Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար․ «Միլիանավոր եվրոնոներ կուղղվեն մշակույթի ոլորտ»

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար․ «Միլիանավոր եվրոնոներ կուղղվեն մշակույթի ոլորտ»

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում հունվարի 17-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացավ ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Տիկին Սարիբեկյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել մշակութային եւ ստեղծարար ոլորտների աջակցությունը, ինչպես նաեւ նպաստել նրանց ներդրման մեծացմանը Հայաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում:

Ի դեպ, ծրագիրը կառավարում է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորող կոնսորցիումը՝ համագործակցելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի և Գյոթե ինստիտուտի հետ: «Միջոցառման վայրը Սարյանի տուն-թանգարանն ընտրելը շատ խորհրդանշական է, այստեղ զետեղված են հայ մեծ գեղանկարչի գործերը: Սարյանը կտավների միջոցով առաջ է տանում այն գաղափարը, որ արվեստը միայն իրականության արտացոլումը չէ, այն նաեւ պահանջում է երեւակայություն, ազատ մտքի արտահայտման հնարավորություն, ինչն անհրաժեշտ է նաեւ ստեղծարար ոլորտի զարգացման համար:

Մշակույթ եւ ստեղծարարություն ոլորտն այսօր շատ մեծ դեր ունի հասարակության կենսունակության բարձրացման, ինչպես նաեւ տարբեր երկրների մշակույթների մերձեցման, երկխոսության համար: Շատ մեծ է այս ոլորտի նշանակությունը տնտեսության զարգացման համար»,-նշեց Արեւիկ Սարիբեկյանը: Պյոտր Սվիտալսկին կարեւորեց ԵՄ-Հայաստան համագործակցությունը` շեշտելով, որ այս տարի Եվրոպական Միությունը նշելու է Եվրոպական ժառանգության տարին. «Մշակութային ժառանգության տարի է հայտարարված, եւ կարեւոր կլինի, որպեսզի շեշտադրվի, թե Հայաստանն ինչ ներդրում է ունեցել Եվրոպական մշակույթի եւ ժառանգության զարգացման գործում: Հուսով եմ, որ այս ծրագիրը մեծ նպաստ ունեցավ, որպեսզի Հայաստանը դառնա նաեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակիցը: Լիահույս եմ, որ այս տարի Հայաստանն ի վերջո կիրականացնի անհրաժեշտ ձեւակերպումները ծրագրի մասնակիցը դառնալու համար: Իմ համոզմամբ, ստեղծարարությունը Հայաստանի, հայկական ինքնության կարեւոր եւ ուժեղ կողմերից մեկն է»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ Եվրամիությունը պատրաստվում է միլիոններ ուղղել մշակույթի ոլորտ. «Ւնձ թվում է այդ միլիոնավոր եվրոներն իրենց նպատակին կծառայեն: Հայաստանը տաղանդների երկիր է: Վստահ ենք, որ այդ տաղանդները կգտնվեն ոչ միայն ստեղծարար, այլեւ երկրի տնտեսական զարգացման ոլորտներում»: Հայաստանում «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի ազգային համակարգող Նորայր Երզնկյանը ներկայացրեց բոլոր հաջողությունները, որոնք գրանցվել են ծրագրի իրականացման արդյունքում: Նա նշեց, որ ծրագրի կայքի ստեղծման պահից ունեցել են 600000 այցելու, ամեն օր կայքը թարմացվել է Արեւելյան Գործընկերության բոլոր երկրների լեզուներով, ծրագրի ընթացքում թարգմանվել եւ հայերեն է տպագրվել երկու գիրք, ավելի քան 6000 մարդ ստացել է տարբեր առցանց դասընթացները հաղթահարելու վկայական եւ այլն, իսկ հայ մասնագետներից Անուշ Բեղլոյանը նույնպես դասախոսական թիմի կազմում է ներգրաված եղել: Անդրադարձ եղավ նաեւ «Ստեղծարար քաղաքներ ու մարզեր» նախաձեռնությանը: Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով, «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագիրը փաստեց, որ աշխարհի եւ մասնավորապես Եվրոպայի հետ երկխոսելու գլխավոր լեզուն Հայաստանի համար մշակույթն, ինչ վերաբերում է ստեղծարարությանը, այն մշակույթի նոր տեսակի զարգացման ուժ է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում