USD
EUR
RUB

Արյան կանչը

Վարդուհին յոթ տարեկան էր, երբ նրա մայր Նոյեմը ծանր հիվանդացավ ու մահացավ։ Վարդուհու մանկության հուշերը ցավոտ են, մանկական տառապանքով լեցուն։ Որն էլ հիշում է, դառը նստվածքը գալիս դեմ է առնում արցունքից շաղվող աչքերին։ Ճիշտ է, փոքր էր, բայց երեխայի սուր հիշողությունը մտապահեց ամեն ինչ, նույնիսկ գոհ կլիներ, եթե չհիշեր, բայց երբեմն հուշն էլ բարիք է, կյանքը լեցուն է տխրությամբ և ուրախությամբ, լավով ու վատով։

Կյանք է։

Մոր մահից մեկ տարի անց հայրը նոր կին բերեց։ Հայրը կնոջը բերել էր, ինքը դուրսը խաղում, տրտինգ էր տալիս, հարևան կանայք տխուր հայացքներ փոխանակելով իրար էին նայում, ինքը կարծում էր սիրուն աղջիկ է կամ էլ լավ է խաղում, դրա համար է այդպես ուշադրության կենտրոնում հայտնվել։ Տատն ու պապը այն ժամանակ կային։ Պապը դռան առաջ նստած մնաց, մինչև մութն ընկավ։ Նա ծանրաբարո մարդ էր, սուս ու փուս ու չարտահայտվող։ Իրեն էլ առանձնակի վերաբերմունքի չէին արժանացնում։ Ինքն ավելի շատ տատի հետ էր կապված։ Սենյակը տաք էր, գարնան արևը խոնավ սենյակը չէր հասցրել ջերմացնել, վառարանը դեռ չէին հանել։ Սեղանի շուրջ մի քանի տղամարդ հոր հետ բաժակ-բաժակի էին խփում, խաղաղ, ցածրաձայն զրուցում։ Պապն անտրամադիր նստեց թախտին։ 

- Այ հեր, ինչի՞ մի թաս չես խմում։

Պապը չպատասխանեց։ Ինչ-որ բանից դժգոհ էր երևում, լեզվի տակ բան կար, ուրիշների մոտ չէր ուզում ասել։ Տատը դուրս եկավ կողքի սենյակից, գրկեց իրեն, նստեց պապի մոտ։ Վարդուհին, պապան ու տատը նայում էին, թե ոնց են տղամարդիկ առանց առանձնակի տխրության քեֆ անում, հետո հայրը շրջվեց կողքի սենյակի կողմն ու կանչեց․ «Ծովիկ, դուրս արի, աղջկաս հետ ծանոթացիր, ի՞նչ ես անում այդտեղ»։ Վարդուհին զարմացած հորն էր նայում, այդպիսի անունով աղջկա չէր ճանաչում։Սենյակից դուրս եկավ երկու հյուսերով, բարալիկ, հմայիչ-մանկական, հմայիչ-կանացի, հմայիչ-եղնիկի դեմքով մի աղջիկ։ Իսկական իրենց հարևանի Արևիկը։ Նրա բոյին, նրա նման վայրենի, համարյա երեխա։ Եկավ կանգնեց սեղանի մոտ, չգիտեր որ կողմը գնա, մնա սեղանի մո՞տ, թե մոտենա տատին ու պապին։

- Նստիր մեր կողքին, այս մի բաժակն էլ քեզ։

Հայրը երկու բաժակ էր լցրեց, տվեց պապի ու տատի ձեռքը։

- Դե, հիմա ծնողավարի օրհնեք իմ ու Ծովիկի պսակը։

Վարդուհին շշմած ու զարմացած, պինդ բռնեց տատի ձեռքը։ Նա դեռ չէր մոռացել մորը՝ երկար, մեջքից ցած հեղեղի պես թափվող մազերով գեղեցկուհուն։ Հրե աչերով, թուխ ծամերով, բոլորին գերող ու աննման Նոյեմին։ Վարդուհին գիշերները միշտ նրա հետ էր, նրա գրկում, նրա գերող հմայքի հետ և ցերեկները երբեմն մոռանում էր, մորը գիշերը երազու՞մ է տեսել, թե ցերեկն իր կողքին է եղել։ Մայրը տասնհինգ տարեկանում էր ամուսնացել, հորից տասը տարով էր փոքր, ուրեմն այն ժամանակ քսան-քսաներկու տարեկան էր։ Քսաներկու տարեկանում իր մայր Նոյեմը թողեց այս աշխարհը, բայց ոչ իրեն։ Նա միշտ իր հետ էր և այդպես էլ ողջ կյանքում գիշերները երազներով ուժ ու ներշնչանք էր տալիս աղջկան, սիրում ու մխիթարում էր, Վարդուհին ցերեկները համարյա նրա բացակայությունը չէր զգում։ Եվ ահա հայրը կին է բերել, նոր կին։

- Հայրիկ, բա Նոյեմը։

Հարցն անձայն էր, առանց պատասխանի ակնկալիքի։ Նրա հոգին ներսում չանգռում էր հոգու տան պատերը, խղճում էր մոռացված Նոյեմին, անարդար էր գտնում հոր արածը։ Նրա համար մայրը միշտ կենդանի էր, միշտ իր կողքին։

Ծովիկը տասնչորս տարեկան էր, իրենից ընդամենը յոթ-ութ տարով էր մեծ և ոչ մեկին ծիծաղելի չէր թվում, երբ նրանց գտնում էին երկուսով գետնին փռված կարպետի կտորից կարված տիկնիկով խաղալիս։ Վարդուհին Ծովիկին որպես մայր չընդունեց, նա իր մի փոքր փորձառու ընկերուհին էր, բայց էլի երեխա էր, ինչ կյանք էր ապրել, որ փորձ ունենար։

Մայր տեսած ու կորցրած երեխայի մեջ մոր կարոտը մխում է անվերջ։ Այն սրտամաշ ու անհաղթահարելի զգացում է։ Եվ կյանքի հոսքի մեջ ամեն մի պահի մայր բառը հնչելիս նախկին երեխայի սիրտը վեր է թռչելու նրան տեսնելու փափագից, որ տարիքում էլ մայրը հեռացած լինի այս կյանքից։ Առավել ևս Նոյեմի սերը, որ ծփում ու ծփում էր Վարդուհու մեջ։ Միշտ մտածում էր՝ տեսնես հայրը մոռացե՞լ է նրան, բոլորովին չի՞ հիշում, երբ իրեն ստիպում է Ծովիկին մայր ասել։ Վարդուհին Ծովիկին երբեք մայր չկանչեց։
Նոյեմը չեր թողնում, նրա անտեսանելի ներկայությունը խանգարում էր, այլապես հայրն այդպես խոժոռ չէր նայի իր վրա։ Նրա խոժոռությունն իր նկատմամբ միշտ մնաց։ Գուցե հայրն ինքն իրեն էր ուզում հանգստացնել, միամտորեն կարծելով, որ եթե Վարդուհին Ծովիկին մայր ասեր, դադարելու էր որբ լինելուց։

Հայրը փակ մարդ էր։ Վարդուհին չգիտեր, չէր ճանաչում նրան։ 

Չէր զգացել նրա սերը ոչ միայն իր, այլև մյուսների նկատմամբ։ Բայց մահից հետո երազներում շատ էր տեսնաում։ Ինքն ու նա  երազներում միշտ մենակ էին, Ծովիկն ու երեխաները չկային։ Հայրը գուցե նրա նկատմամբ չարտահայտված սերը հետմահու էր վերադարձնում, հատուկ ուշադրթույան էր արժանացնում իրեն։

Ծնողի սերը գանձ է, և եթե այդ գանձին մարդ տեր չի կանգնում, ուրեմն ոչ մի գանձի տեր չի դառնա։ Ծնողն այն մարդն է, որ մարդ արարածի հետ է լինում ծննդյան օրից մինչև կյանքի վերջին վայրկյանը և դրանից էլ անդին։ Վարդուհին քեն չպահեց հոր նկատմամբ, բայց իր հավերժ սերը Նոյեմն էր, այն շատ ուժեղ էր և փոխանցվեց իր ժառանգներին։ Մոր կողմից արյան կանչը զորեղ էր։

«Քո տատ Նոյեմն ասում էր․․․»․ երեխան ուշադիր լսում էր, թե ինչ էր ասում իր տատ Նոյեմը, հետո ուզում էր տեսնել նրա նկարը, իսկ Նոյեմը նկար չուներ։ Ժամանակներն էին այդպիսին, ոչ մի հետք չէր թողել։ Չէ, հետքը կար, Վարդուհու սրտի մեջ էր, բայց երեխային երևացողն էր պետք, տեսանելին։

- Առանց նկարի ո՞նց ճանաչեմ, այ մամա։

- Սրտիս մեջն է, բալա, սրտիս մեջ նայիր։

- Սրտիդ մեջը չի երևում, ես նրա դեմքն եմ ուզում տեսնել, - երեխան բռնկվում է նա իսկապես զգում է տատի կարիքը, պապին տեսել է նկարով, դուրն է եկել։

Երեխան՝ Նոյեմի թոռը, էլի աղջիկ, սիրում է ազգակցական կապերը քրքրել, սիրում է ժառանգական աստղոտ բավիղների մեջ ծաղիկներ փնջել։ Նոյեմն ամենագեղեցիկ ծաղիկն է, վարդ է կամ մանուշակ։ Երկուսն էլ բուրումնավետ են, մաքրող ու մաքրագործող։  Եվ Նոյեմ տատի հուշը թոռնիկին անվերջ ինքնազուլալման, մաքրման ու կատարելության է մղում։ Լինում են այդպիսի մարդիկ, որ չգիտեն էլ իրենց արած գործն ինչ մեծություն ունի։ Որ իրենց սերունդների մեջ կրակի մաքրող ու զտող գործ են անում, իրենց հուշով ու հիշատակով անհասանելի, անպարագիծ ու չափումից դուրս իրենց անէությունից աշխատում ու բարին են սերմանում իրենց սերունդների հոգիներում։

Նոյեմ տատ, լսու՞մ ես, քո շառավիղը քեզ ձայն է տալիս, թող օրհնի Արարիչը սերունդներիդ։ Նոյեմ տատ, այդ ի՞նչ լույս ես ուղարկել զավակներիդ, որ նրանց մեջ շողում են և երախտիքի խոսքերով քեզ հիշելով կանչում՝ դրախտիդ վայելքի մեջ լույսիդ պատառիկը մեզ է հասել, մեր սրտերը նրանով ծաղկում ու պտուղ են տալիս։

Նոյեմ տատ, թող հավերժում երկարի քո երկրային կարճ կյանքը։

Լիլիթ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Լրահոս
«Թաբոր լեռան վրայ» Պյոտր Սվիտալսկի․ «Սարյանը Հայաստանի այցեքարտն է Եվրոպայում» Freedom House. «Ազատությունն աշխարհում-2018». Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են, Ադրբեջանը՝ ոչ ազատ Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը Ռուբեն Սևակ․ Դուն Հրաշքն ես Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ապագա նախագահի մասին․ «Նա պետք է վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին ՈՒրիշ ձկներ են ջրում Սոս Ջանիբեկյանը, Մաց Լանգբական, Տատյանա Սպիվակովան ու Նաիրա Զաքարյանը՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմում Քելե, քելե Սարկավագուհիների ավանդույթի վերականգման հարցում պետք է զգույշ լինել. Վահրամ քահանա Մելիքյան Արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնրավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում Էլ իմաստ չունի... Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը Նախանձի մասին (բարոյախրատական պատում) Դեպի բանակ ճանապարհը անցնում է եկեղեցով Շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս․ Տիգրան Վիրաբյանի գրառումը Երաժշտական դեգերումներ՝ Դանիել Երաժիշտի հետ Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն Ամեն ինչ խաղ է: Ես դուրս մնացի խաղից Մարդու իմաստությունը ինչո՞ւ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին Նապաստակն ու դերձակները Պատրանք Հայկական գինու երեկո Մինսկում Կյանքը մահվան շեմին Մարդ Հույս «Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր» Ցուցահանդեսում որպես Մոդիլիանիի աշխատանք ներկայացված 20 գեղանկար կեղծ է ճանաչվել Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը. հունվարի 13-ին Օպերային թատրոնը 2018-ի խաղաշրջանը կբացի փետրվարի 4-ին՝ «Անուշ» օպերայով Ես դրսում ո՛չ ապրելու, ո՛չ էլ բնակարան ձեռքբերելու նպատակ չունեմ. Ավետ Բարսեղյանը Հայաստանում նոր գործ է պատրաստում Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը Ինչու Ռուզան Վիթը չի վերադառնում թատրոն Արյան կանչը «Մեծապատիվ մուրացկաններ»․ ռեժիսորը և ժամանակը
website by Sargssyan