Քնանալ չի լինում

Քնանալ չի լինում

Քնանալ չի լինում էս գիշեր, սեր իմ։
Աստղերը գծել են հարդագողի
բոլոր ճանապարհներն
ու մենք էլի
չունենք ընտրություն
նոր համաստեղություններ հորինելու
կամ հների հետ հաշտվելու …
Քնանալ չի լինում, սեր իմ։
Ու հենց էսօր է, որ պիտի հարցնեմ վերևից՝
Ինչ օրեր են ընկնում լիալուսնի՝
մահիկից
լիալուսին դառնալու արանքում,
որ հաշվեմ իմ ու քո հանդիպումները…
Կոպերս հոգնել են, սեր իմ…
Իմ բառերի հետ էլ չեն հաշտվում մտքերս։
Պատուհանիս վրա չորացել են
Աշնան հետ սազող շնչահատիկներս,
որ բաշխել եմ ապակուն անցած գիշեր՝
անունդ պատուհանիցս
աշխարհին խնամքով նվիրելով։
Չի լինում, չէ, քնանալ չի լինում…
Դու էլ չկաս իմ տողերի արանքում,
որ վաճառվել են ինչ-որ գրքերի մեջ
կենտրոնական փողոցի մարդաշատ գրախանութում
ցերեկվա ժամի։
Ես քեզ պահել եմ իմ նոթատետրի մեջ՝ գիշերվա բաժին։
Ու հենց քեզնով է, որ քնանալ չի լինում։
Աշխարհն ինձ միշտ շռայլեց բոլորով,
բայց ես ինձ այնքան եմ ուզում զսպել քեզնով,
ու որովհետև իմ զսպության մեջ
մի քիչ էլ թաքուն հպարտություն կա՝ քեզ ունենալու,
ես էլ երբեք ոչ մեկի քիթը երկնքից չեմ պոկի՝ թե զսպվեն
կամ հպարտանան՝ մեկին ունենալով։
Քնանալ չի լինում, սեր, էլի ու էլի…
Երանի իմ ու քո երազները մի օր
խաչաձևեինք
ու
խաղաղվեին մեր սցենարներն անիրական դարձած ֆիլմերի։
Երանի էլ ոչ մի օր
քեզ չխեղդեմ
փողոցում պատահաբար տեսած
անցորդ-ծանոթների
հոսքի տակ
իմ մեջ
կոպերիս տակ…
Իմ սիրտն ինձ պետք եկած
ամեն բան
արդեն հուշել էր՝
քանի դու քնել էիր։
Ես գիշերն ամբողջ
բռնել էի թելը մտքերիս
ու հետները թրևում էի
քաղաքի մի ծայրից մյուսը։
Իսկ դու քնել էիր, սեր…
Իսկ դու սիրուն ես քնում, սեր…

Քնանալ չի լինում, էլի ու էլի…

Գայանե ԱՎԴԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում