Դերձակի դասը

Դերձակի դասը

Լինում է, չի լինում, մի կամակոր թագավոր է լինում։ Եվ մի օր սա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում է իր համար մի այնպիսի վերմակ կարել, որ համապատասխանի իր հասակին ոչ երկար լինի, ոչ կարճ։ Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը ճիշտ կատարել. բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս։

Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս։
Թագավորն ապրած կենա, ասում է նա,- ես քո ուզած վերմակր կկարեմ։ Ոչ երկար կլինի, ոչ կարճ։

Լա՛վ,- ասում է թագավորը,- իսկ եթե մի փոքր երկար կամ կարճ եղավ, իմացած լինես գլուխդ կտրել կտամ։

– Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա՝ գլուխս կտրիր։
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում։ Տանում է դնում թագավորի առաջ, իսկ փեշի տակ էլ մի ճիպոտ է պահած լինում։

– Թագավորն ապրած կենա,  ասում է դերձակը՝ գլուխ տալով,- քո ուզած վերմակը կարել եմ։ Տես, կհավանե՞ս։

– Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե ավել-պակաս է,- ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում է վրան։ Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտները լրիվ բաց են մնում։ Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին։ Թագավորն անմիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ։

– Թագավորն ապրած կենա,- ասում է դերձակը,- ոտքը իր վերմակի համեմատ պետք է մեկնի։

Կամակոր թագավորը, երբ լսում է դերձակի խելացի խորհուրն այլևս ոչինչ չի կարողանում ասել, նույնիսկ մեծամեծ նվերներ է տալիս իմաստուն դերձակին և ճանապարհ դնում։

Հայկական ժողովրդական հեքիաթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում