«Կրկնակի հերոս է նա, ով հաղթում է ոչ միայն զենքով, այլև խելքով»

«Կրկնակի հերոս է նա, ով հաղթում է ոչ միայն զենքով, այլև խելքով»

Լույս է տեսել Էմմա Պետրոսյանի «Իմաստախոսություններ» գիրքը, որը հեղինակի դիտարկումների, խոհերի, մտորումների եւ կյանքի փորձից ծնված եզրահանգումներն են:
Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Հեղինակը գրել է, որ իրականությունն իրեն թելադրել է աֆորիզմներ գրելու անհրաժեշտությունը, բայց հատուկ ասույթներով զբաղվելու նպատակ չի ունեցել եւ այլ նպատակ է ունեցել: «Աշխատելու տարիներին հետաքրքիր նյութեր էի հավաքել արձակ ստեղծագործությունների համար: Աշխարհի մեծագույն արձակագիրներից մեկը` Ջեկ Լոնդոնը, անցյալ դարի սկզբին մի առիթով ասել է, որ ապագայի վեպը բաղկացած կլինի 30-40 էջից: Այդ մասին էի երազում: Սակայն ժամանակը եւ կյանքն ինձ մատուցեցին բռնագաղթվածի ճակատագրի ամենադառնալից պահերը:

Զուրկ լինելով գոյության ամենատարրական միջոցներից, հնարավորություններից, նույնիսկ գրասեղանից, դրան գումարած, որ 22 տարի խնամել եմ անկողնուն գամված մորս, պարտականություն, որն ինձ համար ավելի կարեւոր էր, քան որեւէ ստեղծագործական հաջողություն, ժամանակի սղության, հնարավորությունների բացակայության պատճառով արձակ ստեղծագործությունների համար նախատեսված նյութերի մեծ մասը դարձրել եմ ասույթներ, այսինքն` համապատասխան ձեւակերպումներով, ընդհանրացումներով թղթին եմ հանձնել այս կամ այն ուշագրավ, կարեւոր դեպքի, դեմքի, երեւույթի, մարդկային հոգեբանության հետ կապված պատմությունների վերջին եզրահանգումները, եզրափակիչ խոսքը, ամփոփումը, բուն նյութը` տվյալ պատմության մանրամասները թողնելով վարագույրների հետեւում»,-գրում է Էմմա Պետրոսյանը:

Նրա ասույթները իսկապես բյուրեղացած իմաստություններ են: Ներկայացնենք նրանցից մի քանիսը.

-Կարճ գրելը երկար մտածել է պահանջում:

– Իրավացի լինելը դեռեւս ոչինչ չի նշանակում, եթե չես կարող ապացուցել:

-Այն, ինչ ձեռք ես բերում շրջանցելով Աստծո կամքը, տերը չես:

– Կրկնակի հերոս է նա, ով հաղթում է ոչ միայն զենքով, այլեւ խելքով:

-Լռությունը ոչ միայն համաձայնության նշան է, այլեւ խիստ անհամաձայնության:

Գ. Հ.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում