«Մոքոս» հայ եկեղեցական վեպը

«Մոքոս» հայ եկեղեցական վեպը

Խաչի պանծացումն ու հաղթանակը: Վեպում պատմվում է իր հորեղբոր կին Փանփուլի դեմ Արզի որդի Գարեգինի պայքարի մասին, քրիստոնյա հորեղբայրներից օգնություն խնդրելը, Սուրբ Տիկին գնալն ու քրիստոնյա դառնալը: Այս հատվածում իր կենտրոնական դերակատարությունն ունի Մոքոսի երազը․ նա առաջին անգամ տեսնում է Մանուկ Տղին, և արթնանալով՝ Մանուկ Տղի դեմքով պատկերն է նկարում, ոսկեջրով օծում, դնում է շրջանակի մեջ ու կրկին քնում: Երկրորդ անգամ է տեսնում Մանուկ Տղին, ով Մոքոսին հիշեցնում է կորցրած գավազանի մասին, որը տնկել էր հողի մեջ: Ասում է, որ գավազանը քառասուն ճղնանի ծառ է դարձել, և հրամայում է մեջտեղի ճյուղը կտրել ու մեծ խաչ պատրաստել: Սա աղերսվում է Քրիստոսի խաչափայտի հիշողության հետ:

Մոքոսը կատարում է երազով իրեն հրամայվածը․ պատրաստում է խաչը, իր նկարած պատկերը զետեղում խաչի վերևում, ոսկե թագ դնում վրան: Սա Հայոց Եկեղեցում և, առհասարակ, քրիստոնեական եկեղեցում գործածվող խաչվառի նկարագրությունն է:

Վիպական մտածողության մեջ, որպեսզի հերոսի առաքելությունը օրինականացվի, կարևոր է երկնային հրաշքը, որը «Մոքոս»-ում հանդես է գալիս կարմիր, կանաչ լույսի տեսքով․ երբ աքլորականչին Մոքոսը փողը փչել է տալիս և զորքին պատրաստում կռվի, Գարեգինի վրա երկնքից կանաչ, կարմիր լույս է իջնում: Զինվորները, տեսնելով հրաշքը, գնում համբուրում են Գարեգինին և մկրտվելով՝ դառնում քրիստոնյա: Սա, անշուշտ, հիշողությունն է Տարոնում Գրիգոր Լուսավորչի կողմից կատարված հայոց զորքի մկրտության, որից հետո մկրտվածների վրա հրեղեն սյան տեսքով լույս է իջնում, որը երեք ժամ շարունակ տեսանելի է լինում ներկաներին: Սրան զուգահեռ տեսնում ենք Աստվածաշնչի «Ելք» գրքում հիշատակվող ամպի և հրի սյունը, որը անապատում գիշեր ու ցերեկ ուղեկցում էր Եգիպտոսից հեռացած հրեաներին:

Վեպում հրե սյունը կերպափոխվել է կանաչ-կարմիր լույսի, որը փեսայության խորհրդանիշն է, և իջնում է ոչ թե մկրտված զորքի վրա, այլ Գարեգինի, իսկ մկրտված զորքի թիվը, ի տարբերություն պատմական վկայության, տասն անգամ ավելի է:

Ուշագրավն այն է, որ զորքը առաջ է շարժվում պատկերից բխող լույսի առաջնորդությամբ, քանի որ դեռ լույսը չէր բացվել և մութ էր: Սրա բացատրությունը գտնում ենք Ագաթանգեղոսի «Պատմության» մեջ․ «Խաչին փարած լույսը հենց նույն աստվածային Հոգին է, որը փառավորում է Որդուն: Եվ խառնվեց նրա ճառագայթներին, քանզի ինքը Որդուց է վերցնում և պատմում իրեն սիրողներին․․․»:

Գարեգինի զորքը, խաչի զորությամբ առաջնորդված, մոտենում է պաշարված քաղաքին: Փանփուլը, տեսնելով երևացող կանաչ, կարմիր լույսը, մարդ է ուղարկում պարզելու լույսի ինչ լինելը: Ուղարկվածները տեսնում են Գարեգինին ու զորքի առջևից ընթացող խաչն ու խաչվառը, սարսափում են և հետ վերադառնալով՝ ոչինչ չեն ասում: Հաջորդ գնացողները պարզում են եկողների ինքնությունը: Այստեղ կա մի կարևոր հանգամանք․ Արզի որդի Գարեգինը իր քաղաքն է վերադառնում Մոքոսի Աստծո հետ, ինչպես Տրդատը` Գրիգորի Աստծո հետ: Սա, անշուշտ, 4-րդ դարի պատմական դեպքերի հիշողությունն է:

Հետախույզները վերադառնում են և Փանփուլին խորհուրդ են տալիս փախչել, որովհետև զորքի հետ եկող լույսը կվառի իրենց: Փանփուլը տեսնում է քնած Գարեգինին․ «Էրեսը կարմիր արև դարձեր, կը հազարնը լոսը բերնէն կելլր» (ժողովրդական պատկերացումներում տղայի բերանից ելնող լույսը վերագրվում է մյուռոնին): Փանփուլը զղջում է իր արածի համար և հեռանում: Առավոտյան« երբ Գարեգինը մոտենում է քաղաքին, Փանփուլը տեսնում է, որ լույսը կիսվեց և մի կեսը գնաց բերդի տակ իջավ և կամար կապեց դեպի երկինք: Սա ժողովրդի հիշողության մեջ կենցաղավարող Լուսավորչի` Էջմիածնի տեսիլքն է: Փանփուլը վախենում է իր տեսածից ու զղջում արածի համար․ իր վրայից հանում է կեծակե թուրն ու գոտին, դնում Գարեգինի առաջ, նրան է տալիս նաև իր թագավորությունը և ներողություն խնդրում: Գարեգինը ներում է Փանփուլին: Փանփուլը խոստովանում է, որ հավատում է Մոքոսի Աստծուն: 5-րդ մասն ավարտվում է Գարեգինի քաղաքի մոտակայքում մատուռի շինարարությամբ, որը Մոքոսին հրամայվել էր երազով: Եվ մատուռը կառուցվում է այն տեղում, ուր լույս էր իջել: Այստեղ կրկին հանդիպում ենք Լուսավորչի տեսիլիքի տեղայնացմանը և կառուցման այն սկզբունքին, որով կառուցվել է Մայր Տաճարը:

Իսկ խաչն ու պատկերը, որն առաջնորդել էր զորքին, մոմերով ու խնկարկությամբ տանում և դնում են մատուռի մեջ:

Վեպի վերջին` վեցերորդ մասը սկսվում է Փանփուլի և Մոքոսի՝ դեպի Սուրբ Տիկին կատարելիք ճանապարհորդությամբ, որը հագեցած է Դերսիմի բնապատկերների և տեղագրության ճոխ ու հարուստ նկարագրություններով: Որտեղով որ նրանք անցնում են, ժողովուրդը դուրս է գալիս նրանց տեսնելու: Ճանապարհին նրանք հանգրվանում են Կամախի մոտ, որը վեպում հիշատակվում է որպես Քեամ թագավորի տարածք: Մոքոսը մերժում է Քեամի հյուրասիրությունը, որովհետև այս թագավորը, որը Մոքոսի հոգեհոր եղբայրն էր, դեռ կռապաշտ էր: Երբ հասնում են Զինաքյարի ամրոցը, Մոքոսը Փանփուլին ցույց է տալիս զնդանը և պատմում Մանուկ Տղի ձեռքով եղած իր փրկությունը զնդանից և թունավոր ջրից: Ճանապարհին` Փանփուլի բերդի դիմաց, Մոքոսը մի աղբյուրի ակ է բացում, վրան խաչքար է սարքում և անունը դնում Խաչաղբյուր: Վեպում ակնհայտ կերպով կենցաղավարում է խաչի հաղթանակի և փրկագործության խորհրդաբանությունը, որը հանդես է գալիս ֆիզիկապես այն կանգնեցնելով` ի տես բոլորի:

Վեպն ավարտվում է Գարեգինի ու Մարգարիտի ամուսնության և Գարեգինի թագադրության պատմությամբ։Մոքոսը նամակ է ուղարկում թագավորներին և Քառասուն Մանկանց ու բոլորին հրավիրում Գարեգինի թագադրությանն ու պսակադրությանը: Որպես օրհնաբաշխ ակնաղբյուր և Դերսիմի կամ պատմական Ծոփք աշխարհի հոգևոր ստնտու, կրկին հանդես է գալիս Ս․ Տիկինը, որը գլխավոր հավաքատեղի է, ուր հավաքվում են բոլոր հրավիրյալները: Գարեգինը մեծ շուքով ու խնջույքի սեղաններով է դիմավորում իր հյուրերին: Մոքոսն ու Քառասուն Մանկունք օրհնում ու փառաբանում են Աստծուն, որ խաղաղ ժամանակների հասան և «գառն ու գայլը արածում են միասին»: Սա աշխարհի վերջի և Քրիստոսի գալուստի հետ առնչվող պատկերացում է, որը գալիս է վաղ հնությունից, որը հարազատորեն պահպանել է վեպը:

Այնուհետև Փանփուլը Գարեգինին է տալիս Պենկիպոզը, կեծակե թուրը և իր ակնեղենը, որոնցով Քառասուն Մանուկները զարդարում են Գարեգինի կուրծքը: Մոքոսը բոլորին խնդրում է աղոթել« որ Մանուկ Տղան ինքը երկնքից իջնելով՝ թագադրի նորաօծ արքային: Մանուկ Տղան իջնում է և իր թագը դնում Գարեգինի գլխին:

Գարեգինին ամուսնացնում են, նա նստում է գահին և խաղաղություն է լինում աշխարհում:

Վեպը բավական զգույշ է պահպանել քրիստոնեական հավատքի տարածման վաղնջատեքստը` առանց աղավաղելու դրա հաջորդական զարգացումները: Հետագայում ավելացված շերտերը նույնպես չեն խաթարել սկզբնական քարոզչության մշակութային առանձնահատկությունն ու նրբերանգները` մեր ժամանակներին հասցնելով կորուսյալ Հայրենիքի` մեզ տակավին անհայտ պատմական հիշողությունները: Այդ հիշողությունները և խաչի գաղափարաբանությունն ու իմաստաբանությունը հետագա դարերում ծնունդ տվեցին բազմաթիվ վիպական զրույցների` ի դեմ «Կարոս խաչի»:

Սիրանույշ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում