Բացվեց Գումբուրդո գյուղի նորակառույց հանրային դպրոցը

Բացվեց Գումբուրդո գյուղի նորակառույց հանրային դպրոցը

Այսօր Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում օրը տոնական էր։ Բարերարությամբ Շուշիկ Մղդեսյանի, բացվում էր նորակառույց հանրային դպրոցը, ինչի կապակցությամբ էլ գյուղը մարդաշատ էր։ Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ախալցիխեի ու Բորժոմիի տարածաշրջանների հայկական համայնքների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, կրթության ոլորտից՝ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխաիլ Չխենկելին, Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին, Ախալքալաքի շրջանի ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, պետական պաշտոնյաներից՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Չիչինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի փոխնախագահ Ռոբինզոն Կավռելիշվիլին, Ռեինտեգրացիայի նախարարության Ախալքալաքի ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանը, Նինոծմինդայի շրջանի իշխանության ներկայացուցիչները, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստան թերթի խմբագիր Բան Բայբուրթ, մշակութային և հասարակական գործիչներ։

Հյուրերին դիմավորեցին գյուղապետ Արթուր Կուրղինյանն ու Ախալքալաքի շրջանային ժողովի Գումբուրդոի պատգամավոր Աշոտ Սահարյանը։ 3 տարի շինարարական աշխատանքներից հետո ուսուցիչների և աշակերտների առաջ իր դռները բացած դպրոցը հագեցած է ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան սարքավորումներով ու գույքով։

Միջոցառումը վարում էր Ախալքալաքի շրջանի ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։ Բացմանը խոսքով հանդես եկան Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխաիլ Չխենկելին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, բարերարի ներկայացուցիչ պարոն Շիրինյանը։

Այնուհետև ամփոփիչ օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Գերաշնորհ Սրբազան Հայրը բարձր գնահատեց կատարված աշխատանքը՝ նշելով, որ կրթությունն ամենաուժեղ զենքն է, որի միջոցով կարելի է փոխել աշխարհը: Մեր օրերում կրթության դերն օրըստօրե մեծանում է ու դրա վառ ապացույցը այսօր Գումբուրդո գյուղում բացված դպրոցն է։

Այնուհետև Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ու Գումբուրդոյի գյուղապետ Արթուր Կուրղինյանը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից բարերար Շուշիկ Մղդեսյանին պարգևատրեցին ոսկե, իսկ գլխավոր ճարտարապետ Ռուբեն Եղիազարյանին ու շինարար Միսակ Կուրղինյանին արծաթե մեդալներով։

Ապա բարերարն իր ձեռքով կտրեց բացման ժապավենը, որից հետո հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց դպրոցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում