Լիճը

Լիճը

Լեռնային լիճը շողում էր արևի ցոլքերի ամենաբազմազան գույներով։ Շքեղ գունային գամման ալիքների հարվածների տակ փլվում և կրկին միաձուլված ծիծաղում էր։

Բնության մի սքանչելի պատառիկ՝ ինքն իրենով և իր կատարելությամբ հիացած, շուրջը՝ լերկ ժայռերին, շունչ ու հոգի էր տալիս։ Այդ լճի մեջ մտնելը, այդ մեղմ ծփանք ու գունային ներդաշնակությունը խաթարելը հանցագործություն էր։ Շուրջը քարակույտեր էին, որ ծաղկել էին դարերից  եկած բազմաթիվ գուներանգներով։ Նստեցին քարերին, հենվեցին նրանց, ասես լուծվեցին նրանց մեջ՝ աչքներն անթարթ լճին ու նրա խաղերին։

Ծերունի գիտնականը կորցրել էր հիշողությունը։ Գրեթե կորցրել էր։ Եվ երբ նրան հրավիրեցին մեկ անգամ էլ բարձրանալ լեռները՝ իր կյանքում բազմիցս անցած ճանապարհով, հաճույքով համաձայնեց։ Այդ խմբի համար նորություն, իսկ իր համար հին էր այդ ուղին, բայց․․․ Որովհետև, երբ խումբը ճանապարհ ընկավ, նա ընդամենը լռությամբ հետևում էր մեքենաների ընթացքին։ Ի՞նչ էր մտածում, երբ երիտասարդները ուրախ շատախոսում և հանդիպող ամեն մի վերելքի հետ ախուվախ էին անում։ Իսկ ճանապարհը քանի գնում, դժվարանում էր։

«Վիլիսները», որ ասես հենց այդ ճանապարհի համար էին ստեղծվել, հռնդալով մագլցում էին վեր ու վար։ Երբ աստիճանաբար ճանապարհը վեր ածվեց ցածր խոտածածկույթի և անիվների հետքերն այլևս չէին երևում, պարզ դարձավ, որ լեռները մոտ են։

Ծերունին ոչ մի ձևով չէր արձագանքում ընթացքին, մինչդեռ ջահելները հույս ուներն նրա օգնությամբ գոնե կողմնորոշվել՝ ճի՞շտ է ընտրված դեպի լիճ տանող ուղին։ Երբ ի վերջո կանանցից մեկը չդիմացավ և հարցրեց, ծերը հանգիստ պատասխանեց․

– Ես այս ճանապարհով չեմ անցել։

Բոլորը միանգամից սառեցին։ Նրանք գողունի հայացքներ էին փոխանակում, որ նաև նշանակում էր, թե՝ էլ ինչու՞ նրան վերցրեցինք մեզ հետ։ Բայց արդեն ուշ էր նոր որոշումների համար։ Ճանապարհը, որ արդեն քարերով էր պատված, գրեթե անմատչելի էր դարձել։ Բոլորն զբաղված ու անհանգիստ, նրան մոռացել էին։ Մարդը նստած էր իրենց կողքին, երբեմն, երբ մի կտոր հաց էին ուտում, ժամանակավորապես քաղցը հագեցնելու համար, նրան էլ էին հյուրասիրում։ Բայց իրականում նա արդեն մոռացված էր։ Նա արդեն ոչ պիտանի մարդ էր, որ ավելորդ տեղ էր զբաղեցրել առանց այն էլ մի կերպ խցկված-տեղավորվածների մեջ, մինչդեռ ինչքան շատ էին վերելքին մասնակցել ցանկացողները։

Նրա փոխարեն կարող էին նրանցից մեկնումեկին վերցնել։
Բայց իսկապե՞ս նա ոչին չէր հիշում։ Այդ տեղանքում ոչ մի բան նրա մեջ հուշի որևէ պատառիկ չէ՞ր առաջացնում։ Գուցե կարճ, գետնին կպած ծաղիկները, որ հատուկենտ էին լեռների մեջ եզակի, հիշողության հանկարծակի փայլերով էին լցնում նրա միտքը։

Համատարած կանաչությունը, երբ ոչ մի թուփ ու ծառ չէր փակում հորիզոնը, գուցե նրա մեջ հիշողության խտուտներ էր առաջ բերում։ Արևը վառում էր։ Խումբը փռվել էր կանաչի վրա, մեքենաները, զամբիկների պես, հանգստի էին կանգնել։ Մարդիկ անսովոր էին այդպիսի բարձրության։ Խորը շնչելը դժվարացել էր, մինչդեռ զով քամին հաճույքով շոյում էր նրանց դեմքերը։ Այդ քամին վաղուց մարդու երես չէր տեսել, այն էլ քաղաքաբնակների։

Լեռնային արևն աստճանաբար փոխում էր խոտերին փռվածների մաշկի գույնը։ Ծերունին նրանց կողքին, նրանց մեջ էր,խոսում էր, եթե հարկ էր լինում, բայց անցյալի իր փորձի, հմուտ ճանապարհորդի իր փորձի ոչ մի դրսևորում չկար։ Նրա մեջ հիշողությունը կատարելապես էր խաղաղվել։ Ներկան կար, գործում էր, բայց անցյալի հետ կապը խզված էր։ Այն ասես չէր էլ եղել։ Իսկ ի՞նչ վիճակում էր ապագան նրա մտային տիրութներում։ Գուցե այն է՞լ էր բացակայում։ Այդպիսի հարցեր տալը դժվար էր, բայց կասկած չկար, որ արշավախմբի ամեն մի անդամի մտքով անխուսափելիորեն անցնում էին այդ հարցերը, երբ տեսնում էին ծերունու խաղաղ կերպրանքը։

Բայց ու՞ր էր լիճը, որի ետևում բարձր սարերն էին։ Դեպի վեր ձգվող մի քանի հնարավոր ուղիները խաբուսիկ էին, պետք էր կտրուկ և վերջնականապես որոշել՝ թե ո՞ր ճանապարհն ընտրել։ Օրը վաղուց էր կիսվել, իսկ վերելքները մեկ առ մեկ փորձելն անիմաստ էր պարզապես մեկ պարզ պատճառով՝ ժամանակ չկար։ Վրաններ չէին վերցրել, որովհետև մնալ լեռներում գիշերվան անպատրաստ կանանց և ծերունու հետ, որ բավական հաջողությամբ էր տանում բարձրության անհարմարությունը, դժվար էր։ Նույնիսկ թվում էր՝ նրա վրա չէին ազդում ոչ օդի նոսրությունը, ոչ վառող արևը, ոչ էլ լճի անհույս փնտրտուքը։ Հենց այդ էլ ցույց էր տալիս, որ նրա մարմինը լրիվ վարժված է այդ կլիմային։ Նա գուցե կարոտել էր լեռներին, վերջին մի քանի տարին գուցե անվերջ նրանց մասին էլ երազել։ Ոչ միայն լճի, այլև այդ չոր ու ցամաք լեռների, ցածր, վառ կանաչի, ծաղկած քարերի, հեռվում երևացող ոչխարի հոտի, հատուկենտ ծաղիկների, որոնց հմայքը հենց իրենց քչության մեջ էր։ Բայց այդ ամենի մասին ոչ մի խոսք չկար։ Նա մոռացել էր ամեն բան, մոռացել էր ժամանակին իր կյանքի նպատակը դարձած լեռները, միայն անբացատրելի ներքին մղում էր նրան առաջ տանում։ Նույնիսկ վերելքի պահին մի քանի անգամ հարցրել էր կողքինին՝ ու՞ր ենք գնում։ Կողքինը չէր փռթկացել, պարզապես չէր պատասխանել ասես հարցն իրեն չէր ուղղված։

Մեջտեղի ոլորանն ավարտին էր մոտենում, երբ ծերունին հանկարծ ցնցվեց։ Մեքենայի տարուբերվող, քարերի վրայից թռչկոտող մարմինը տնքալով ու փնչալով առաջ էր ընթանում։ Ծերունին կիսանստեց, հաղթական մատը մեկնեց դեռ չավարտված ոլորանի ծայրը, որ նաև ցանցկեն կանաչով ու շերտ-շերտ հողով պատված բլրի ստորոտն էր և գոչեց․

– Ահա, ահա, հիմա կերևա։

Մի՞թե նա զգում ու մտածում էր։ Գուցե ինչ-որ ծանոթ նշաններ նրա հիշողության մեջ խլրտում առաջացրին։ Իսկ եթե ծերունին շատ լավ էլ հիշում էր ամեն բան, պարզապես ցույց տալ չէր ուզոմ։

Մի պահ բոլորի հայացքները շրջվեցին նրա կողմը, բայց նա կրկին ընդունել էր իր անվրդով կեցվածքը։

Ոլորանն ավարտվեց։ Բոլորի աչքերը շլացան լեռնային լճի փայլից։ Որքան վեհ են լեռներն իրենց բարձրության մեջ, նույնքան և ավելի վեհ է նրանց ոտքերի տակ ծփացող լիճն իր մաքրությամբ և կատարյալ գեղեցկությամբ։

Բոլորի հետ ծերունին էլ էր ժպտում։ Լիճը միայն հիացմունք ու սեր էր պոկում մարդկանցից։ Նա անվրդով էր, նա պարզապես հիանալի էր, գեղեցիկ և ոգեշնչող։ Նա լույսերի մեջ էր՝ արևի և քամու դեմ-հանդիման։ Ինչպես ոսկե մազերով մի ոքրիկ, որի կողքով անհնարար է անցնել առանց շայելու կամ սիրո խոսք ասելու։ Սիրո այդ խոսքերը տավիղի հնչյունների պես էին հնչում նրանց սրտերում։ Բոլորը լուռ էին, նրանց հոգիները ծփում էին լճի ալիքների ծփանքով։ Ծերունին կենդանի արձան էր լճի ալիքների դեմ։ Նրանք իրար լավ էին ճանաչում, նրանք հին հարազատներ էին։ Նորերը կախարդված էին, և բառերն ավելորդ էին, հները կարիք ունեին իրար հետ հաղորդակցվելու, կիսվելու։

– Իսկ ես կարծում էի այլևս քեզ չեմ տեսնի։

– Իզուր, ես միշտ սպասել եմ քեզ։

– Վերջ, սա վերջին անգամն է։

– Ես միշտ կհիշեմ քեզ։

Վայրէջքին ծերունին կրկին անհաղորդ էր, միայն մեկ օրում արևահարված դեմքը թախծոտ էր դարձել, և կասկածելի հետքեր էին երևում դեմքին։

Աղի արցունքները հոսում էին դեպի նրա սպառվող սիրտը։

Մեքենաները վնգում էին, աջուձախ նետվում, իսկ ներսում քար լռություն էր։

Լիլիթ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում