USD
EUR
RUB

Անբան Հուռին

 
 

Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի։

Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը դզի, մանի, գամ, տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին էլ, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են։ - Փե՛փել․․․ Կե՛կել․․․ Փե՛փել․․․ Կե՛կել․․․

- Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,- ձեն է տալի Անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք․․․

- Բե՛ր, բե՛ր, բե՛ր․․․

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը։

- Դե գզեց ե՛ք, մանեցե՚ք։ Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է, մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկոում են,

- Փե՛փել-Կեկել․․․ Փե՛փել-Կեկել․․․

- Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։

Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

- Վո՛ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ դզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․

-Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։

Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

- Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել, վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին։ Ասում է․

- Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում․․․ Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես․․․

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է․

- Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորքո՞ւրս որն է․․․

Զոքանչը թե․

- Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ դարձավ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի․ էն է լինում որ էն, արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan