Գրավ դրած մորուքը

Գրավ դրած մորուքը

Մի մարդ մի օր գնում է մի հարուստ վաճառականի մոտ՝ պարտք ուզելու։

– Պարտքով մի քիչ փող տուր, որ գործերս, առևտուրս կարգի գցեմ, – խնդրում է։

– Համոզված եղիր, որ պարտքդ վերադարձնելու եմ։ 

– Ես քեզ պարտքով փող կտամ՝ պայմանով, որ վստահելի մեկը քեզ երաշխավորի, – ասում է վաճառականը։

Մարդը թե․

– Մինչև օրս ոչ մի վստահելի վաճառականի հետ գործ չեմ բռնել և ոչ էլ մեկին գիտեմ, որ ինձ երաշխավորհի։

– Լավ,-  ասում է վաճառականը, – կօգնեմ, բայց դու քո մորուքից մի մազ պետի ինձ մոտ գրավ դնես։

Մարդը թե․

– Այդ դեպքում, խնդրում եմ, ինձ մի քիչ վարդաջուր ու մի հատ էլ հայելի տուր։

Երբ վաճառականը նրան հայելի է տալիս ու վարդաջուր մատուցում, մարդը նախ մորուքին խնամքով վարդաջուր է ցողում, ապա գրպանից մի սանր է հանում ու զգույշ սանրում։ Հետո սանրի ատամների արանքից մի մազ է հանում, դնում մետաքսե թաշկինակի մեջ, չորս ծայրից ծալում է ու երկու ձեռքով խոնարհաբար մեկնում վաճառականին։

Որոշ ժամնակ անց այդ առևտրականը մեծ հարստություն է կուտակում, գալիս է պարտատիրոջ մոտ, շնոհակալություն հայտնում ու վերցրած պարտքը հետ տալիս։

Մի օր էլ նա մեծ ու բազմամարդ խնջույք է կազմակերպում։

Հրավիրվածներից մեկը դառնում է նրան ու հարցնում․

– Որքան հիշում եմ, դու էլ ինձ նման աղքատ էիր, այս ամբողջ հարստությունը ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով ձեռք բերեցիր։

Եվ նա անկեղծորեն պատմում է գրավ դրած իր մորուքի պատմությունը։

Հաջորդ օրը այդ աղքատ առևտրականը գնում է մեզ ծանոթ հարուստ վաճառականի մոտ ու պարտքով փող խնդրում։

Վաճառականի այն հարցին, թե ծանոթներից ո՞վ իրեն կերաշխավորի, պատասխանում է․

– Աստված վկա, ես ոչ մի ծանոթ չունեմ։ Օրվա հացի կարոտ, խեղճ ու աղքատ մարդ եմ։

Վաճառականը թե․

– Այդ դեպքում քո մորուքից մի մազ փողի դիմաց ինձ մոտ գրավ դիր։

– Ընդամենը մի մա՞զ, – զարմանում է այդ մարդն ու ձեռքը գցում, մորուքից մի փունջ մազ է պոկում, մեկնում վաճառականին։

Այդ տեսնելով՝ վաճառականը մտածում է․

-Եթե այս մարդն ինքն իրեն չի հարգում, պարզ է, թե ինչպես կվարվի դիմացինի հետ։ Եվ, որպեսզի նա չգնա և ուրիշ վաճառականների խաբի, բարձրաձայն ասում է․

– Մի բան լսել եմ քո մորուքի մասին, բայց ունեցածդ այն մորուքը չէ, ուստի պարտքի մասին խոսոլն էլ ավելորդ է։

Պարսկական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում