Սիրում եմ մի փոքր «չարչարել» հանդիսատեսին. Շարլ Ազնավուր

Սիրում եմ մի փոքր «չարչարել» հանդիսատեսին. Շարլ Ազնավուր

Նա Փարիզի Հաղթական կամարի հարևանությամբ գտնվող մի շքեղ հյուրանոցում է իջևանել: Հայազգի շանսոնյեն՝ Շարլ Ազնավուրն իր մոխրագույն կոստյումով փխրուն է թվում: Բոլորի համար լինելով կենսուրախ ու զվարճալի, ծանրակշիռ ու հուզառատ, Ազնավուրը գուցե հուշարձան է, սակայն ամենից առաջ՝ նա մարդ է: Ladepeche.fr կայքը ներկայացնում է հարցազրույց մեծանուն արտիստի հետ:

– Դուք սիրում եք կատակել բեմում…

– Ես անեկդոտներ չեմ պատմում, իմ կյանքից եմ խոսում: Լավ ապրելու համար մարդուն հումոր է պետք: Մի հրաժարվեք մանկության բառապաշարից և հայացքներից: Դուք պետք է ամեն բացվող օր աշխարհը նորովի բացահայտեք՝ մանկան աչքերով:

– Ինչու՞ որոշեցիք նորից շրջագայել:

– Ես երբեք կանգ չեմ առնում, որովհետև երջանիկ եմ բեմում և դեռ չեմ հոգնել շրջագայելուց: Երգն իմ աշխատանքն է, և այն ինձ դուր է գալիս: Ինձ դուր է գալիս իմ լսարանը, աշխատանքը, ինքնարտահայտումը: Աշխատանքն իմ ամենամեծ հաճույքն է:

– Դուք Ձեզ հաճախ եք կոչում արհեստավոր:

– Դա այն է, ինչ կա: Իմ տեքստերը գրված են միլիմետրերով: Մենք չենք կարող փոխել, օրինակ, ստորակետը: Չի կարելի ունենալ ֆրանսերենի նման հրաշալի գործիք և դրանով ինչ-որ հիանալի բան չստեղծել:

– Ինչպե՞ս դիմացաք Ջոնի Հոլիդեյի մահվան լուրին:

– Ես շատ տանջվեցի: Ես սգացել եմ հայկական ձևով. 40 օրվա ընթացքում մի շարք կանոններ եմ պահել, ինչպես, օրինակ, ալկոհոլից հրաժարվելը: Բայց իրականում ես քիչ եմ տեսել՝ ինչ կատարվեց նրա մահվան շուրջ՝ այն մարդկանց հետ, ովքեր պնդում էին, որ նրա լավագույն ընկերներն են:

– Ո՞ր տարիքում զգացիք, որ երգիչ եք դառնալու:

– Երգն իմ կյանք է մտել մորս հետ: Նա ֆրանսերեն հազիվ էր խոսում, բայց երգում էր կոմպոզիտոր Ռեյնալդո Հանի հեղինակած «Ծովից երկու քայլ այն կողմ» երգը:

– Դուք Ձեր կարիերան շատ վաղ եք սկսել՝ 9 տարեկանում:

– Այդ տարիքում ես չէի երգում, ես խաղում էի կատակերգություններում: Առաջին անգամ ես հայերեն բանաստեղծություն արտասանեցի և ծափերից հաճույք ստացա: Ես գիտեի փարիզյան երեք թե չորս թատրոնների ցուցապաստառները, մի անգամ ինձ առաջարկեցին օպերետում խաղալ: Ես պետք է երգեի, պարեի և կոմեդիա խաղայի: Ինձ տրվել էր մի հատված, որից ամաչում էի. ես ստիպված էի հագնել բալետի պարուհու զգեստ: Դա արվում էր՝ գումար խնայելու համար: Շոուի պրոդյուսերը այդքան ժլատ էր:

– Դուք հիշու՞մ եք Ձեր առաջին համերգը:

– Ես նյարդայնանում էի, բայց այլևս այդպես չի լինում:

– Ի՞նչ եք զգում հանդիսատեսի առաջ:

– Ինձ դուր է գալիս մի փոքր «չարչարել» նրան: Հանդիսատեսը վատ սովորություն ունի. ցանկանում է լսել միայն այն երգերը, որոնք գիտե: Եթե մենք հետևենք այդ ցանկությանը, նոր երգեր չենք գրի: Ես նրանց դրդում եմ լսել, քանի որ նորություններ եմ ներկայացնում, ինչպիսիք չեն եղել այն ժամանակ, երբ նոր էի սկսում: Ես հանդիսատեսին վերադարձնում եմ այն բանին, ինչից նրանք ցանկանում են փախչել:

– Այդուհանդերձ, Ձեր շատ «սև» երգեր հաջողություն են վայելում:

– Ինձ երգի բիզնեսը չի հետաքրքրում: Ես կցանկանայի, որ իմ երգերը հայտնի լինեն, այդ բառն ինձ դուր է գալիս, սակայն հայտնի լինեն այն առումով, որ վերաբերում են մարդկանց: Ես հաջողության հասնելու համար չեմ ստեղծագործում: Ես գնում եմ այնտեղ, ուր ցանկանում եմ, և երբեք չեմ փոխել իմ այս սկզբունքը: Հանդիսատեսը շուտ զգաց, որ այդպես է, իմ երգերից մի քանիսի ռադիոհեռարձակումն արգելված էր:

– Դուք Ձեր աշխատանքով լավ եք ապրել:

– Ես փողի նկատմամբ անտարբեր եմ: Ես չգիտեմ՝ որքան գումար ունեմ: Ես ուրախ եմ, որ երգն ինձ լավ է կերակրում, սակայն դա ուրիշ պատմություն է:

– Դուք հպարտանու՞մ եք նրանով, որ Ֆրանսիայի խորհրդանիշն եք:

– Այո, ինձ դուր է գալիս, երբ ինձ ասում են. «Ես ֆրանսերեն եմ սովորել, որ հասկանամ Ձեր երգերը»:

– Երգից բացի ի՞նչ նախասիրություններ ունեք:

– Ինձ դուր է գալիս լուսանկարչությունը՝ բոլոր առումներով: Ինձ հետաքրքրում են հուշարձանները, բացիկները, ես դրանք գնում եմ: Ես նախընտրում եմ տեսնել փողոցային տեսարաններ, երեխաների: Երբ ես գրում եմ՝ լուսանկարում եմ: Իմ մյուս կիրքն էլ շարժումն է:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում