, մենությունը տրորվեց ամբոխի քայլերթի հարվածների ներքո:

Տերյանն անցավ այս ամենի միջով. անգամ Պետրոգրադի «Թափառող շուն» սրճարանում մասնակցեց ռուս ապագայապաշտների մի գրական երեկոյի և անտարբեր չմնաց նրանց հանդեպ, բայց ինքն այլևս չհասցրեց նոր քայլ անել: Փորձ արեց, բայց քայլ չարեց: Այդ քայլն արեց Չարենցը, երբ ապագայապաշտությունն արդեն պրոլետարական մշակույթի (պրոլետկուլտ) կոպիտ կերպարանք էր ընդունել և տրորում էր անցյալի արժեքները:

Տերյանի ստեղծագործությունը երկու ծայրահեղ բևեռների մեջ է` առաջին քայլերը գալիս են գյուղագրությունից, վերջինները տանում են դեպի ապագայապաշտություն:

Տերյանը գրական ուղին սկսեց 19-րդ դարավերջի սոցիալական պոեզիայի նմանակմամբ և վերջին նշումներն արեց ապագայապաշտությանը, պրոլետկուլտի նորագույն պահանջներին համապատասխան: Այս երկու անցանկալի ծայրակետերի մեջ նրա ստեղծագործական բարձր վաստակն է: Ահավասիկ իրական պատկերը` պահպանված օրինակներով. մեկական նմուշ այդ ծայրակետերից` առաջինը գրված է 1905-ին, երկրորդը, ըստ ծանոթագրության, «ուսանողական շրջանում», բայց կարծում ենք ավելի ուշ պետք է գրած լինի.

Կարկուտը եկավ, արտերս տարավ,
Կարմիր ցորենս հասկի մեջ մեռցուց,
Պարտատերս եկավ, եզներս առավ,
Երկինքը ինձմեն երեսը դարձուց…
***
Մեր ավտոն արագ,
Արագ
թռչում է,
Որպես հրաթև
թեթև
թռչուն մի-
Դաշտերով անափ, անսահման,
Օվկիա՛ն
Տափարա՛կ.
Ճեղքում սև մութը
Աչքերով,
Աչքերով կրակ,
Մեր ավտո՛ն,
Ավտո՛ն մեր,
Ավտո՛ն.-
Արթուն աղմկում,
Անքուն
Ճչում է, Ճչում է,
Որպես ահավոր
Հզոր
թռչուն մի:

Այս բանվորագյուղացիական մտայնությամբ Ռուսաստանում և արդեն ԽՍՀՄ-ի կազմավորումից հետո քաղաքական, մշակութային այդ դաշինքի մեջ մտնող Հայաստանում արվեցին առաջին քայլերը: 1922-ին հրատարակած «Երեքի» դեկլարացիայով մի շատ կարճ ժամանակ Չարենցն ուղղվեց Տերյանի դեմ, ինչն արտահայտվեց «Ռոմանս անսեր» (1922) պոեմով և «Պոեզոզուռնա» (1922) ժողովածուով, առանձին հոդվածներով, ելույթներով, «Standard» ամսագրի միակ համարի ուղղվածությամբ, բայց հետո վերադարձավ իր սրբության սրբոցին, աղոթքի պես մրմնջաց՝ «Վերադարձիր, օ վերադարձիր» և իր հետագա ստեղծագործական կյանքում բարձր պահեց ոչ միայն Տերյանի հիշատակը, այլև գրական ավանդույթները:

Տերյանն այդուհետև Չարենցի բանաստեղծական առավոտների լուսատու աստղն էր: Ինչպես նշեցի` փորձեց նաև Տերյանի տպագիր և անտիպ ժառանգությունը երկու հատորով տպագրել, բայց քաղաքական հալածանքները կանխեցին այդ ծրագրի իրականացումը:

Գրականությունը զարգացման միագիծ ընթացք չէ: Տերյան-Չարենց շղթան օրինաչափ էր: Բայց հանկարծ ասպարեզ է իջնում Հովհաննես Շիրազի նման բնատուր հանճարը, որ ստեղծում է միանգամայն այլ ոճի ու գեղագիտության պոեզիա:

Չարենցն ասում էր. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր», Շիրազը քիչ ձևափոխեց. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ խիղճը դարձիր»: Խորքում նույն բանն է, որովհետև «ժամանակի շունչը» նաև «ժամանակի խիղճն» է և հակառակը, բայց գեղարվեստական համակարգերը տարբեր էին: Շիրազի գրական թռիչքն այն տարիներին էր, երբ Չարենցը պաշտոնապես արգելված էր, իսկ ասպարեզում խրախուսվում էին Ստալին փառաբանող կույր ու գուլ աշուղները: Ասպարեզը, տեսադաշտը, ուժերը, պահանջները փոխվել էին: Արգելված էր ոչ միայն Չարենցը, այլև չկային գնդակահարված Բակունցն ու Թոթովենցը, աքսորված Մահարին ու Լեռ Կամսարը, մեկ խոսքով՝ գրականության իսկական տերերը: Նրանց փոխարինել էին մնացորդները, որոնց համար Տերյանը եղած-չեղած մեկ էր: Կտրվել էր ավանդույթի ժառանգորդական շղթան: Հետո 1954-ին Չարենցը վերադարձավ: Վերադարձան նաև մյուսները: Միջավայրը փոխվեց: Այդ ընթացքում Տերյանը թեև չէր մոռացվել, բայց իր ամբողջ նշանակությամբ չէր գիտակցվում:

Նաև Չարենցի վերադարձով մի նոր հայտնությամբ հառնեց Տերյանի կերպարը, գործեց տերյանական ավանդույթը և շարունակվեց թե՛ Համո Սահյանի պոեզիայում, թե՛ Սևակի գեղագիտության մեջ: Բանաստեղծություններից մեկում Սահյանը գրեց. «Կա տերյանական մի ելևէջ,  «Որ քեզ չի լքում այսքան տարի»: Սևակը յուրովի՛ վերակոչեց Տերյանին: Կարգախոսի պես նա հռչակեց՝ «Տերյանը պահանջում է» և իր գեղագիտությամբ, այսինքն` նորովի փորձեց մարմնավորել նրա պահանջները: Դա խորությամբ արտահայտվել է «Հանուն և ընդդեմ «ռեալիզմի նախահիմքեր»-ի», «Դեպի մեծ ուղեծիր», «Դժվարը իրենից հասուն լինելն է» հոդվածներում, «Ինչ-ը, ինչպես-ը և որպես-ը» հարցազրույցում և համանման մի քանի այլ նյութերում:

Տերյանի ազդեցությունը շատերի վրա էր: Նախ առաջին սերունդն էր՝ Ազատ Վշտունին, Արմենուհի Տիգրանյանը, Գեղամ Սարյանը, Գուրգեն Մահարին, Նաիրի Զարյանը, Գառնիկ Քալաշյանը, Լևոն Աթաբեկյանը, Արտաշես Տեր-Մարտիրոսյանը, Վաղարշակ Նորենցը, Խաչիկ Դաշտենցը, Վեսպերը: Հաջորդեցին երկրորդ-երրորդ սերունդները՝ Լեյլի, Հռիփսիմե Պողոսյան, Համբարձում Մազմանյան, Համո Սահյան, Պարույր Սևակ, Հրաչյա Հովհաննիսյան, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան, Գևորգ Էմին:

Տերյանի հետևորդների մեջ մեծ թիվ են կազմում սփյուռքահայ բանաստեղծները` Լևոն-Զավեն Սյուրմելյան, Վահե Վահյան, Բյուզանդ Թոփալյան, Մուշեղ Իշխան, Գևորգ Կառվարենց, Արմեն Անույշ, Ոստանիկ, Դև, Գալուստ Խանենց, Արիս Շաքլյան, Վահրամ Սոֆյան, Ժագ Հակոբյան, Եղիշե Այվազյան, Զորայր Միրզայան…

Տերյանը ներգործեց նաև Չարենցի, Ռենի (Ռուբեն Վարդանյան), Կարեն Միքայելյանի, Ստեփան Զորյանի, Ակսել Բակունցի, Գուրգեն Մահարու արձակի վրա: Օրինակ, Բակունցի գրականության լեզուն ձևավորվել է Թումանյանի և Տերյանի լեզվաոճական միջոցների համադրումից:

Տերյանական ներգործության այս տեսադաշտում արդեն ոչ թե որպես սոսկ ազդեցություն, այլ որպես ժառանգորդական շղթա երկու անուն են՝ Չարենց և Սևակ: Կլինի՝ Տերյան-Չարենց-Սևակ: Այստեղ խոսքը ոչ այնքան պարզ նմանությունների կամ հիշատակումների մասին է, որքան գեղագիտական ընդհանրությունների, դրանց տատանումների և նույն հիմքերից նոր գոյացումների մասին: Այսպես ձևավորվեց նորագույն շրջանի հայ պոեզիայի ողնաշարը: Ահա սրանով էլ Տերյանը դիտվում է որպես դարաշրջանային գրող:

(շարունակելի)

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում