Պյոտր Սվիտալսկի․ «Սարյանը Հայաստանի այցեքարտն է Եվրոպայում»

Պյոտր Սվիտալսկի․ «Սարյանը Հայաստանի այցեքարտն է Եվրոպայում»

Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում հունվարի 17-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացավ ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իր համար մեծ պատիվ է Սարյան թանգարանում` ծրագրի փակման արարողությանը ներկա գտնվելը: Նրա ձեւակերպմամբ, միջոցառման ընտրության վայրը շատ խորհրդանշական է:

«Սարյանը հանդիսանում է Հայաստանի այցեքարտը Եվրոպայում»,-ասաց պարոն Սվիտալսկին, նաեւ շնորհակալություն հայտնեց ծրագրին ներգրաված Բրիտանական խորհրդի անձնակազմին, ծրագրում ներգրաված բոլոր մարդկանց:

«Հուսամ՚ ծրագիրը հաջողված է, եւ դուք օգուտներ քաղեցիք ծրագրից: Լիահույս եմ, որ այն շարունակական կլինի: Այն փաստը, որ ծրագիրն իրականացվում է Արեւելյան Գործընկերության տիրույթում, վկայում է այն մասին, որ մշակույթին ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Հուսամ, որ կապերը, որ ստեղծվել են ծրագրի շրջանակներում, օգտակար կլինեն կայուն կամուրջներ ստեղծելու համար»:

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարը ի հեճուկս հոռետեսների, նշեց, որ մշակույթը կարող է լինել շատ կարեւոր ուղղություն ԵՄ – Հայաստան համագործակցության համար, որովհետեւ մշակույթը Հայաստանի ուժեղ եւ կարեւոր կողմն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում