Սուրբ Սարգիս զորավարի Անվան հետ կապված ՈՒխտատեղիները և սովորույթները

Սուրբ Սարգիս զորավարի Անվան հետ կապված
ՈՒխտատեղիները և սովորույթները

Սուրբ Սարգիս Զորավարը համարվում է համաքրիստոնեական մեծագույն սրբերից մեկը: Նրա անվան հետ են կապված բազմաթիվ սրբատեղիներ: Սուրբը հռչակվել է իբրև անհաղթ ռազմիկ` բարբարոսների դեմ մղած ճակատամարտերում, ինչպես նաև գթասիրտ քրիստոնյա՝ իր ինչքերը սիրահոժար աղքատներին բաշխող:

Ըստ ավանդության՝ Պարսկաստանում Շապուհի զորքերի մեջ էլ Սարգիսը բազում հրաշապատում գործեր է կատարել և շատերին դարձրել դեպի քրիստոնեություն: Այստեղ էլ մոգերի և մի շարք այլ մարդկանց կողմից նա մեղադրվել է պարսկական բանակում քրիստոնեություն տարածելու համար, որի համար Շապուհը նրան բանտարկել է:

Առաջարկել են, որ Սարգիսը կուռքերին երկրպագություն անի, ընդունի զրադաշտությունը որպես կրոն և ուրանա Հիսուսին: Բայց նա անսասան է մնացել իր հավատքի մեջ, որի համար գլխատել են նրան: Գլխատումից առաջ սուրբը աղոթք է բարձրացրել, որ ով իր անունով աղոթք անի, Աստված կկատարի այդ մարդու խնդրածը: Պարսից զորականներից 14 հոգի, որոնք ընդունել են քրիստոնեական հավատքը, վերցրել են սրբի մարմինը, կտավի մեջ փաթաթել, որպեսզի թաղեն: Շապուհի հրամանով սպանել են նաև այդ զորականներին:

Հավատավոր ժողովուրդը վերցրել է նահատակների և Սարգսի մարմինները և ամփոփել Համիան քաղաքում, որտեղից էլ Մեսրոպ Մաշտոցը սրբի մասունքները բերել է և ամփոփել Կարբի գավառի Ուշի գյուղում: Մաշտոցն այդ գյուղի բարձրադիր գոտում մասունքների հիմքի վրա եկեղեցի է կառուցել, որը շատ սիրելի ուխտատեղի է դարձել հավատավոր ժողովրդի համար: Ուխտի օրը յուրաքանչյուր ուշեցու տանը մեծ խնջույք է կազմակերպվում: Նրանք այդ օրը հյուրընկալում են դրսում ապրող իրենց բարեկամներին:

Եկեղեցու բակում լսվում է զուռնա-դհոլի ձայն, հնչում են ժողովրդական ուրախ երգեր, պարեր: Երբեմն ուխտավորներն այնքան են լինում, որ շատ դժվար է դառնում բարձրանալ վանք տանող ճանապարհով: Սուրբ Սարգսի տոնին«,որը նշվում է Զատկից 63 օր առաջ, շաբաթ օրը, եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում;

Սուրբ Սարգսի անունով կառուցվել են բազմաթիվ սրբավայրեր, մենաստաններ, գյուղեր, բերդեր, ինչպես նաև լեռներ ու գետեր են կոչվել սրբի անունով: Թալինի Մաստարա գյուղում ձորի մեջ կա մի քար, որն անվանակոչել են «սուրբ Սարգսի քար»: Ըստ ավանդության՝ Սարգսի ձիու ոտքը խրվել է այդ քարի մեջ, դրա համար էլ քարը ստացել է նրա անունը:

Սուրբ Սարգսի հետ կապված և կենցաղում բավական տարածված ավանդություններից է հունադավանների դեմ նրա մղած կռիվների գովերգումը, իսկ հաղթանակները պայմանավորված են Տիրոջ նկատմամբ սրբի մեծ հավատքով և նվիրվածությամբ: Տոնի նվիրական ուտեստը փոխինդն էր, խաշիլը, որոնց գործածությունը նախորդ հինգ օրերին արգելվում է:

Ամենատարածված արարողությունը դարձյալ կառուցված է ծիսական գլխավոր ուտեստի շուրջ: Ուրբաթ երեկոյան տանտիրուհիները (հատկապես՝ տարեցները) վերցնում էին սկուտեղը, վրան մանր մաղով փոխինդ մաղում, մոմեր կամ կանթեղ վառում ու դնում դռան ետևը կամ դուռը բաց տան մեջ, շատ տեղերում` եկեղեցու մոտ, հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի և իր ձիու պայտի հետքը կթողնի փոխինդի վրա: Մեծ ուրախություն էր, երբ նրանք առավոտյան ուշադիր ստուգում ու «գտնում» էին պայտի հետքը:

Երբ սիրահար զույգերը ծնողների կամքին հակառակ փախչում էին և դրա անունը դնում «աղջիկ փախցնել», ապա փախած զույգը գիշեր-ցերեկ աղոթում էր սրբին՝ աղաչելով, որ նա փափկեցնի զայրացած ծնողների և ազգականների «կարծրացած» սրտերը: Սրբի օգնության կարիքն ունեին նաև հղի կանայք, և կան աղոթքներ, որոնցով նրանք դիմում են բարեգութ սուրբ Սարգսին:

Հայոց բանավոր ավանդույթի մեջ սուրբ Սարգիսը հանդես է գալիս մի քանի գործառույթներով: Սրբին բնորոշում են նաև մի շարք մակդիրներով, դրանցից է, օրինակ, «ատենահաս» մակդիրը: Այն մատնանշում է սրբի՝ ժամանակին հասնողի, օգնողի, զորավիգ կանգնողի բուն հատկանիշը: Սա սուրբ Սարգսի հիմնական գործառույթն է:

Սուրբը ժամանակին հասնում, օգնում, փրկում է նրանց, ովքեր հավատում են իրեն, աղոթում և կատարում ծիսական հատուկ արարողություններ, որով և իրավասու են դառնում դիմելու նրան և օգնություն խնդրելու:

Սուրբ Սարգսի պաշտամունքի մեջ է մտնում նաև աղի բլիթ հասկացությունը, որը մինչև օրս կիրառվում է սրբին նվիրված տոնի նախընթաց օրը: Ուրբաթ երեկոյան ողջ երիտասարդությունն աղի բլիթ էր ճաշակում` գիշերը երազ տեսնելու ակնկալությամբ: Հ

ավատում էին, որ այդ գիշեր երազում իրեն ջուր տվողը անպայման կլինի կյանքի ընկերը: Այսպես, եթե մատուցվող ջրի բաժակը ոսկուց էր լինում, ապա ասում էին, որ ապագա ամուսինը շատ հարուստ է լինելու, եթե արծաթից է` միջակ հարուստ, իսկ եթե պղնձից կամ կավից էր՝ աղքատ: Ջրի քանակությամբ ևս փորձում էին գուշակել ապագա փեսացուի կամ հարսնացուի հետ ապրելու տարիների տևողությունը: Եթե օրինակ, բաժակը լիքն էր, ապա շատ երկար պիտի ապրեին, եթե կիսատ էր` կյանքի կեսը, իսկ եթե շատ քիչ էր` ընդամենը մի քանի տարի:

Նախկինում սուրբ Սարգսի տոնին երեխաներին նվերներ տալու սովորություն է եղել: Երդիկից կախված գուլպաների մեջ տատիկները սովորաբար դնում էին տոնի ծիսական կերակուրներից և մի քանի մանրադրամ: Կարելի է ասել, որ այսօր Ուշիում դեռևս պահպանվել է այս սովորույթը, բայց մի քիչ փոփոխված ձևով: Ծնողներն այդ օրը երեխաների համար նվերներ են գնում:

Պատկերագրության մեջ սուրբ Սարգիսը պատկերվում է ձիու վրա նստած՝ վիշապին խոցելիս: Հիմնականում սուրբը պատկերվում է իր որդու` Մարտիրոսի հետ միասին:

Պատրաստեց  Գոհարիկ ՂԱԶԱՐՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում