ՈՒրիշ ձկներ են ջրում

ՈՒրիշ ձկներ են ջրում

ՈՒրիշ ձկներ են ջրում,
Ուրիշ ջրով են ջրում
Սիրած մարգերս։
Ուրիշ հավքեր են թռչում,
Ուրիշ ցողեր են թրջում
Հոգնած ոտքերս։
Ուրիշ աչքեր են լալիս,
Ուրիշ ձեռքեր են գալիս
Սեղմում ձեռքերս։
Ուրիշ լավեր են քայլում,
Ուրիշ ցավեր են այրում
Ուրիշ վերքերս։
Ուրիշ մամուռ է քարին,
Ուրիշ ամպեր են սարին,
Ո՞ւր են ամպերս։
Ուրիշ մեղքեր եմ քաշում,
Ուրիշ հոգսեր եմ մաշում,
Ուրիշ է բեռս։
Ուրիշ ակներ են բացվել,
Ուրիշ աշխարհ են անցել
Ծանոթ ակներս։
Իմ տարեկից աշխարհից
Լոկ սարերս են մնացել
Ու քարափներս։
Քանի մահի եմ վկա,
Ո՞ւր է կորել ու չկա
Ծույլ Գաբրիելս։
Ետ դառնալու ճար կա՞ որ,
Տեսնես ո՞ւմ էր հարկավոր
Այսքան ապրելս։

Համո ՍԱՀՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում