Ծերունիների իմաստնությունը

Ծերունիների իմաստնությունը

Մի դաժան արքա բոլոր ծեր մարդկանց կոտորելու հրաման արձակեց։

-Ի՞նչ օգուտ նրանցից, – ասաց թագավորը,- ոչ հերկել են կարողանում, ոչ հնձել, ոչ ցախ կոտրատել։ Զուր տեղը հաց են ուտում, տանը ոտքի տակ ընկնում։ Առանց նրանց ապրելն ավելի հեշտ կլինի։

Թագավորի դահիճները գործի անցան, բոլոր ծերունիներին կոտորեցին։ Միայն մեկ ծերունի մնաց՝ մի իշխանի հայր։ Իշխանը խղճաց իր ծեր հորը, թաքցրեց և սկսեց նրան թաքուն կերակրել։

Դաժան արքան մի կամակոր սև նժույգ ուներ, աքացի էր տալիս, խրտնում էր, կանգնում հետևի ոտքերին, հեծյալներին տապալում գետնին։ Ոչ ոք չեր կարողանում հեծնել նժույգին։ Արքան իմացավ, որ մայրաքաղաքում մի իմաստուն հեքիմ կին է ապրում։

Հրամայեց պալատ բերել նրան և սկսեց հրձուփորձ անել, թե ինչպես կարելի է աշխույժ նժույգը սանձել։

-Արքա, –  ասաց կինը, – հրամայիր քո իշխաններին, որ ավազից պարան հյուսեն և այդ պարանով ձիու երեք ոտքերը կապ գցեն։ Նժույգը գառան պես հնազանդ կդառնա։

Թագավորը ծոծրակը քորեց և կանչեց իշխաններին։

-Հե՜յ, իշխաններ, – գոռաց նա, – լսեք իմ հրամանը․ վաղն առավոտյան ավազից հյուսված պարանն իմ ձեռքում պիտի լինի։ Եթե առանց պարանի գաք պալատ, ձեր գլուխներն իրենց տեղերում չեն մնա։ 

Իշխանները գլխահակ գնացին․ մի՞թե հնարավոր էր արքայի այդ հրամանը կատարել։Այն իշխանը, որը խնայել էր հոր կյանքը, նույնպես նրանց մեջ էր։ Տուն եկավ մտախոհ,տխուր։

Եվ հայրը հարցրեց նրան․

– Ինչու՞ ես այդպես մռայլ, որդիս։

Իշխանը հայտնեց արքայի հրամանը։

– Վիշտդ հեշտ է դարմանել, տղաս, – ասաց ծերունին։ – Վաղն առավոտյան, երբ գնաս պալատ ու թագավորը հարցնի՝ ու՞ր է պարանը, դու նրան այսպես պատասխանիր․

– Թագավորն ապրած կենա, մենք պատրաստ ենք ավազից պարան հյուսել, բայց չգիտենք, թե ինչպիսին պետք է լինի այն՝ հա՞ստ,  թե՞ բարակ, դեղի՞ն, թե՞ կարմիր։ Նմուշը մեզ ցույց տուր։

Հաջորդ օրը, այդքան խելացի պատասխան լսելով, թագավորը գլուխը կախեց և ասաց․

– Դուք իրավացի եք, ես պետք է ձեզ նմուշը տամ, բայց դա չեմ կարողանա անել։

Եվ արքան խնայեց իր իշխանների կյանքը։

Նույն տարվա ամռանը երկրում երաշտ սկսվեց։ Կիզիչ արևի ճառագայթներն այրեցին ամեն ինչ՝  և խոտը, և ցորենը, և պտուղները։ Ցամաքեցին գետերն ու ջրերը, ամբարները դատարկվեցին․ ոչ մի հատիկ ցորեն չմնաց։ Մարդիկ  սարսափահար էին․ բոլորին սպառնում էր սովամահությունը։ Թագավորը մտքերի մեջ ընկավ, կանչեց իշխաններին ու հրամայեց․

– Ինչ ուզում եք, արեք, բայց եթե վաղն առավոտյան ինձ չասեք, թե ցանքի համար որտեղից ցորեն ճարենք, ձեր գլուխները ձեր ուսերին չեն մնա։

Վշտացած իշխանները գնացին։ Շատ դժվար էր ցորեն ճարելը։ Ծեր հայրը տեսավ, որ որդին արքայի մոտից դարձյալ սև ամպից սևակնած է վերադարձել, հարցրեց․

– Ի՞նչ է պատահել, որդիս։

– Այս անգամ, հայրիկ, դու էլ չես կարողանա ինձ օգնել,- պատասխանեց իշխանը։

– Ինչու՞։

– Որովհետև թագավորին ցանքի համար ցորեն է պետք, իսկ ողջ երկրում ցորեն չկա։

– Մի անհանգստացիր, տղաս, – ասաց ծերուկը։ – Երբ վաղը թագավորի մոտ գնաս , խորհուրդ տուր, որ նա հրամայի գյուղացիներին քանդել բոլոր մրջնանոցները։ Դրանց մեջ ցորեն շատ կա․ մրջյունները հատիկ-հատիկ հավաքել են։

Այդպես էլ արեց։ Գյուղացիները դաշտ դուրս եկան,փորփրեցին բոլոր մրջնաբները և յուրաքանչյուրում մի քսակ ընտիր ցորեն գտան։ Խնդրի այս լուծումը շատ զարմավրեց թագավորին։

– Ասա ինձ, այդ իմաստուն խորհուրդն ո՞վ տվեց քեզ, – հարցրեց նա այն իշխանին, որը խնայել էր հոր կյանքը։

– Չեմ համարձակվում ասել, արքա, որովհետև ինձ կկործանես,- գլուխը խոնարհեց իշխանը։

– Խոստանում եմ, որ գլխիցդ մազ անգամ չի պակասի։

Իշխանը խոստովանոց, որ ժամանակին թաքցրել է հորը, և որ հենց հայրն է իրեն սովորեցրել թե ավազե պարանի համար տրված պատասխանը, թե ցորենի ճարն անելը։

Այդ ժամանակ նոր օրենք դուրս եկավ․ արգելվում էր ծերերին վիրավորելը, իսկ հանդիպելիս յուրաքանչյուրը պարտավոր էին նրանց զիջել ճանապարհը։

Բուլղարական ժողովրդական հեքիթ
«Աշխարհի իմաստուն հեքիթներ» 

Հետևեք մեզ նաև Telegram-ում