Հայ եկեղեցու յոթ սրբարար խորհուրդները․ Մկրտություն

Հայ եկեղեցու յոթ սրբարար խորհուրդները․ Մկրտություն

Ըստ առաքելական ավանդության՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունել է 7 սրբարար խորհուրդ. մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, հաղորդություն, ամուսնություն կամ պսակ, կարգ քահանայության կամ ձեռնադրություն և կարգ հիվանդաց (վերջին օծում):

«Խորհուրդ է ծածկելոց իրաց յայտնութիւն»,-ասում է սուրբ Գրիգոր Տաթևացին, այսինքն՝ այն, որ ծածկված է մարմնավոր տեսությունից, ներկայանում է մեզ իրական արտահայտությամբ: «Խորհուրդ» ասելով՝ հասկանում ենք խորհրդավոր՝ աստվածային մի բան, որը կարող ենք ընկալել միայն հոգևոր աչքերով, այսինքն՝ հավատով:

«Խորհուրդ» բառը թարգմանությունն է հունարեն «միսթերիոն» բառի, որը նշանակում է «ծածկված, թաքնված բան»: Սուրբ խորհուրդների միջոցով Եկեղեցին ներկայացնում է քրիստոնեական վարդապետության էությունը: Բոլոր խորհուրդները կատարվում են աղոթքով և մեզ տեսանելի են արտաքին զգալի նշաններով, բայց ներքին շնորհներն ու պարգևներն իմանալի են, անտեսանելի: Աստված այս սրբազան խորհուրդների մատակարարությունը հանձնեց հոգևորականներին: Ինքը՝ Քրիստոս, կատարելով քահանայապետության պաշտոնը, սրբազան խորհուրդի մատակարարությունն ավանդեց հատկապես առաքյալներին և 72 աշակերտներին, նրանք էլ՝ իրենց հետևորդներին: «Ով ընդունում է Սուրբ Խորհուրդները հավատքով ու երկյուղածությամբ, նա ստանում է աստվածային օրհնություն և շնորհ…» (Արշակ Տեր-Միքելյան):

Եկեղեցու առաջին և սրբարար խորհուրդը մկրտությունն է, որը հաստատեց Ինքը՝ Հիսուս Քրիստոս՝ մկրտվելով Հորդանանում, և ավանդեց առաքյալներին՝ ասելով. «Գնացե՛ք, այսուհետև աշակերտ դարձրեք բոլոր ազգերին. մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, ուսուցանեք նրանց պահել այն ամենը, ինչ որ պատվիրեցի ձեզ» (Մատթեոս ԻԸ 18-19): Մարդը մարմնավոր և հոգևոր էակ է. ինչպես մարմինն ունի իր ծնունդը, նույնպես և հոգին: Մինչև մարդը չծնվի ջրից և Հոգուց, չի կարող վայելել Աստծո արքայությունը. «Եթե մեկը վերստին չծնվի… ջրից և Հոգուց, չի կարող Աստծո արքայությունը մտնել: Որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի» (Հովհաննես Գ 3-6):

Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով: Քրիստոս Իր մարդեղությամբ, մկրտության սուրբ խորհրդի միջոցով, քարոզչությամբ, քավչական մահով և հարությամբ մարդուն ազատեց ադամական մեղքից. «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկոս ԺԳ 16): Մկրտվողն ընդունում է Սուրբ Հոգին, որդեգրվում Հայր Աստծուն և դառնում սրբված անդամ Քրիստոսի Եկեղեցու: Մեր եկեղեցին պահպանել է մկրտության նախնական ձևը, այն է՝ երեք անգամ ընկղմելը ջրի մեջ: Առաջին ընկղմումը նշանակում է Հիսուս Քրիստոսի մահը, երկրորդը՝ թաղումը, իսկ երրորդը՝ հարությունը: Այս գործողությամբ և աղոթքով թաղվում է հին մարդը, վերածնվում է նորը:

Մեծահասակների դեպքում ընկղմման փոխարեն պարզապես երեսի լվացում է տեղի ունենում: Առաքյալների ժամանակներից սովորություն է դարձել մկրտել մանուկներին, ինչպես Հին ուխտի մեջ ութօրյա թլպատությունն էր: Մանկամկրտության օրինակները բազում են Նոր կտակարանում: Բերենք մեկ օրինակ. «Լիդիա անունով աստվածավախ մի կին…մկրտվեց ինքը և իր տունը» (Գործք առաքելոց ԺԶ 14-15): Հայոց Եկեղեցին, հետևելով առաքելական կանոններին և ավանդություններին, ընդունել է մանուկների մկրտությունը: Չափահաս ու հասունացած մկրտվողից պահանջվում է հավատքի ճանաչողություն և փրկության գիտակցություն: Մանուկը մկրտվում է ծնողների հավատով: Մկրտությունն անկրկնելի խորհուրդ է, որովհետև նորից մկրտվել նշանակում է վերստին խաչել Քրիստոսին (տե՛ս Եբրայեցիներ Զ 4-6): «Մե՛կ տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն» (Եփեսացիներ Դ 5): Մկրտությամբ մարդն ունենում է իր պահապան հրեշտակը, որն Աստծու առջև մեր բարեխոսն է:

Մկրտությունից առաջ ընտրում ենք կնքահայր, ով անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ: Քահանան (երեք անգամ) հարցնում է կնքահորը. «Այս երախան (այսպես են կոչում չմկրտվածին) ի՞նչ է ցանկանում»: Կնքահայրը (երեք անգամ) պատասխանում է. «Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն» (Մաշտոց, «Կանոն Սուրբ Մկրտության»): Մկրտության համար արգելված օրեր չկան: Մկրտվել կարող են նաև հղի կանայք: Նրանց մկրտությունը պտղին չի վերաբերում:

Այսպիսով Քրիստոս մկրտվեց՝ ջախջախելով վիշապի (չարի) գլուխը, որը ջրում էր, ըստ Հոբի խոսքի (տե՛ս Հոբ ԽԱ 25), վերացրեց բոլոր պատուհասները՝ սանձելով ու խափանելով մահը, քանզի մկրտությամբ լուծարվեց մահվան խայթոցը, սրբեց ջուրը՝ այն դարձնելով կյանքի ու սրբության նյութ, բացեց երկինքը և հրավիրեց ամենքին մտնել և այն ժառանգել: «Չի կարող երկինք մտնել նա, ով եթե անգամ առաքինի է իր գործերով, բայց մկրտությամբ չի ստացել Սուրբ Հոգու կնիքը» (սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի): Մենք՝ Քրիստոսի հետևորդներս, մեղքերով հանդերձ ջուրն իջնելով՝ այնտեղից ելնում ենք արդարությամբ կենդանացած, քանզի «Մկրտությամբ թաղվեցինք նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով. որովհետև եթե նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաև նրա հարության նմանությամբ» (Հռոմեացիներ Զ 4-5):
(շարունակելի)

Պատրաստեց Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում