Մելքիսեդեկի կոչումը․ Ամբողջ մի կյանք ծառայություն

Մելքիսեդեկի կոչումը․
Ամբողջ մի կյանք ծառայություն

Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը 18 տարի իր քահանայական ծառայությունն է բերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Նա 2004 թ. Նորք-Մարաշ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է: Տեր հոր համոզմամբ քահանայությունը դժվար, պարտավորեցնող, բայց նաև երանելի ծառայություն է, քանզի հոգևորականը դառնում է Քրիստոսի առաքելության շարունակողը:

Ավտոէլեկտրիկի մասնագիտություն ընտրած ապագա հոգևորականը

Փոքր հասակից տատիկս մեզ միշտ տանում էր տարբեր սրբատեղիներ: Հաճախ մեզ պարտադրում էին համբուրել եկեղեցու կամ մատուռի դուռը, պատերը և խաչքարերը: Երեխա էինք, ինչ ասում էին, անում էինք` ուրախանալով, ծիծաղելով, տատիկի ձևերը կրկնելով. դրանով մեր մեջ սեր, խոնարհում ու հարգանք սերմանվեց դեպի եկեղեցին:

Դպրոցն ավարտելուց հետո պիտի որևէ բուհ ընդունվեի: Սկզբում ուղղությունը պոլիտեխնիկական կրթությունն էր, որովհետև շատ մեծ սեր ունեի և ունեմ տեխնիկայի, շինարարության, էլեկտրականության, ավտոմեքենաների նկատմամբ: Շատ ժամանակ քահանայությանը զուգահեռ իմ տան համար այլ գործեր եմ անում՝ զոդում, շինարարություն, պատ շարել, տանիք կապել և այլն: Հայրս արհեստավոր էր, քեռիս՝ էլեկտրիկ, նրանցից շատ բան եմ սովորել: Պապս երկար տարիներ խառատ է եղել, ամռան արձակուրդներին նրա հետ գնում էի աշխատելու: Ճեմարանական տարիներին ավելի հմուտ դարձա, քանի որ Վազգենյան դպրանոցում շինարարական աշխատանքներ էին ընթանում: Ճեմարան ընդունվելու հարցում ինձ բարի օրինակ եղավ պապիկիս եղբոր տղան, որը քահանա է: Նրա գեղեցիկ կեցվածքը, խոսքը և վարվելակերպն ինձ շատ հոգեհարազատ էին: Մի զրույցի ընթացքում երբ հարցրեց, թե ավարտելուց հետո ինչով եմ զբաղվելու, ասացի, որ ավտոէլեկտրիկի մասնագիտություն կընտրեմ: Նա ինձ խորհուրդ տվեց ընդունվել ճեմարան:

Հայոց հայրապետները՝ հոգևորականի իսկական օրինակ

Ճեմարան ընդունվեցի երջանկահիշատակ Վազգեն վեհափառի հայրապետության տարիներին: Նրա խոսքը ոգևորող էր: Միշտ ասում էր. «Հիշե՛ք, դուք մեր հոգևոր ֆիդայիներն եք, դո՛ւք պիտի պայքարեք»: Ներկայիս Վեհափառը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդն էր: Նա հիմնեց Վազգենյան դպրանոցը և գրեթե ամեն օր գալիս էր Սևան, ժամերով մինչև գիշեր զրուցում էինք: Այդ զրույցները մեզ համար շատ դաստիարակչական եղան: Մենք նաև ինչ-որ տեղ կոփվեցինք, հղկվեցինք ոչ այնքան առարկաներ սովորելու, որքան այս անմիջական կապի, շփումների, հարաբերությունների, խորհուրդ և խրատների միջոցով: Միշտ հիշում եմ՝ վեհափառն ասում էր՝ սրտացավ եղեք ամեն ինչի նկատմամբ: Օրինակ, կոտրված ապակու համար ծախսված գումարը կարող է բարիք գործելուն ծառայել:

Հայ եկեղեցու «ծանր հրետանին»

Վազգեն Առաջինը, Գարեգին Առաջինը և Գարեգին Երկրորդը սիրում էին ասել, որ քահանաները հայ եկեղեցու «ծանր հրետանին» են և «սահմանապահները»: Զորքը ինչո՞վ է հզոր. իր զինատեսակներով և, հատկապես, ծանր հրետանիով, որից թշնամին սարսափում է: Այս խոսքերը ոգևորող էին, որովհետեւ մեզ վստահում էին, եկեղեցին մեզնից սպասելիք ուներ, և մենք, Տիրոջ ողորմությամբ, կարող ենք ինչ-որ բան անել:

Ձեռնադրվեցի 1999-ի սեպտեմբերին: Անդրանիկ Պատարագը մատուցեցի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ առաջին քայլերս էի արել, առաջին անգամ շապիկ հագել:

Ձեռնադրության ընթացքում ամենահետաքրքիր պահը ինձ համար անվանակոչությունն էր, երբ ձեռնադրող եպիսկոպոսը մյուռոնը քսելով ճակատիս՝ ասաց. «Օրհնեսցի եւ սրբեսցի ճակատս տեր Զաքարիա քահանայի»:

Հետևելով Քրիստոսի ճանապարհին

Շատ մեծ պատասխանատվություն է քահանայությունը: Այն նաև ծանր ծառայություն է: Մեզ ահռելի ուժ, հույս ու թեթևություն են տալիս մեր հոգևոր առաջնորդների գնահատականը, հավատավոր հոտի երախտագիտությունը և ի խորոց սրտի ասված շնորհակալությունը:

Քահանաներս մեր աչքի առաջ ունենք Քրիստոսի պատկերը, մեր հայրապետների և սրբերի անանձնական նվիրումն ու զոհաբերությունները, նաև՝ հոգևորականի տեսլականը, որը ուժ և զորություն էր տալիս:

Պատրաստեց Լուսինե ՂԱՐԻԲՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում