USD
EUR
RUB

Իմ Նոբելյան մրցանակն իմ կինն է. Շարլ Ազնավուր

 
 

Փարիզում իր հաղթական ելույթից հետո մեծանուն հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրը սկսել է վերջին յոթ տարիներին իր առաջին ֆրանսիական շրջագայությունը: Փետրվարի 3-ին երգիչը կլինի Նանտում: Մշտապես լավ մարզավիճակում լինելով՝ նա վերջերս է հրատարակել «Պահպանեք կյանքը» հուշերի գիրքը և պատրաստում է երգերի նոր ալբոմ: Բարեհամբույր, սիրալիր՝ նա խոսում է այն մասնագիտությունից, որից երբեք չի հեռացել: Փարիզյան հյուրանոցում ֆրանսիական երգի վերջին հսկայի՝ 93-ամյա Ազնավուրի հետ կարճ հանդիպումից մի հատված է ներկայացրել «Լե Տելեգղամ» պարբերականը:

- Ի՞նչ ուժ է, ի՞նչ սուրբ կրակ է, որ ստիպում է Ձեզ՝ երգել բեմում:

- Ես ոչինչ չեմ կարող անել: Այս աշխատանքից բացի՝ ես ուրիշ ոչինչ չգիտեմ, չեմ էլ ուզում ուրիշ ոչինչ իմանալ: Սա իմ թթվածինն է, կամ, ինչպես կինս է ասում՝ իմ սիրուհին:

- Երբ երիտասարդ էիք, Դուք պատկերացնու՞մ էիք, որ նման փառքի կհասնեք: Հյուգոն գրում էր՝ փառքը վերջին աստղն է, հանդարտ ու մութ լուսին:

- Ոչ: Առաջին հերթին՝ քանի որ ես այդ մասին չէի երազում: Ես ուզում էի աշխատանք ստեղծել, որը երկար կապրի: Աշխատանքը, որը երկար է ձգվում, կատակերգուի աշխատանքն է: Դուք կարող եք սկսել որպես երեխա և ավարտել իբրև բարեպաշտ հայր: Իսկապես, մենք կարող ենք մի շրջանից մյուսին անցնել: Փառքի գաղափարը եկավ շատ ուշ, բայց դա նպատակակետ չէր, այլ՝ ընդամենը հանգուցալուծում:

- Դուք ասում եք՝ երգը նախևառաջ տեքստն է: Բայց և երաժշտությունը, որ համահունչ է այդ տեքստին, այնպես չէ՞:

- Երաժշտությունը հետո է գալիս: Նախապես տեքստն է: Կոմպոզիտորը պետք է հարմարվի իմ տեքստի երկարությանը, և երաժշտությունը բնական ձևով միաձուլվում է տեքստին: Եթե տեքստը շատ երկար է, այն չի աշխատում:

- Ինչպես Սերժ Գինսբուրը, Դուք է՞լ եք երգը համարում երկրորդական արվեստ:

- Ամենևին ոչ: Ես համաձայն չեմ այդ մտքի հետ: Երգը տարածված արվեստ է, որը հասնում է աշխարհի խորքերը, մենք դա չենք կարող կոչել երկրորդ աստիճանի արվեստ: Երգը ունիվերսալ արվեստ է: Մենք ծնվում ենք երգի հետ, մահանում ենք երգով կամ հուղարկավորությամբ (ծիծաղում է): Երգը ուղեկցում է մեզ ողջ կյանքում՝ օրորոցային, մանկական երգեր, քայլերթ, ամուսնություն, հնարավոր է նաև՝ ամուսնալուծություն, գոհաբանության երգ:

- Եթե կա ֆրանսիական երգի միայն մեկ հսկա, ապա դա Դուք եք: Ծանր չէ՞ այդ բեռը կրելը:

- Ես վերջին հսկան չեմ: Մյուս կողմից՝ ես, ինչ խոսք, ֆրանսիական երգի առաջին դասականն եմ: Իմ կարծիքով՝ ես դարձել եմ դասական նաև իմ գրելով: Ես կարդացել եմ շատ դասական գրողների՝ Լա-Ֆոնտենից մինչև Վիկտոր Հյուգո, Մոլյերից Սաշա Գիտրի: Եվ, իհարկե, ռուս գրողները՝ Տոլստոյը, Դոստոևսկին: Նրանք հարստացրել են ինձ:

- Դուք կատակերգու՞ եք, ով երգում է:

- Այո, իմ՝ իբրև կատակերգուի աշխատանքը, բնական է, ստիպում է ինձ կերպարանափոխվել, խաղալ, որպեսզի իմ երգերը ժեստերի և դիմախաղի շնորհիվ կենդանություն ստանան:

- Ձեր հուշագրությունում Դուք բացահայտում եք Ձեր գրական ճաշակը: Կցանկանայի՞ք լինել հաջողակ գրող:

- Այո, ինձ դա դուր կգար: Ես հասկացա, որ կանեի ավելի քիչ, քան երգի դեպքում: Գիրք գրելը դժվար և մեկուսի գործընթաց է, որտեղ երևակայությունը վերածվում է պատմության կառուցման և բնավորության կերտման: Դուք պետք է պատմության տեսլականը ունենաք: Երգի համար ինձ ոգեշնչում է կյանքը, առօրյան, և ես աշխատում եմ միայն մեկ կերպարի՝ իմ կերպարի վրա: Ես սա հասկացա՝ սցենար գրելիս, երբ պետք էր ապահովել սյուժեի շարունակականությունը: Երբ Ժիլբեր Բեկոն ինձ խնդրեց օպերա գրել, ես նրան ասացի, որ ինձ օպերա գրելուն ունակ չեմ համարում: Այսօր ես կկարողանայի գրել:

- Ձեր գրքի բոլոր էջերում Դուք արժանին եք մատուցում սիրելի արտիստներին, ադ թվում՝ Ջոննիին, ում անվանում եք՝ «լեգենդ»՝ իր «կապտուկներով»: Ի՞նչ կերպ եք Դուք «պահում» նրանց, ովքեր Ձեզ այդքան շատ են սիրում:

- Ինձ համար նա միշտ երեխա է: Ես նրան գիտեի, երբ նա 17 տարեկան էր: Հետաքրքիր է, որ Ժան Գաբենը նույն կերպ է անվանում Ալեն Դելոնին: Նա ինձանից խորհուրդ չէր հարցնում, բայց ես, ամեն դեպքում, որոշ խորհուրդներ տվել եմ նրան: Մասնավորապես՝ ռազմական ծառայություն իրականացնել և գտնել երգեր, որոնք նախատեսված են ոչ միայն երիտասարդության համար: Այդ պատճառով ես գրեցի «Retiens la nuit» («Պահիր գիշերը»), որն ընդլայնեց նրա լսարանը: Նա վիրավորված էր մամուլից, ինչպես ես, Բելմոնդոն և ուրիշներ: Այդ վատ արձագանքներն ինձ ուժեղացրին: Դա անցյալում է:

- Ի՞նչն է Ձեզ դուր գալիս կամ ի՞նչը դուր չի գալիս մեր օրերում:

- Օ, ես այնքան բանից եմ դժգոհ: Ես երգ եմ գրել այդ մասին, որը կձայնագրեմ իմ հաջորդ ալբոմի համար: Այն կոչվում է՝ «Մենք Ժամանակ ենք ապրում»: Ես նշում եմ բռնությունները, մարդկային արժեքների կորուստը, ամեն ինչի վաճառքը, սոցիալական ցանցերի վախկոտությունը, որտեղ կարելի է թաքնվել և ամբողջ աշխարհի մասին վատ խոսել: Էլ չասած շատ գռեհիկ, սակայն լավ գովազդվող հեռուստաշոուների մասին:

- Բոբ Դիլանը, ով հիացած է Ձեզանով, Նոբելյան մրցանակ է ստացել: Դուք նախանձու՞մ եք:

- Ոչ, ես երջանիկ եմ նրա համար: Ինձ դա պետք չէ: Ես տանն արդեն ունեմ Նոբելյան մրցանակ. Դա իմ կինն է: Նա շվեդուհի է:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Լրահոս
«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը» Զքեզ աղաչեմք Նոր գիրք՝ «Թումանյանի զավակները» մատենաշարից Եգիպտոսում 4400 տարեկան դամբարանում հայտնաբերվել է 45 քանդակ Ասուլիսի փոխարեն կամ դե ֆակտո եւ դե յուրե Հայաստանի կողմից ներկայացված «Սպիտակ» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում Ես թողել էի․ Համո Սահյան Հրաչ Մելիք-Սարգսյան - Պատճառաբանված խոստովանություն Մկրտիչ Սարգսյանը հուշերում․․․ Մեղա՜ Քեզ Տեր, մեղա՜, քանզի խախտեցի Քո պատվիրանները «Բոհեմ» թատրոնի Ամանորի անակնկալը Հայաստանի նկարիչների միությունը հրապարակել է ՀՆՄ նորընտիր վարչության 21 հոգանոց կազմը Սուրեն Սաֆարյանը դարձավ Նկարիչների միության նախագահ Ամենակալ Գուրգեն Մահարի․ Կարոտ Տաք ձյունը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ Հայ ուխտավորին «Ապրելու վճիռ» Գիվի Շահնազարի հոբելյանական երեկոն «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում Եկեղեցին Հայկական Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը Ժողովուրդը չի կարող ղեկավարել պետությունը. Հենրիկ Էդոյան Անապատի նկարիչը Մեր պատմիչները և մեր գուսանները Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի «Մարդի՛կ, ուշքի եկեք» Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում
website by Sargssyan