Աշխարհի ամենափոքրիկ թագուհին

Աշխարհի ամենափոքրիկ թագուհին

Լինում է, չի լինում՝ վեց տարեկան մի աղջիկ է լինում, անունը՝ Սյուզաննա։

Սյուզաննայի մազերը ոսկեգույն էրն, աչքերը՝ հուլունքների նման պսպղուն, վիզը՝ կարապի վզի նման սլացիկ, գլուխը՝ հպարտ։

Մայրիկն ամեն երեկո Սյուզաննային քնելուց առաջ մի հեքիաթ էր պատմում։

Սյուզաննային բոլորից շատ դուր էին եկալ «Մոխրոտիկը», «Կարմիր Գլխարկը», «Հենզելն ու Գրետելը» և  «Եղեգնուհին»։ Այդ հեքիաթները Սյուզաննան լսել էր մի քանի անգամ, բայց որքան էլ մայրիկն էլի պատմեր՝ նա սիրով լսում էր, բոլորովին չէր ձանձրանում։

Մի օր էլ՝  Սյուզաննան լսում է մայրիկի պատմած հեքիաթը, լսում է , լսում ու քնում։ Քնում է ու երազ է տեսնում։ Շքեղազարդ պալատում, ոսկեզօծված բազկաթոռին նստել է Սյուզաննան՝ թագուհու մետաքսյա զգեստի մեջ, կոշիկները՝ Մոխրոտիկի կոշիկների նման փայլուն, թագը՝ Եղեգնուհու թագի նման ոսկեպատ։

Սյուզաննան բարձրանում է բազկաթոռին, կանգնում լայնարձակ սեղանի մեջտեղում և սկսում է աջ ու ձախ հրամաններ տալ։ 

Առաջին հրամանը նա տալիս է մայրիկին․

– Լսու՞մ ես, մայրիկ, այսօրվանից դու պալատի  ամենաառաջին դերձակուհին ես։ Ինձ համար անմիջապես կարիր պարահանդեսային զգեստ։

Մայրիկը շտապ չափուձև է անում ու Սյուզաննայի համար կարում ճերմակ շրջազգեստ՝ ոսկեգույն երիզներով ու կապույտ ծաղիկներով։

– Հրամանդ կատարված է, թագուհի, – ասում է մայրիկն ու հագցնում է նրան գեղեցիկ զգեստը։

Երկրորդ հրամանը արձակում է քույրիկին․

– Արմինե, ի՜նչ ես պարապ նստել, դու իմ դայակն ես։

Չե՞ս տեսնում դրսում սաստիկ ցուրտ է, փչելով ձեռքերս տաքացրու։

Արմինեն ափերի մեջ է առնում փոքրիկ թագուհու սիրունիկ ձեռքերն ու սկսում փչելով տաքացնել։ Այնքան է փչում, որ տաքացնում է մրսկան թագուհու ձեռքերը։ 

Թագուհին տաքանում է ու ասում․

– Շնորհակալ եմ, իսկ հիմա ազատ ես, գնա պալատի բակում խաղա։

Երրորդ հրամանն ուղղված է հայրիկին․

– Լսու՞մ ես, հայրիկ, թագավորական պալատի ավագ որսորդ։ Կայծակի արագությամբ սլացիր եդեմական պարտեզ, բռնիր Հազարան հավքը և բեր պալատ։ Ես ուզում եմ յոթ րոպե լսել նրա անուշիկ երգը։

Հայրիկը վերցնում է թռչնորսի ցանցը, կողքից կապում է թուրը՝ հրեշից պատշանվելու համար, նստում է հրեղեն Պեգասին ու սլանում դեպի եդեմական պարտեզ։

Սյուզաննան մինչև աչքերը փակում է ու բացում, նայում է պատուհանից դուրս, պալատի պարտեզի վարդենուն նստած է Հազարան հավքը։

Հզարան հավքը դայլայլում է, ու քաղցրիկ հնչյունները տարածվում են որջ պալատում։

Բոլորը զմայլված են կախարդական երգով։

– Շնորհակալ եմ, որսորդ, – երգից հետո ասում է թագուհին, – հրամանը գերազանց կատարելո համար վարձատրվում ես երեք ոսկով, և անունդ ոսկե տառերով գրվում է թագվորական պատվո մատյանում։

Ամենակարևոր հրամանը Սյուզաննան տալիս է վերջում։

Իր մոտ է կանչում մեծ եղբորն ու կտրուկ տոնով ասում․

– Լսիր, Արսեն, դու մեծ վեզիրն ես, աջ թիկնապահը։ Շատ արագ հրեղեն ձի կանչիր, որը մեկ ժամում ինձ Երևանից կհասցնի Բաղդադ, Բաղդադից՝ Փարիզ, Փարիզից՝ Մադրիդ, Մադրիդից՝ նորից Երևան։

Դեռ խոսքը չավարտած՝ պալատի առջևում կանգնում է հրեղեն նժույգը՝ ոսկե թամբը մեջքին, արծաթազօծ սանձը բերանում։ Թագուհին մի ակնթարթում թռչում է ձիու մեջքին ու անհետանում ամպերի մեջ։

Ձին մի քանի րոպեից Սյուզաննայի հասցնում է Բաղդադ, իջեցնում ուղիղ «Ալի Բաբան և քառասուն ավազակները» արձանի մոտ։ Սյուզաննան հմայված նայում է փողոցով անացնող, չալմայով փաթաթված տղամարդկանց, չադրայով երեսները ծածկած կանանց, նայում է հենց մայթերին վաճառվող բանանի, նարնջի ու անանասի բլուրներին, ամեն մեկից մի-մի հատ համտես անում, հեծնում ձին ու սլանում Փարիզ։

Փարիզում նրան ամենից շատ զարմացնում է Էֆելյան աշտարակը, որի բարձունքից նա պարզ տեսնում է հսկա քաղաքի համայնապատկերը, Սենայում զբոսնող նավակները, խանութների ցուցափեղկերին վառվող- հանգչող  ազդալույսերը։

Սյուզանննան, ժամանակ չկորցնոլու համար, ուղիղ աշտարակի վերին աստիճանից իրեն նետում է ձիու մեջքին ու ճանապարհվում Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ։Մադրիդում նրան սպասվում էր մեծ անակնկալ՝ ցլամարտը։

Սյուզաննան վայրէջք է կատարում ցլամարտի լայն հրապարակում։ Ցլամարտիկը՝ ձախ ձեռքում բռնած կարմիր պաստառը, աջում՝ սրերը, ճարպկորեն շրջանցում է կատաղած ցուլին։ Վիրավոր ցուլը ծառս է լինում, սրածայր եղջյուրներով մխրճվում է կարմիր պաստառի մեջ, ու նույն պահին սուրը խրվում է նրա մեջքին։ Հրապարակում թնդում են ծափահարությունները։

Տեսարանը զարհուրելի է․ Սյուզաննան խղճում է ցուլին ու տխուր հրամայում հրեղեն ձիուն․

– Հեռանանք այստեղից, ինձ իսկույն հասցրու Երևան։

Ցլամարտի տեսարանից սարսափած՝ Սյուզանննան վեր է թռչում, բացում աչքերը, նայում շուրջը․ տանը ամեն մեկն զբաղված էր իր գործով։

Մեծ եղբայրը, որ օդաչու է, շտապում էր օդանավակայան։

Ինժիներ հայրիկը պատրաստվում է գնալ գործարան։

Քույրիկը թեյում է, որ դպրոցի զանգից չուշանա, իսկ մայրիկը, որ ուսուցչուհի է հարևան սենյակից մեղմ նախատելով կանչում է․

– Սյուզաննա, այ Սյուզաննա, բավական է քնես, շուտ հագնվիր, նախաճաշիր, որ մանկապարտեզից չուշանաս։

Սյուզաննան տրորում է աչքերն ու ափսոսանքով ասում․
– Մայրիկ, գիտե՞ս, որ ես թագուհի էի դարձել։ Ես հրեղեն ձիով շրջեցի բաղդադում, Փարիզում, Մադրիդում։ Այնքա՜ն լավ էր, մայրիկ։

– Դու միշտ էլ ինձ համար թագուհի ես, աղջիկս, աշխարհի ամենափոքրիկ թագուհին։

«Աշխարհի ամենափոքրիկ թագուհին», – Սյուզաննան անվերջ կրկնում էր մանկապարտեզի ճանապարհին։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում