Եթե հարցնես

Եթե հարցնես

Իմ հպարտ, իմ սեր,
Եթե հարցնես, թե ինչպե՞ս եղավ, որ քեզ սիրեցի,
Ոչինչ չեմ ասի,
Քանզի չգիտեմ,
Թե ձյունն ինչպես է փոխվում ձնհալի,
Թե ցայգածաղիկն ինչպես է բացվում ծերպերին լեռան,
Եվ ծովի խորքում ինչպես է ծնվում հակինթը շողուն…
Եվ սակայն կասեմ.
Իմ ձնհալն ես դու,
Ցայգածաղիկը
Եվ իմ հակինթը՝ ծովերից հանված:

Իմ խոնարհ, իմ սեր,
Եթե հարցնես, թե ես ինչպես եմ հասակդ սիրում,
Ոչինչ չեմ ասի,
Միայն կպատմեմ բաղեղի մասին,
Որ մերկ լորենու հասակն է զուգում,
Կպատմեմ նաև ծովի խենթացած ալիքի մասին,
Որ փշրվում է ավազի վրա…
Եվ հետո կասեմ
Իմ լորին ես դու,
Իմ ավազն ես տաք։

Իմ քնքուշ, իմ սեր,
Եթե հարցնես, թե ես ինչպես եմ սիրում քո հոգին,
Ոչինչ չեմ ասի,
Կպատմեմ միայն ես Փարվանայի այն լեգենդը հին,
Կպատմեմ նաև,
Թե վայրի գազանն ինչպես է գերվում
Եղջերափողի դյութական ձայնից…
Ու հետո կասեմ.
Իմ կրակն ես դու,
Եղջերափողի ձայնն ես դյութական:
1963

Վահագն ԴԱՎԹՅԱՆ
Կարդում է Աննա ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում