Թագավորի որդու առաջին դասերը

Թագավորի որդու առաջին դասերը

Թագավորը մի տղա է ունենում, որին աչքի լույսի պես սիրում է։
Երբ տղան մի քիչ մեծանում է, թագավորը կանչում է իր քաղաքի ամենաիմաստուն մարդուն և ասում․

– Վարպետ, սա իմ միակ տղան է, ինձանից հետո նա է թագավորելու։ Քեզ եմ հանձնում։ Այնպիսի ուսում պետք է տաս, որ մարդ դառնա, ողորմած ու արդար թագավոր լինի։

– Լավ, – ասում է իմաստունը։

Մյուս օրը տղան գնում է վարպետ-ուսուցչի մոտ։ Ուսուցիչը հացը վերցնում է ձեռքից, ամբողջ օրը քաղցած պահում, իսկ երեկոյան ուղարկում է տուն։

Տղան, սովից թուլացած, գալիս է տուն, հորը պատմում, թե՝ հացս առավ ձեռքիցս, ոչ մի բան էլ չսովորցրեց։

Թագավորն ինքն իրեն ասում է․ «Տեսնես ինչ է պատահել»։

Հաջորդ օրը տղան գնում է ուսուցչի մոտ։ ՈՒսուցիչը տղային գցում է մի մութ սենյակ, դուռը վրան փակում։ Ամբողջ օրը տղային փակած է պահում, երեկոյան բացում է դուռը և տղային տուն ուղարկում։

Տղան գալիս է տուն, թագավոր հորը պատմում, որ ամբողջ օրը ինքը մութ սենյակում փակված է եղել։ Հայրն ասում է․

– Գուցե մի մեղք ես գործել։

– Ոչինչ չեմ արել, հենց ներս մտա, բռնեց ծակը կոխեց, – պատասխանում է տղան։

– Վնաս չունի, ես կկանչեմ, կզգուշացնեմ։

Երրորդ օրը, երբ տղան մտնում է ուսուցչի տուն, սա բռնում է տղային ու մի լավ ծեծում։ Տղան լաց լինելով վերադառնում է հոր մոտ։

– Այլևս նրա մոտ չեմ գնա, – հայտարարում է նա։

Թագավորը բարկանում է և հրամայում․

– Կանչեք էդ մարդուն։ 

– Վարպետ, առաջին օրը քաղցած թողեցիր, երկրորդ օրը բանտարկեցիր, երրորդ օրն էլ ծեծեցիր։ Ասա տեսնեմ՝ նրա մեղքն ի՞նչ է։

– Թագավորն ապրած կենա, նա ոչ մի մեղք չունի, – պատասխանում է վարպետ-ուսուցիչը։

– Հապա ինչու՞ ես տղայիս չարչարում, – հարցնում է թագավորը։ – Ես նրան քեզ հանձնեցի, որ կրթություն տաս։

– Թագավորն ապրած կենա, – ասում է վարպետ-ուսուցիչը, – ես նրան ովորեցրի այն, ինչ իրեն ամենից առաջ հարկավոր է։ Նա ինչպե՞ս կկարողանա ողորմած ու արդար լինել, եթե այդ ամենն իր վրա չզգա։ Եթե մեկը գա, ասի՝ ես անոթի եմ, ողորմություն տուր, մյուսն ասի՝ ինձ անմեղ տեղը բանտարկել են, երրորդն ասի՝ ինձ իզուր տեղը ծեծել են, նա ինչպե՞ս պետք է հասկանա՝ անոթությունն ինչ է, բանտն ինչ է, ծեծն ինչ է։ Սա թագավորի տղայի առաջին դասը։ Իսկ սրանից հետո թող ուսում ստանա։

Հայկական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում