Լավ զրույցը

Լավ զրույցը

Մի գիշեր արաբական  աշխահի հռչակավոր խալիֆ Հարուն ալ Ռաշիդը երազ տեսավ։

Երազահաններին ու երազ մեկնողներին հրամայեց առավոտյան ներկայանալ ու մեկնաբանել այն։

Հնում մարդիկ ավելի շատ էին հավատում երազին ու դրա մեկնաբանությանը։ Վատ երազներից շատ էին վախենում։ Մարդիկ համոզված էին, որ յուրաքանչյուր երազ տեղեկություն է ապագայի մասին։ Դա էր պատճառը, որ թագավորներն իրենց հատուկ երազահաններն ու երազագետներն ունեին, և երբ սարսափելի կամ ուրախ երազ էին տեսնում, մեկնությունը հարցնում էին նրանցից։ Երբեմն էլ իրենց անելիքների ու գործերի համար հիմք էին ընդունում այդ մեկնություններրը՝ ձեռնամուխ լինելով տարօրինակ գործերի։ Երբեմն խորամանկ երազահանները, օգտվելով դրանից, հասնում էին իրենց նպատակներին։

Հարուն ալ Ռաշիդը բազմիցս նկատել էր, որ երազահաններն ափեղ-ցփեղ բաներ են ասում։ ՈՒստի շատ էլ չէր հավատում նրանց ասածներին ու պատճառաբանում էր․

– Եթե երազահանությունը գիտություն է, ապա մի երազը բոլորը պետք է նույն կերպ մեկնաբանեն, ոչ թե ամեն մեկը մի բան ասի։ 

Նա սովորություն ուներ մի երազն առանձին-առանձին պատմել տարբեր երազագետների։ Եթե նրանց մեկնությունները նման էին լինում, հավատում էր, իսկ եթե լիովին տարբեր էին, ոչ մեկին էլ չէր հավատում։

Այդ օրն էլ երկու երազահան ներկայացան։ Խալիֆը նախ մեկին ընդունեց ու պատմեց իր երազը․

– Երազում ատամներս մեկ-մեկ թափվեցին, ու բերանումս ատամ չմնաց։ Ինչպե՞ս կմեկնաբանես։

– Լավ երազ չէ։ Սա նշանակում է, որ խալիֆի բոլոր հարազատները նրանից ավելի շուտ են մեռնելու։

– Շա՜տ վատ մեկնություն է, – ասաց խալիֆը, ապա հրամայեց մտրակի հարյուր հարվածով պատժել նրան ու պալատից դուրս վռնդել։

Հետո հրավիրեց երկրորդ երազ մեկնողին, պատմեց նույն երազը և հրամայեց մեկնաբանել։

– Սա լավ երազ է։ Նշանակում է, որ խալիֆի կյանքը բոլոր մերձավորներից ու հարազատներից ավելի երկար է լինելու․ նա ավելի երկարակյաց է։

Խալիֆն ասաց․

– Զարմանալիորեն քաղցր մեկնություն էր, – և հրամայեց հարյուր ոսկի ընծա տալ նրան։

Հետո վեզիրներին կանչեց ու կարգադրեց․

– Գնացեք առաջին երազահանին էլ գտեք և ինչ-որ ձևով սփոփեք, մի բան ընծա տվեք, քանի որ առաջին մեկնությունը նույնն էր, ինչ երկրորդը, սակայն նրա խոսքը դառն էր։ Երկուսն էլ նույնն ասացին, բայց մեկի խոսքը վատն էր, իսկ մյուսինը՝ լավը։

Պարսկական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում