Ռուբեն Սևակ․ Հոգիս

Ռուբեն Սևակ․ Հոգիս

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ’է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․

Ռուբեն ՍԵՎԱԿ

1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է:
Այդ երիտասարդը մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ հայտնի գրող Ռուբեն Սևակն էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում