Իմ հարևան ճնճղուկն ու ես

Իմ հարևան ճնճղուկն ու ես

Իմ հարևան ճնճղուկն ու ես
Օգտվում ենք նույն պատշգամբից։
Պատշգամբը մեզ երկուսիս
Տեղ չի անում միանգամից․․․

Երբ ճնճղուկն է պատշգամբում,
Դուրս չեմ գալիս ես պատշգամբ։
Երբ որ ես եմ պատշգամբում,
Ճախրում է նա ուրախությամբ։

Իմ հարևան ճնճղուկն ու ես՝
Շատ բաներով իրար նման,
Սիրում ենք նույն լուսաբացում
Բնաշխարհով մեր հիանալ,

Դիտել ամպերը, որ ձգվում են
Արևմուտքից դեպի հարավ,
Անձրևները, որ թրջում են
Շոգ ամառվա դեմքը ծարավ,

Եվ, իհարկե, հրաշքը այն,
Որ բացվում է պատշգամբից․
Լեռը՝ դաշտի հոգուց բխած,
Եվ այդ լեռան ձայնը անբիծ․․․

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում