Նախարարի հետ տեղում գնահատվեց Գյումրու Ս․ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնան, տարածքի վերակարգման ավարտական փուլի ծրագիրը

Նախարարի հետ տեղում գնահատվեց Գյումրու Ս․ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնան, տարածքի վերակարգման ավարտական փուլի ծրագիրը

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փոխնախարար Արև Սամուելյանի հետ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ուղեկցությամբ երեկ Գյումրիում էր՝ տեղում գնահատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018թ. դեկտեմբերին, Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ներսը, դուրսը և հարակից տարածքը պետք է ամբողջովին վերանորոգ ավարտուն տեսքի բերված լինեն։ Եկեղեցին, որը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում, կառուցվել է 1860-1873թթ.: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը:

Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից է: Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձև պատուհաններ: Նրա արևմտյան մասում է գտնվում զանգակատունը: Եկեղեցու բավական հարուստ հարդարանքն առանձնանում է զարդաքանդակներով: Խորհրդային իշխանությունը 1930թ.եկեղեցին առգրավել էր և փակել: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը քանդվեց, իսկ 1937-ին զանգակատունը պայթեցվեց: 1964թ. քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնեց զանգակատունն իր նախկին տեսքով: Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը վերափոխվել էր համերգային դահլիճի, որտեղ հնչում էին Բախի, Մոցարտի և Կոմիտասի գործերը:

Եկեղեցու շենքը, որը դիմակայել էր 1926թ. երկրաշարժին, անզոր գտնվեց 1988թ. աղետի դեմ: 90-ական թվականների սկզբին հիմնվեց «Ամենափրկիչ» հիմնադրամը` տաճարի, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով:

Եկեղեցին վերականգնվեց ՀՀ կառավարության կողմից հատուցված, ինչպես նաև մի շարք բարերարների կողմից նվիրաբերած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքները տևեցին 20 տարուց ավելի: 2002 թ.-ից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա վերցրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ 2014 թ.-ին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել են եկեղեցու խաչերը և տեղադրվել։ Նախկին կառույցից պահպանված ամեն մի քար օգտագործվել է նոր շենքը կառուցելիս: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել` ամբողջությամբ պահպանված, վերականգնման ենթակա չէր: Այնուամենայնիվ այն պահվում է եկեղեցու բակում: Եկեղեցու պատերն ամրապնդվել են երկաթբետոնե կառուցվածքներով: Ինչպես հավաստիացնում են մասնագետները, այս մոնոլիտ կառույցը դեռ կանգուն կմնա մի քանի հարյուրամյակներ:

ՀՀ մշակույթի նախարարություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում