USD
EUR
RUB

Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին

 
 

Տեղական իշխանությունները հաճախ խոչընդոտում էին կառավարության դրական քայլերին: Այդ հանդիպումից մի քանի օր հետո Վաղարշապատի գավառի հեղկոմի նախագահ Ա. Շահգելդյանը կարգադրեց վանքապատկան բոլոր այգիները աճուրդով տալ ցանկացողներին: Ա. Մյասնիկյանը ներքին գործերի ժողկոմ Պ. Մակինցյանին հանձնարարեց զբաղվել Էջմիածնի վանքին առնչվող հարցերով: Պ. Մակինցյանը Վաղարշապատի, Աշտարակի և Օշականի շրջանների հեղկոմներին հորդորեց «խուսափել վանքապատկան հողերի ու այգիների վերաբերությամբ կարգադրություններ անելուց»:

Սակայն Ա. Շահգելդյանը ոչ միայն չանսաց այդ խելամիտ առաջարկին, այլև բռնագրավել տվեց նաև Էջմիածնի վանքի ջրաղացները: Ինչպես իրավացիորեն նշում է Խորեն արքեպիսկոպոսը, Հայաստանի կառավարության անդամները, հաշվի առնելով ժողովրդի վրա եկեղեցու մեծ ազդեցությունը, «գիտակցաբար տրամադրություն են ցույց տալիս դեկրետներից շեղումներ կատարելու և որոշ զիջումներ անելու», մինչդեռ «նորաբույս կոմունիստներն իրենց ծայրահեղ ձախությամբ աշխատում են ցուցադրել իրենց», որի հետևանքով «կեդրոնի կարգադրությունը շրջաններում չի հարգվում և կատարվում»:

Եկեղեցու հանդեպ հանիրավի հարուցած հետապնդումները պայմանավորում էին կենտրոնի ուղենշած սկզբունքներով: Այս առումով ահեղ նախազգուշացում էր 1921 թ. օգոստոսի 9-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի պլենումում ընդունված հակակրոնական քարոզչության դրվածքի մասին որոշումը, որտեղ նշվեց, որ «կրոնական ասպարեզում կուսակցության ծրագիրը խախտելու և որևէ կրոնական պաշտամունքի հետ կապ ունենալու համար վտարվում են կուսակցությունից»:

Հայաստանի կառավարությունը եկեղեցու հանդեպ շարունակեց ցուցաբերել հանդուրժող վերաբերմունք: 1921 թ. հունիսի 12-ին կաթողիկոսը նամակով դիմեց Ա. Մյասնիկյանին՝ խնդրելով դրական ընթացք ցույց տալ եկեղեցուն հուզող խնդիրներին: Մի քանի օր հետո՝ հունիսի 19-ին Ա. Մյասնիկյանի ստորագրությամբ հրապարակված ժողկոմխորհի հրամանում ասվում էր, որ «Էջմիածնի վանքի և նախկին ճեմարանի պարիսպով շրջափակված, կուլտուր-լուսավորական գործին ծառայող շինությունները հարակից այգիներով (նախկին ճեմարանի շինությունը, մանկավարժական մուզեյը, դիտարանը, հիվանդանոցը, ննջարանը և տնտեսական պետքերին ծառայող բոլոր մանր շինությունները, նախկին ճեմարանի պարտեզում, Էջմիածնի նախկին մատենադարանի շենքը, պարիսպը, նոր հանրակացարանը, թանգարանը, այլև Հռիփսիմեի ու Զվարթնոց վանքերը հարակից շինություններով և այգիներով) հայտարարված են անձեռնմխելի և չեն կարող բռնագրավման կամ խտացման ենթարկվել պետական որևէ օրգանի կողմից, առանց լուսժողկոմատի գիտության համաձայնության»:

Կառավարությունը, հաշվի առնելով Էջմիածնի միաբանների բնակարանային ծանր պայմանները, կարգադրեց վերադարձնել նրանցից խլված բնակարանների մի մասը: 1921 թ. օգոստոսի 17-ին Խորեն արքեպիսկոպոսը տեսակցություն ունեցավ Ա. Մյասնիկյանի հետ, որը, ընդառաջելով նրա խնդրանքին, կարգադրեց Էջմիածին ուղարկել ներքին գործերի ժողկոմի տեղակալին՝ տեղում լուծելու Էջմիածնի միաբանությանն առնչվող հարցերը: Ի վերջո որոշվեց, որ «հետ այսու վանքապատկան հողերի վերաբերությամբ լիազոր ներկայացուցիչ է հանդիսանում վանական կառավարությունը»: Իսկ սեպտեմբերի 3-ին Գևորգ Ե կաթողիկոսին այցելեցին Արդարադատության ժողկոմ Ա. Կարինյանը և ներքին գործերի ժողկոմ Պ. Մակինցյանը, որոնք հավաստիացրեցին, որ Հայաստանի կառավարությունը որոշել է «վերացնել կառավարության ու էջմիածնի մեջ ստեղծված տարաձայնությունները` վերադարձնելով բոլոր այգիները և գալով որոշ համաձայնության մյուս հարցերի վերաբերմամբ»:

1921 թ. սեպտեմբերի 19-ին գումարված ՀԿ(բ)Կ Կենտկոմի նիստում որոշվեց Էջմիածնի վանքին զիջել ճեմարանի շենքը, թանգարանը, իսկ Մատենադարանը թողնել կառավարության իրավասության տակ: Որոշվեց ժողկոմխորհին առաջարկել… վանքապատկան հողերի մի մասը (100-200 դեսյատին) վարձակալության տալ վանքին և միաբանությանը հանձնարարել «կազմակերպել օրինակելի տնտեսություն, իսկ այգիներից վերադարձնել վեցը»:

Սակայն Էջմիածնի Մայր վանքի կացությունը անգամ իշխանությունների այսպիսի բարեհայեցողության պայմաններում շարունակում էր վատթարանալ: Հայոց կաթողիկոսը զրկված էր վանքի մերձակայքում գտնվող որևէ մենաստանում վանահայր, վարդապետ կամ եպիսկոպոս նշանակելու իրավունքից: Նա չէր կարող հյուրեր ընդունել, քանի որ Էջմիածնի վանքի հյուրատունը մնում է բռնագրավված: Վանքի էլեկտրակայանի բռնագրավման հետևանքով վեհարանն ու Մայր տաճարի հաստատությունները զրկված էին էլեկտրական լույսից: Ընդառաջելով Էջմիածնի վանքից ստացվող դիմումներին, 1921 թ. սեպտեմբերի 20-ին Հայաստանի ժողկոմխորհը քննության առավ վանքին առնչվող խնդիրները: Այդ նիստում նշվեց, որ Էջմիածնում կարելի է բացել աստվածաբանական դպրոց:

Թանգարանը թողնվում էր կաթողիկոսի իրավասության տակ, մատենադարանն ու տպարանը մնալու էին գիտական ինստիտուտին կից, հանրակացարանը և վանքի մյուս շենքերը՝ կառավարության նշանակած կոմիսարի հսկողության տակ: Մայր Տաճարի ներքին պարիսպների ներսում գտնվող մյուս շենքերը, Հռիփսիմեի, Գայանեի վանքերը հանձնվելու էին կաթողիկոսին: Նույն նիստում որոշվեց Էջմիածնի վանքին վերադարձնել բռնագրավված այգիներից վեցը, էլեկտրակայանը և վանքին հատկացնել 300 դեսյատին վարելահող: Էջմիածնի կաթողիկոսությանն իրավունք էր վերապահվում հարաբերության մեջ մտնել կառավարության հետ՝ ազատ մնալով տեղական իշխանությունների միջամտություններից:

Այսպիսով մասնակիորեն լուծվեց Էջմիածնին հուզող հողային հարցը, իբրև եկեղեցու գոյապահպանման հիմնական միջոց: Կենսահույզ այդ խնդիրը լիովին լուծելու համար անհրաժեշտ էր գործադրել պետական ազդու լծակներ, ինչը բացառվում էր: Եկեղեցին չէր կարող ապավինել պետության հովանավորությանը: 1921 թ. հոկտեմբերի 30-ին Գևորգ կաթողիկոսը շրջաբերական կոնդակով սփյուռքահայերին կոչ արեց նյութական օգնություն ցուցաբերել Խորհրդային Հայաստանին: Դրան հետևեց ցորենի, ալյուրի, դեղորայքի, դրամական միջոցների մեծ հոսքը դեպի Հայաստան:

1922 թ. հունիսի 10-ի կոնդակով կաթողիկոսը հորդորեց համայն հայությանը՝ սատար կանգնել Խորհրդային Հայաստանի կառավարությանը` «վերաշինվող նոր երկրի համար»:
Եկեղեցու հանդեպ ճնշումները շարունակվեցին նոր ուժով: Դրան խթանեցին 1922 թ. մարտի 15-ին Շույա քաղաքի եկեղեցու բակում վերջինիս թանկարժեք իրերի առգրավման պատճառով ժողովրդի ու զորքի միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով ծավալված միջոցառումները: Նույն թվականի մարտի 19-ին Վ. Ի. Լենինը ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոյին հղած հույժ գաղտնի նամակում նշեց, որ «…Այժմ, երբ սովահարված վայրերում ուտում են մարդկանց… մենք կարող ենք (ուստի և պարտավոր ենք) կատարել եկեղեցական արժեքների առգրավումը ամենաբուռն ու անողոք եռանդով, կանգ չառնելով ուզած դիմադրություն ճնշելու առջև… Որքան այդ առթիվ մեզ հաջողվի գնդակահարել մեծ թվով հետադեմ հոգևորականության և հետադեմ բուրժուազիայի ներկայացուցիչների, այնքան լավ: Անհրաժեշտ է հատկապես այժմ այնպիսի դաս տալ այդ հասարակությանը, որ նրանք մի քանի տասնամյակներ որևէ դիմադրության մասին չհամարձակվեն անգամ մտածել»:
(շարունակելի)

Վրեժ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Լրահոս
Մրցանակն այս անգամ Թուրքիայից էր ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար Մեր օպերայում նշանավորեցին դասական առաջին ազգային օպերայի ստեղծումը Ջենիֆեր Էնիսթոնը կխաղա ԱՄՆ առաջին կին նախագահի դերը Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին. երգահան Մասիս Առաքելեանը շուտով Հայաստանում կլինի Billboard. Էդ Շիրանն արժանացել է «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին Սիրո երգ․ Տիգրան Համասյան Սիրում եմ Հոգեգալուստ Եկեղեցական կյանք (18.05.2018) «Կրտսեր կոլեգաներս էլ մշակութային հեղափոխություն իրականացրեցին» Մերին Խաչատրյանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն թավջութակահարներ Մարտինը Արագիլը Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մեկնել է Արցախ Սոխակն ու գարունը Սև թիկնոց Պատվախնդիր կատուն Բողկն ու ելակը Երևան Կաղնին Արծիվը «Թափառող պատեր»-ը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Անքուն գիշերին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Գաղտնագիր հղումներ Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին․ «Դա սարսափելի քայլ էր» Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը Գա ու գնա Քիշնևից և Մինսկից հետո՝ նույն նպատակով Երևանում Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը Նոր հրատարակություններ Թողեք ճախրեն Հավքի երգը Լացող ուռենին Հայր մեր Արևոտ անձրև
website by Sargssyan