Տղան և օձը

Տղան և օձը

Վաղու՜ց, շա՜տ վաղուց Չինաստանի հյուսիսային կողմերում՝ Շանսի գավառում, ապրում էր մի տղա։ Ամեն օր նա դպրոց էր գնում և ճանապարհին շարունակ երազում շուտ մեծանալ ու հերոսական գործեր կատարել։

Եվ ահա մի անգամ առավոտյան նա ճանապարհի վրա տեսավ մի շատ փոքրիկ օձ։ Տղան երազում էր նրա մոտից անցնել-գնալ, երբ օձը հանկարծ ֆշշաց բարակ ձայնով․

– Տղա՜, ա՜յ տղա, վերցրու ինձ, ես շատ սոված եմ։

Տղան խղճաց օձին, վերցրեց իր հետ, տարավ դպրոց։ Նա օձի համար բույն պատրաստեց արկղի մեջ և ամեն օր կերակրում էր ու ջուր տալիս։ Օձն սկսեց շատ արագ մեծանալ, և շուտով արկղը նրա համար նեղ դարձավ։ Այնպես պատահեց, որ մի անգամ ուսուցիչը նկատեց օձը և սաստիկ բարկացավ տղայի վրա։

– Այդ ի՞նչ է, իսկույն բաց թող դրան, միայն տար հեռու, ամայի տեղ, – հրամայեց նա տղային, – Մի՞թե չգիտես, թե ինչ բան է օձը։

Տղան չէր ուզում բաժանվել օձից, բայց սիրտ չարեց ուսուցչի խոսքը չկատարել և տարավ օձին հեռու, շատ հեռու ու բաց թողեց վայրի լեռան վրա։

Այստեղ նա հրաժեշտ տվեց օձին և տխուր-տրտում վերադարձավ դպրոց։ 

Ազատության մեջ օձն սկսեց մեծանալ ավելի արագ, և շուտով նրա գլուխը դարձավ ահագին մի լեռան չափ։ Նա բնակություն հաստատեց վայրի լեռան ամենամեծ քարանձավում։

Շուտով լուր տարածվեց, թե վայրի լեռան վրա բնակվում է վիթխարի և ամենաժանտ մի օձ։ Նա բաց է անում իր երախը ու կուլ տալիս ամեն մարդու, ով համարձակվում է անցնել լեռան մոտով։

Այդ լուրը հասավ ուսուցչին։

– Ահա, տեսնու՞մ ես թե ինչ արիր դու, – սկսեց հանդիմանել տղային։ – Քո մեղքով ինչքա՜ն մարդ է տանջվում ու տառապում։

– Ես եմ պահել այդ հրեշին, – ասաց տղան, – ես էլ կսպանեմ նրան։

Նա իր ամբողջ մարմնի շուրջը դանակներ կապեց, վերցրեց կտրուկ մի սուր և ճամփա ընկավ դեպի վայրի լեռը։ Հասավ տեղ և գոռաց․

– Է՜յ, օձ, ես քեզ սնեցի ու մեծացրի։ Այդպե՞ս ես հատուցում իմ բարության փոխարեն։

Օձը ծիծաղեց։

– Մի՞թե դու չգիտեիր, հիմար մարդուկ, որ չկա ավելի սարսափելի թշնամի, քան կրծքիդ վրա տաքացրած օձը։

– Առաջ չգիտեի, – պատասխանեց տղան, – բայց հիմա գիտեմ։ Դե, շուտ դուրս արի կռվենք։

Բայց օձը բացեց իր արյունռուշտ երախը, և տղան ընկավ խավարի մեջ։ Այնտեղ շոգ էր, խիստ շոգ։ Նա ընկել էր օձի փորը։

«Սպասիր դու, – մտածեց տղան, – ես քեզ հետ հետո կխոսեմ»։ Եվ նա սկսեց արագ պտտվել օձի փորի մեջ՝ խոցելով նրան իր մարմնի շուրջը կապված բազմաթիվ դանակներով։ Վերջում սրով ծակեց օձի փորը և հոգնած դուրս եկավ։

Վիթխարի հրեշը ոչնչացած փռվեց գետնին։

Եվ այդպես տղան ուղղեց իր սխալը։

Չինական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում