«Տեսի զերկիրն Իտալիոյ» Հայ գրչության արվեստը Իտալիայում

«Տեսի զերկիրն Իտալիոյ» 
Հայ գրչության արվեստը Իտալիայում

Հայ գրքարվեստի պատմության մեջ Իտալիան ավելի հաճախ հիշատակվում է որպես հայ տպագրության ստեղծման և զարգացման բնօրրան: Հիրավի, Հակոբ Մեղապարտը 1512 թ. Վենետիկում տպագրեց առաջին հայերեն գիրքը, որի գործը շարունակական եղավ գեղարվեստական հարուստ միջավայրով շնչող իտալական քաղաքներում: Անմոռանալի է նաև 1717 թ. Սուրբ Ղազար կղզում հաստատված Մխիթարյան հայրերի տպագրական հսկայածավալ ժառանգությունը, հայ ձեռագիր մատյանների մատենադարանի ստեղծումը, հայ լուսավորչական մտքի նոր վերածնունդը: Բայց իտալական ջերմ արևի տակ հայկական հոգևոր-մշակութային գործունեության պատմությունը ձգվում է շատ ավելի հեռուն՝ դարերի խորքից բացահայտելով այս ներկայության առեղծվածը:

Իտալիայի հայկական
գաղթօջախները

Հայերի ներկայության առաջին շոշափելի հետքերը հանդիպում են դեռևս 6-րդ դարից՝ ի դեմս հայ զինվորականության և հոգևորական քարոզիչների: Զարմանալի չէ, որ լատինների կողմից պաշտվող հայազգի բազմաթիվ սրբերի անուններ են մեզ հայտնի:

Սակայն հայ-իտալական հարաբերություններում մի նոր ժամանակաշրջան է բացվում 12-րդ դարից սկսած՝ պայմանավորված Կիլիկյան հայկական թագավորության հիմնման և հայ-իտալական ակտիվ առևտրական կապերի հաստատման հետ:

Հաջորդ դարերում հայերի մեծաթիվ հոսքի շնորհիվ իտալական բազմաթիվ քաղաքներում հաստատվում են հայկական գաղթօջախներ, ինչը նպաստում է հայերի կողմից կառուցված կամ սրբագործված հայկական եկեղեցիների թվի աճին: Ըստ Հ. Ալիշանի՝ 1240-1350 թթ. հայկական մեկ եկեղեցի ունեցող քաղաքների թիվը հասնում էր քսաներկուսի, իսկ Հռոմում, Բոլոնիայում և Վենետիկում կային մեկից ավելի գործող եկեղեցիներ: 14-րդ դարում շուրջ 40 հայկական եկեղեցի ու մենաստան են հիշատակվում Իտալիայի քաղաքներում: Իսկ եկեղեցիներին կից, ինչպես և ամենուր, բնականաբար զարգացել էին նաև հայ գրչությունն ու մանրանկարչությունը:

Հայ մանրանկարչությունը
Իտալիայում

Մեզ են հասել իտալական տարբեր քաղաքներում` Հռոմ, Բոլոնիա, Պերուջիա, Վենետիկ, Լիվոռնո ընդօրինակված հայկական ձեռագրեր: Գրքերի հիշատակարանների շնորհիվ կարելի է նաև հաղորդակից դառնալ հեռավոր երկրներում դեգերող հայ գրիչների ու ծաղկողների կյանքին, խնդիրներին, մտորումներին: Հայ աստվածավախ ու համեստ մարդու կերպարի առանձնահատուկ մարմնավորումն էին գրքի հայ վարպետները, ովքեր սովորաբար իրենց կոչում էին «մեղադիր», «յամենամեղ», «զանպիտանս…» մականուններով:

Իտալիայում ստեղծված հայ մատյանների ծաղկողներն ու գրիչները, որպես իրենց գործի վարձք, խնդրում են. «Հիշենք Երեմիային, Յովանիսիկին, ադևոսին, Վանականին, Ստեփանոսին…»:

Միջնադարում հոգևոր ապրումների և զգացումների բարձրագույն արտահայտություններից մեկն էր համաքրիստոնեական սրբավայրեր տանող ուխտագնացությունը, որ կենդանի մի հաղորդություն էր ստեղծում աստվածայինի հետ:

Երուսաղեմից հետո համաքրիստոնեական երկու նշանավոր սրբավայրերն էին Հռոմը՝ Ս. Պետրոս և Պողոս առաքյալների շիրիմներով և Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելան (Santiago de Compostela), ուր ամփոփված էր սուրբ Հակոբոս առաքյալի մարմինը: Այս ուխտագնացությունների շնորհիվ «տիեզերական, հռչակավոր մայրաքաղաք» Հռոմում հաստատվում էին նաև հայ գրիչներ, ծաղկողներ և իզուր չէ, որ Հռոմից մեզ հասած ձեռագրերի թիվը մեծամասնություն է կազմում: Այստեղ է որոշ ժամանակ ստեղծագործել նաև 16-րդ դարի տաղերգու և գրիչ Զաքարիա Գնունեցին, ով Հակոբ Ջուղայեցու հետ միասին Հռոմում նկարազարդել է «Պատմութիւն Աղէքսանդրի Մակեդոնացւոյ» 100 պատկեր պարունակող իրապես նկարազարդ գիրքը:

Պատկերազարդ ձեռագրերից ամենահին և բացառիկ հարուստ գեղարվեստական հարդարանք ունեցող նմուշը Բոլոնիայի Աստվածաշնչի մի մասն է, որ հավանաբար գրվել է 13-րդ դարի վերջին: Այս մատյանի մանրանկարները աչքի են ընկնում նրբագեղությամբ, գունապնակի մեղմությամբ և հարստությամբ, մարդկային կերպարների կատարման վարպետությամբ:

Արևմտաեվրոպական արվեստի ազդեցության տակ ի հայտ են գալիս նոր սյուժեներ, ինչպես օրինակ՝ Հովհաննու Հայտնության շարադրանքը լուսաբանող մանրանկարները:

Ինչ-որ պատճառով այս ձեռագրի ընդօրինակումը կիսատ է մնացել, և այն ավարտել են 14-րդ դարում՝ Ղրիմում: Մեկ այլ յուրահատուկ օրինակ է Պերուջիայում ընդօրինակված Ավետարանը (14-րդ դար), որի պատկերազարդումներում զգացվում են լատինական մանրանկարչական ազդեցությունները, ինչպես օրինակ՝ անվանաթերթի գլխազարդում ավետարանչի պատկերման ոճը, կամ շրջանակված ֆոն ունեցող գլխատառերը:

Անի ԵՆՈՔՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում