«На улице Мира». Նորա Գրիգորյանը և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Սումգայիթի ջարդերի մասին փաստագրական ներկայացում են պատրաստում

«На улице Мира». Նորա Գրիգորյանը և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Սումգայիթի ջարդերի մասին փաստագրական ներկայացում են պատրաստում

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմադրիչ-ռեժիսոր Նորա Գրիգորյանն այս օրերին աշխատում է նոր ներկայացման վրա, որը նվիրված է լինելու Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին: Նման թեմատիկայով բեմադրություն պատրաստելու միտքն առաջացել է դեռևս սեպտեմբեր ամսին: Օրերս էլ երիտասարդ բեմադրիչը մշակույթի ոլորտի գերատեսչության նախաձեռնությամբ հանդիպելու է նախարար Արմեն Ամիրյանի հետ՝ ներկայացման հետ կապված որոշ հարցեր քննարկելու:

«Ամիսներ առաջ հայրս՝ Ալեքսանդր Գրիգորյանն ու թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը խոսում էին, որ հայկական թեմատիկայով ներկայացում է պետք պատրաստել: Բնականաբար, առաջինը, որ իմ մտքին եկավ, 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության թեմայով նոր ներկայացում բեմադրելն էր: Թեև, մենք խաղացանկում այդ թեմայով ունենք «Հրեշը լուսնի վրա» Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությունը, որը հայրս բեմադրել է նաև Մոսկվայում՝ Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում: Հանդիսատեսի շարքում էին նաև Հայաստանի և Ռուսաստանի առաջին տիկինները: Այն բավական մեծ արձագանք էր ստացել ու արդեն 13 տարի ընդգրկված է Մոսկովյան թատրոնի խաղացանկում: Բոլորն ասում են, որ դա բացառիկ երևույթ է, մինչ այս՝ Ցեղասպանության մասին ոչ-ոք այդպես գրագետ չէր խոսել», – Aysor.am-ի հետ զրույցում նշեց Նորա Գրիգորյանը:

Այնուհանդերձ, նոր ներկայացման միտքը երիտասարդ ռեժիսորին հանգիստ չէր տալիս: Փնտրում ու համացանցի օգնությամբ գտնում է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի մասին գրքերի հատորյակները, այնուհետև՝ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի հեղինակ ու գլխավոր խմբագիր Մարինա Գրիգորյանին:

«Ցանկություն հայտնեցի նրա հետ հանդիպել ու խոսել այդ թեմայի շուրջ, քանի որ ինձ հետաքրքրում էին թե՛ Բաքվի, թե՛ Սումգայիթի ջարդերը: Հանդիպման ժամանակ Մարինան ինձ հստակ ցույց տվեց վերոնշյալ ջարդերի միջև մի շարք տարբերություններ՝ սկսած երկրի ղեկավարության ազդեցությունից ու ուժից, ԽՍՀՄ-ի վերաբերմունքից: Սումգայիթի թեմայով կան բազմաթիվ հարուցված գործեր, ապացույցներ, քննություններ. ականատեսներ, ովքեր պատմել են իրենց աչքի տեսածը: Որոշեցի ընտրել հենց Սումգայիթի թեման ու սկսեցի աշխատել պիեսի վրա: Խմբագրելու հարցում ինձ շատ է օգնել մեր թատրոնի գրականության մասի վարիչ Մարինա Մարինոսյանը: Ասեմ, որ այս ներկայացումը ստեղծելու համար աջակցության ցանկություն է հայտնել Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մոտակա օրերս պետք է հանդիպենք և ավելի մանրամասն խոսենք այս մասին», -տեղեկացրեց նա:

Որքան էլ թեմայի կիզակետում սումգայիթյան ջարդերն են, ռեժիսորը փորձելու է հանդիսատեսին զերծ պահել ատելության չափաբաժնից: Ընդգծում է՝ թեև այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, բայց պիեսը ծանրաբեռնված չէ նեգատիվով.

«Փաստերի մեջ առավել խորանալով՝ գիտակցում ես, որ իրականում շատ քիչ բան գիտես, հիմնականում՝ մակերեսային: Հասկացա, որ պետք է խոսել, ցույց տալ, չմոռանալ: Համեմատականներ տանելով՝ հասկանալի է դառնում, որ այսօր էլ պատկերը շատ չի փոխվել: Մեր օրերում էլ Ադրբեջանն ու Թուրքիան ծավալում են նույն հակահայկական քաղաքականությունը. նրանք, ովքեր 1988 թվականին այդքան հայ ջարդեցին, թալանեցին, Սումգայիթում ընտանիքներ կործանեցին՝ ձեռք բերելով մարդասպանի պիտակ, դրանից ընդամենը երկու տարի անց դարձան հերոսներ, Բաքվում նրանց նկարներով պաստառներ էին պահում ու գոռում՝ կեցցե Սումգայիթի հերոսներին: Այսօր էլ պատմությունը կրկնվում է՝ Սաֆարովը, սպանելով քնած հայ սպային, վերադառնալով Ադրբեջան՝ դարձավ հերոս»:

Ճիշտ է, ներկայացումը փաստերի հիման վրա է բեմադրվում, այնուամենայնիվ, գեղարվեստական մասից բեմադրիչը չի հրաժարվի: 1 ժամ 10 րոպե տևողությամբ գործողությունների ընթացքում ջարդեր ու սպանություններ չեն արտացոլվի:

«Կարծում եմ՝ այս ժամանակաչափը լիովին բավարար է: Իհարկե, այնքա՜ն պատմություններ, ճակատագրեր կան, որոնց մասին ուզում ես անպայման խոսել բեմից, բայց հավատացեք, այդ ամենի մասին լսելը, տեսնելը հոգեպես շատ բարդ կլինի: Փորձել եմ տեսարանները համադրել՝ ցույց տալով, թե ինչ ջերմ, ընկերական ու բարեկամական են եղել միմյանց հետ հայերն ու ադրբեջանցիները: Չեմ փորձել հակաադրբեջանական ինչ-որ ակնարկ անել կամ խոսք հղել, չեմ հերքել նաև այն փաստը, որ այդ ազգի մեջ էլ կային մարդիկ (ընկերներ, հարևաններ, ծանոթներ), ովքեր փորձել են օգնել և փրկել հայերին: Բայց նաև չեմ թաքցրել, որ այդ ժողովրդի մեծամասնությունը դավաճանեց, ծախեց, ոչ միայն չօգնեց, այլև՝ դուռը չցանկացավ բացել ու փրկել դիմացինին… Այո՛, սա փաստագրական ներկայացում է լինելու, սակայն փորձել ենք գեղարվեստականը չմոռանալ: Չէ՞ որ սա թատրոն է, բեմ, սխալ կլիներ ցույց տալ հենց սպանությունները: Առավել ազդեցիկ են այդ ամենի մասին մարդկանց հիշողությունները, յուրաքանչյուրի հիշողության մեջ ինչ-որ իր, ձայն, կերպար է մնացել, որն էլ հիշեցնում է այդ արյունոտ օրերի մասին», – մանրամասնեց մեր զրուցակիցը:

«На улице Мира» (Խաղաղության փողոցի վրա). հենց այսպես է կոչվելու ներկայացումը, քանի որ միտինգներն ու սպանությունների մեծ մասը հենց Խաղաղություն կոչվող փողոցի վրա է եղել… Նորայի կերպարներն իրական մարդիկ են՝ իրական պատմություններով: Սակայն փոխված են նրանց անունները, պատմությունները ներկայացնելու ձևաչափը: Կան նաև հատվածներ, երբ մի քանի իրական պատմություն հավաքագրել է մեկ կերպարում:

«Հայրս ինձ օգնում էր՝ պատմում իր ընկերների մասին, թե ինչ երաժշտություն էին լսում, ինչ հումորներ անում: Այդկերպ պահպանել եմ կոլորիտը… Նա շատ էր ոգևորվել՝ իմանալով, որ այս թեմայով ներկայացում եմ ուզում բեմադրել: Մի անգամ էլ ասաց.

«Ժամանակին շատ եմ ցանկացել այս մասին խոսել, բեմադրություն անել: Չհասցրեցի, այնքան ուրախ եմ, որ դու, առանց իմ հուշելու, այս դժվարին աշխատանքը քեզ վրա վերցրեցիր»», – վերհիշեց ռեժիսորը:

Թեև Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցը լրանում է փետրվարի 28-ին, սակայն ներկայացման պրեմիերան նախնական որոշված է մարտի 2-ին: Ընդգրկված է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի արտիստների գերակշիռ մասը: Ինչպես բեմադրիչը նկատեց՝ փորձել է ներգրավել նաև այն դերասաններին, ովքեր մեկ տարուց ավելի որևէ նոր աշխատանքով չեն ներկայացել:

Ի դեպ, Նորա Գրիգորյանը բոլորովին վերջերս Ռուսական թատրոնի բեմ բարձրացրեց «Շելկունչիկը», որը բավական մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շարքերում: Ռեժիսորը շեշտեց՝ 2018-ը հագեցած թատերական տարի է լինելու, արդեն իսկ բազմաթիվ մտահղացումներ ունի, որոնց մասին առաջիկայում կբարձրաձայնի:

«Ունեմ պլաններ, որոնց մասին տեղյակ է ու իր հավանությունն է տվել նաև մեր թատրոնի ղեկավարությունը: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, այդ իսկ պատճառով պիեսների անունները չեմ ասի: Իմ ցանկության, նպատակասլացության ու աշխատասիրության արդյունքում, վստահ եմ, հագեցած ու հաջողակ տարի ենք ունենալու», – խոստովանեց նա:

Բեմադրիչն այժմ նաև Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում է աշխատում՝ իրեն է վստահվել Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարած դերասանի վարպետության ռուսական 4-րդ կուրսի ղեկավարի պարտականությունները: Որպես դիպլոմային աշխատանք՝ այժմ այդ կուրսի հետ նույն «Շելկունչիկ»-ն են բեմադրում: Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան և այդ կուրսի դասախոս Արթուր Պետրոսյանն էլ նույն կուրսի հետ բեմադրում է «Авгиевы Конюшни» պիեսը: Սումգայիթի ջարդերի մասին պատմող ներկայացումն էլ հետագայում դիպլոմային աշխատանքների մեջ կընդգրկվի:

«Հորս ղեկավարած վերջին կուրսն է, ու ես նրանց ասում եմ՝ իմ վերջինները: Ինձ համար նրանց հետ աշխատելը շատ հաճելի է, հետագայում էլ կցանկանայի համագործակցել: Հայրս էլ էր երիտասարդների հետ մեծ հույսեր կապում, ներգրավում ներկայացումների մեջ՝ չմոռանալով, իհարկե, հիմնական դերասանական կազմի կարևորությունն ու նշանակությունը: Ես էլ կարծում եմ, որ թատրոնի ժամանակակից ու հետաքրքիր լինելու գրավականը նաև երիտասարդ շնչի մեջ է: Ցանկանում եմ, որ «վերջիններս» միշտ փայլուն աշխատանքներով ներկայանան», – Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նորա Գրիգորյանը:

Հեղինակ՝ ՆԵլլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում