«Թաբոր լեռան վրայ»

«Թաբոր լեռան վրայ»

Հրաշափա՛ռ եւ զարմանագո՛րծ արարիչ Աստուած իմ Յիսուս Քրիստոս՝ բարի՛ քահանայապետ եւ կենդանութեա՛ն արմատ, լուսաւորեցիր մեզ Քո աստուածային պայծառ ճառագայթներով: Բայց մեր կեանքի թշնամին անդադար ընկղմում է մեզ։ Եւ ահա, ուշքի գալով եւ խոկալով՝ յիշեցի իմ բազմաթարախ ամբարշտութիւնները, թէ ինչպէս տարիներ շարունակ լցուեցի անասելի արիւնախառն թարախով, մանկութիւնից մինչ երիտասարդութիւն ինձ սննդակից եղան իմ եղեռնական չարիքներն ու սովորական յանցանքները եւ կամաց-կամաց, օրեցօր աճելով՝ վերածուեցին կատարեալ ամբարշտութեան գործերի:

Ըստ Դաւիթ մարգարէի խօսքի՝ «Մեղքերիս բեռները ծանրացան ինձ վրայ, անօրէնութիւններս գլխիցս վեր բարձրացան, եւ նեխեցին ու փտեցին հոգուս վէրքերը», եւ եռում են թարախի մէջ առիւծադէմ, աղուեսաբարոյ եւ շնակերպ նենգաւոր վիշապի տարատեսակ ու պէս-պէս խածուածքներն ու հարուածները, ինչպէս տիղմի մէջ վխտացող մանր որդեր: Եւ յուսահատութեան մայր բէեղզեբուղը կամենում էր բաժանել ու զատել իմ անձը բարի Ստեղծողիցդ, Աստուա՛ծ իմ Յիսուս Քրիստոս, բայց յոյսը, որ խոնարհուելով տուեցիր ինձ, գալով բռնեց իմ ձեռքից եւ անսպասելիօրէն վեր հանեց ինձ խոր խաւարից:

Եւ երբ բռնուեցի Բարի Որսորդիցդ, ելայ՝ փնտրելու Քեզ, եւ չգիտէի, թէ որտեղ ես, մինչեւ որ հոգելից Դաւիթ մարգարէն հասաւ ու բռնեց ինձ եւ ասաց. «Քո փնտրած Յոյսի անունով աբորն ու Հերմոնը պիտի ցնծան»՝ այսպէս ինձ մատնացոյց անելով Քեզ, անկարօ՛տ Աստուած իմ Յիսուս Քրիստոս, որ նուաստացար մարմնով ինձ համար: Եւ ահա, մտքով նստելով հողմերի թեւերին՝ շուտափոյթ հասայ Քեզ, Աստուա՛ծ իմ Յիսուս, աբոր սուրբ լեռան վրայ, Քո Հօր մօտ, Մովսէսի եւ Եղիայի միջեւ, քանզի թէպէտեւ Դու կարող ես նրբօրէն, աննիւթաբար արագ փախչել ստեղծուածների մտքից, բայց չես կարող փախչել իմ հոգու ձեռքից՝ ըստ իմ կարողութեան, որովհետեւ նախ՝ Դու ինձ որսացիր, երբ բնութեամբ անշփոթ կերպով միացար իմ մարդկային մարմնին: Եւ իմացայ, որ մեծ խորհրդի կատարման համար ելար աբոր լեռը եւ աշակերտներիդ էլ բարձրացրիր Քեզ հետ, որպէսզի տեսնեն Քո Հօր տնտեսներ Մովսէսին ու Եղիային եւ համբերութիւն սովորեն նրանցից, տեսնեն նաեւ սրբերի փառքը, որ շնորհելու ես նրանց Մեծ օրը եւ լսեն Հօր վկայութիւնը Քո մասին ու մարդկանց պատմեն Քո փառքը՝ քարոզելով, որ Դու ո՛չ Մովսէսն ես եւ ո՛չ էլ Եղիան, ինչպէս հրէաներն էին կարծում:

Եւ ահա ես, եղկելի անձովս հեռուից յոգնաբեկ հասնելով այստեղ, երեսս գետնին՝ ընկած եմ Քո առջեւ աբոր լեռան վրայ եւ երկրպագութեամբ հողն եմ լիզում՝ համբուրելով այն քարերը, որ Քո աստուածային գարշապարները տրորեցին։ Սրտիս խորքերից հեծում եմ անմռունչ հառաչանքներով ու բեկուած սրտով՝ ծածկուած մեծ ամօթով, եւ հայցում եմ Քեզանից, անոխակա՛լ Աստուած իմ Յիսուս Քրիստոս, հաշտուի՛ր իմ եղկելի անձի հետ Քո Հօր սոսկալի ձայնով, կանգնեցրո՛ւ ինձ իմ չարաչար գլորուած վիճակից եւ Քո Մօր, այնտեղ եղած առաքեալների ու մարգարէների բարեխօսութեամբ սրբի՛ր ինձ Աղբագոն իժ օձի մահացու թոյնից, որ նենգութեամբ հեղեց իմ անձի մէջ։ Աստուա՛ծ իմ Յիսուս Քրիստոս, ապաքինի՛ր հոգուս ցաւերը, իմաստութեամբ սպեղանի՛ դիր վէրքերիս վրայ եւ անհետացրո՛ւ վիշապի խայթոցները՝ փրկելով ինձ նրա պատրանքներից, քանզի Դու ողորմած եւ իմաստուն բժիշկ ես, որ փրկում ես չար աւազակների ձեռքն ընկածին։
Աստուա՛ծ իմ, խնայի՛ր ինձ եւ փրկի՛ր իմ անձը չարիմաց դեւերից, որոնց ձեռքն եմ մատնուած անօգնական ու ամօթահար կերպով, եւ որոնք, չարաչար գերելով ինձ, անդադար խոցում ու վիրաւորում են:

Աստուա՛ծ իմ Յիսուս Քրիստոս, որ մի փոքր նուազեցրիր Քո փառքից, որպէսզի զարդարես Քո սրբերին Մեծ օրը, եւ այդ կերպ փառքի մէջ ցոյց տուեցիր Մովսէսին ու Եղիային եւ որպէս անթերի Աստուած վկայուեցիր Հօր ու Նրա տնտեսների կողմից, որոնք Հօր հրամանով խաչի վրայ մահուան էին շտապեցնում Քեզ՝ յանուն Ադամի եւ նրա սերունդների, ցո՛յց տուր եղկելուս Քո ողորմութեան շնորհները, լուսաւորի՛ր խաւարեալ անձս եւ փրկի՛ր ինձ նենգաւոր դեւերի հնարքներից։ Ի՛մ հայրերի Աստուած, ների՛ր իմ զազրելի, թարախոտ, անառակ ու անպատմելի անօրէնութիւնները եւ սիրով հաստատի՛ր ողորմելուս Քո Հօր, Հոգու եւ Քո ճշմարիտ մարդեղութեան հաւատի մէջ։ Աստուա՛ծ իմ, Քո հաւատի եւ յոյսի վրայ բարձրացրո՛ւ ինձ այս խաւարամած աշխարհից եւ տա՛ր աւելի վեր, քան աբոր լեռն է՝ Երանելիների գաւառում գտնուող Սիոն լեռը, որտեղ Քո Հօր տնտեսներ Մովսէսն ու Եղիան են: Եւ Քեզ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Բայց, ավա՜ղ, վա՜յ իմ եղկելի անձին, քանզի բոլորից շատ լցուեցի սատանային սիրելի եւ Աստծուն ատելի չարիքներով, որոնցից թող մարդասէր Աստուած Իր շնորհով փրկի եւ ազատի մեզ, ձեզ ու բոլորին այժմ եւ սոսկալի ամօթի ու դառն տանջանքների Ահաւոր օրը՝ բարեխօսութեամբ բոլոր սրբերի, յատկապէս՝ սուրբ մարգարէներ Մովսէսի ու Եղիայի եւ Քո երեք աշակերտների, որ Քեզ հետ էին աբոր լեռան վրայ:
Եւ Քեզ փա՜ռք եւ օրհնութիւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Գրաբարից փոխադրեցին
Մարկոս քհն. ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ
Խաչեր քհն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Նշան քհն. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում