Ինչու է արագիլը կանգնում մի ոտքի վրա

Ինչու է արագիլը  կանգնում մի ոտքի վրա

Նոր տարվա օրը անտառի բացատում, մի փայտե տան մեջ մեծ հանդես է լինում։

Փայտփորիկը հեռագրով ու թմբուկի զարկով, առյուծի ու արծվի հրամանով հրավիրում է բոլոր կենդանիներին ու թռչուններին։

Հսկա տոնածառից քիչ հեռու կաղնու հաստ կոճղի վրա փռվել է թռչունների արքա ածիվը, իսկ դեղին տերևների վրա մեկնվել է կենդանիների արքա առյուծը։

Հերթով ներս են մտնում կենդանիները, թռչունները։

Դե, քանի որ Նոր տարի է, ու բոլորն արտասովոր ուրախության մեջ են, գալիս են հաշտ ու խաղաղ, թև թևի, հին վեճ ու թշնամությում մոռացած։ Չէ՞ որ Նոր տարին բերում է զվարճանք, կատակ, ծիծաղ ու հաշտություն։

Գալիս է աղվեսը՝ աքլորի հետ թևքնցուկ, նրանց հետևից էլ աղվեսի ձագերն ու հավը՝ իր ճուտիկներով։

Գառը, գայլի մեջքին բազմած, ուրախ-ուրախ արտասանում է ծանոթ ոտանավորը․

Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից,
Մեկ էլ մոտի ձորակից
Գայլն է կտրում վերևը՝
Խոսքին տալով էս ձևը․․․

– Դե, լավ, լավ, էլ չշարունակես, այսօր ուրախանալու օր է, – ասում է գայլը, – հինը մոռանանք ու բարեկամանանք։

Գալիս են շունն ու կատուն՝ ընկերացած, զվարթ ներկայացում տալով․

– ՈՒստեն ու՞ր ա,
Փափախս ու՞ր ա, – ասում է շունը։

– Ցուրտը տարա՞վ, վա՜հ, տնաշեն,
Չես թողանում, որ մի շունչ քաշեմ, – ծիծաղելով պատասխանում է կատուն։

Ժամանում է արջը․ մի թաթով տանձի կախան է բռնել, մյուս թաթի մեջ մեղրով լի կճուճ է։

Նվերները դնում է տոնածառի տակ ու թաթը մեկնում է առյուծին․

– Նոր տարիդ շնորհավոր, արքա, երկար տարիների կյանք ունենաս և շատ փորձանքներից հեռու մնաս։ Նմանապես լավ օրեր եմ ցանկանում քո կորյունին։

– Շնորհակալ եմ, նստիր, – մռնչում է առյուծը, – բայց մասնավոր նվերի կարիք չկար, զգուշացված է, որ ներկայանան առանց նվերների։

Ներս են մտնում եղնիկն ու վագրը՝ գնդակ խաղալով։

Վագրին տեսնելով՝ նապաստակը, վախեցած, ձեռքից վայր է գցում գազարը։

– Մի վախենա, մի վախենա, շլդիկ նապաստակ, չէ՞ որ այսօր Նոր տարի է, որոշել ենք մեկս մեկիս վնաս չտանք, – ասում է վագրը, – կարող ես մեզ հետ գնդակ խաղալ։

Գալիս է ուղտը, մեջքին կենգուրուն է նստած։

– Խեղճ ուղտը հեռու անապատից է գալիս,հոգնած կլինի, ցած իջիր, – հանդիմանում է կրիան։ 

– Ես էլ եմ հոգնել, ձագուկներիս տոպրակը լցած՝ վազել եմ սարերով ու ձորերով, վախենում եմ ուշանամ հանդեսից, – արդարանում է կենգուրուն։

– Եթե ուշանալու հարց լինի՝ ես պիտի անհանգստանամ, որ դանդաղ եմ գնում, – ասում է կրիան։ – Իսկ ես հույս ունեմ, որ ժամանակին կհասնեմ, դեռ երկու ժամ կա Նոր տարուց։

Գալիս են բազեն ու աղավնին կտուց կտցի՝ երգելով։

– Ի՜նչ լավ կլինի՝ ամբողջ տարին բոլոր թռչուններն ու կենդանիները խաղաղ ու հաշտ ապրեն, – նրանց տեսնելով ասում է փոքրիկ ճնճղուկը, որ զարմացել էր բազեի բարության վրա։

Հանդես գալու ճանապարհին ոզնուն հանդիպում է օձը։

– Ինձ էլ տար քեզ հետ, – ասում է օձը, – չէ՞ որ այօր բոլորս պիտի հաշտ լինենք։

– Դու բացառություն ես կազմում, օձ, – ասում է ոզնին։ – Միայն դու չպետք է մասնակցես Նոր տարվա հանդեսին։

Եվ օձը մնում է քարերի մեջ սառած-մեկնված։

Վերջում ծանր-ծանր ժամանում է փիղը, նրա մեջքին խաղալիքներով ու ուտելիքներով լի երկու հսկա պարկ կա։

Երբ հավաքվում են բոլոր գազաններն ու թռչունները, առյուծն ու արծիվը նշան են անում, և սկսվում է Նոր տարվա ուրախ հանդեսը։ Նրանք երկար ժամանակ շուրջպար են բռնում տոնածառի շուրջը, երգում, ուտում, խմում ու հոգնած փռվում են հենց տոնածառի տակ, ով ինչպես կարողանում է, հարմարվում է, քնում։

Ներկաներից ոչ մեկը, սակայն, չի զգում, որ հանդեսին չի հասել մի թռչուն՝ արագիլը։

Իսկ արգիլը պիտի ժամաներ շատ հեռվից, տաք Հնդկաստանից։

Ինչու՞ ուշացավ արագիլը։ Հրավերն ստանալուն պես արագիլը սկսեց պատրաստություն տեսնել։ Բայց ճանապարհը անչափ հեռու էր։ Հնդկաստանից Հայաստան հասնելու համար նա պետք է նավով կտրեր Հնդկական օվկիանոը, հետո ճանպարհի մի մասն անցներ գնացքով, ապա՝ ինքնաթիռով։

Մի քիչ էլ մեղավոր էր ժամացույցը, քանի որ Հնդկաստանում և Հայաստանում մի քանի ժամվա տարբերություն կա, իսկ արագիլը խառնել էր ժամերը։ Եթե դրան էլ ավելացնենք, որ ինքնաթիռը մի տեղ կորավ ամպերի մեջ, ու քիչ մնաց՝ արագիլը վթարի ենթարկվեր․․․ Լավ է՝ ամեն ինչ հաջող վերջացավ։

Երկար տառապանքից հետո, երբ արագիլը հասավ անտառի բացատ, արդեն լուսադեմ էր, մոտավորապես ժամը վեցը, ոչ մութ էր, ոչ լույս։
Արագիլը ծեծեց տնակի դուռը ։ Ո՞վ պիտի լսեր կամ բացեր դուռը․ բոլորը հոգնած, խոր քնած էին։

Տաք երկրին սովոր արագիլը երկա՜ր-երկա՜ր, ժամերով մնաց սառնամանիքի ու ձյան մեջ։

Ոտքերը սառեցին, ու սկսեց կանգնել մեկ աջ, մեկ՝ ձախ ոտքի վրա․․․

Այդ օրվանից էլ արագիլները սովորություն ունեն  կանգնել մի ոտքի վրա։ Իսկ երբ մոտենում է աշունը, արագիլները չվում են տաք երկրներ, որովհետև շատ են վախենում սառնամանիքից, ցրտից։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում