Գոռոզ չղջիկը

Գոռոզ չղջիկը

Աշնանային մի ցուրտ օր չղջիկը թռչում էր անտառով և դառնաղի արտասվում։ Նրա լացի ձայնը լսեց թռչունների արքան՝ արծիվը։

– Ինչու՞ ես լալիս, ոքրիկ չղջիկ, – հարցրեց նա։

– Լաց եմ լինում, որովհետև շատ եմ մրսում։

– Չէ՞ որ մյուս թռչունների համար էլ է ցուրտ, բայց նրանք չեն բողոքում։

– Չէ, նրանք չեն մրսում այնքան, որքան ես, որովհոտև փետուրներ ունեն, իսկ ես չունեմ։

Արծիվը մի պահ մտածեց, հետո հրամայեց կաչաղակներին, որ բոլոր թռչուններից մեկական փետուր հավաքեն չղջիկի համար։ Երբ չղջիկն ամրացրեց բերված փետուրները, դարձավ հրաշագեղ։ Նրա թևերը, գլուխն ու փորիկը շողշողում էին ծիածանի բոլոր գույներով։ Չղջիկը շատ գոռոզացավ։ Նա այլևս չէր խոսում մյուս թռչունների հետ։ Օրերով նստում էր ճյուղին, հիանում ջրափոսի սառած հայելու մեջ երևացող իր չքնաղ արտացոլանքով։

Վիրավորված թռչունները բողոքեցին արծվին։

– Չղջիկն իրեն հիմա անտառի առաջին գեղեցկուհին է համարում, – ասացին նրանք։ – Նա երևակայում է իրեն, ոչ մեկի հետ չի խոսում և նույնիսկ սիրամարգին է անճոռնի համարում։ 

Արծիվը չղջիկին կանչեց իր մոտ և հարցրեց․

– Ճի՞շտ են ասում անտառի թռչունները։

– Իհարկե, – պատասխանեց չղջիկը։ – Նրանց ընկերակցությունն ինձ համար չէ։ Ես նրանցից շատ ավելի գեղեցիկ եմ։ Համոզվեք ինքներդ, Ձերդ Մեծություն։ Եվ չղջիկը պարզեց թևերը։ Արծիվը տեսավ, որ դրանք իսկապես չքնաղ են։

– Գերազանց է, –  ասաց արծիվը։ – Եթե դու կարծում ես , որ  սիրուն ես, ապա թող յուրաքանչյուր թռչուն հետ վերցնի իր փետուրը։ Տեսնենք առանց դրանց ինչ տեսք կունենաս։ 

Բոլոր թռչունները նետվեցին չղջիկի վրա և խլեցին իրենց փետուրները։ Իր արտացոլանքը տեսնելով՝ չղջիկը սարսափեց, ջրափոսից իրեն էր նայում մերկ, կնճռապատ, այլանդակ մի արարած։ Չղջիկն այնպես ամաչեց, որ դրանից հետո սկսեց միայն գիշերը դուրս գալ, որպեսզի իրեն ոչ ոք չտեսնի։

Ամերիկյան ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում