Նրանք ծնվեցին, որ մենք վերածնվենք

Նրանք ծնվեցին, որ մենք վերածնվենք

1869 թ. Լոռվա Դսեղում ծնվեց մի մանուկ, որ հետո պետք է դառնար իմաստուն մի այր: Միևնույն թվականին՝ Լոռուց շատ հեռու՝ Օսմանյան կայսրության մութ երկնակամարի տակ՝ Քեոթահիայում (Կուտինա) մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ: Նա պետք է դառնար ժողովուրդների պատմության մեջ եզակի հանճար, ով իր ազգի երգը վերադարձրեց իր ակունքներին: Երկու հանճար՝ Կոմիտաս և Թումանյան, որոնք իրենց ծնունդով միավորեցին Արևելյան և Արևմտյան Հայաստանները, գծեցին հատված-հատված եղած մեր ժողովրդի հոգևոր Հայրենիքի սահմանները՝ տիեզերքի չափ մեծ ու անծայրածիր:

Պատմության օրացույցից պոկվեց ևս մեկ թերթ, և մենք ազգովին նախապատրաստվում ենք Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ, օրացույցում: Այս առիթով մենք զրուցել ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի և Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ:
***
«Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով:» (Մարտիրոս Սարյան):

– Կոմիտասի թանգարան-ինստիտուտը անկախ Հայաստանում ստեղծված առաջին թանգարանն էր, որի բացումը նախատեսվածի պես համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ՝ խորհրդանշելով մեր ժողովրդի վերածնունդը և կենսահաստատ ուղին: Եվ անցնող տարիներն արդեն իսկ մեծ հետք են թողել մեր մշակութային կյանքում:

2018 թ. հունվարի 29-ին կլրանա թանգարան-ինստիտուտի գործունեության 3 տարին: Այս ժամանակահատվածում մենք աշխատել ենք թանգարանային, գիտական հետազոտությունների, համերգային ու գիտակրթական ծրագրերի ուղղությամբ,- պատմում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

– Մեր ժամանակավոր ցուցադրությունների միջոցով հանրահռչակել ենք ոչ միայն Կոմիտասի ժառանգությունը, այլև այն ոլորտները, որոնց առնչվել է Կոմիտասը: Հիմնադրել ենք «Տարեգիրք», որի առաջին և երկրորդ հատորների հոդվածները հեղինակել են անվանի գիտնականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ռուսաստանից և այլ երկրներից: Հրատարակել ենք գրքեր՝ նվիրված ժամանակավոր ցուցադրությունների տարբեր թեմաներին: 2016 թ. Միջազգային թանգարանային միության (ICOM) անդամ ենք, որին անդամակցության առաջին իսկ տարում մեր թանգարանը մասնակցել է Միջազգային թանգարանային ֆորումին և ներկայացվել նոմինացիայի: Ֆորումին Հայաստանից առաջին անգամ էր թանգարան ներկայացվում:

«Օրորներ» կրթական ծրագիրն ICOM-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թ. մրցանակաբաշխությանն արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն ծրագրերի հնգյակում: Թանգարան-ինստիտուտի գիտական բաժինն անդամակցում է այնպիսի հեղինակային կառույցների, ինչպիսիք են IMS-ը («Միջազգային երաժշտագիտական ընկերություն»), ICTM-ը («Ավանդական երաժշտության միջազգային խորհուրդ»), Մոնոդիայի ուսումնասիրության միջազգային կենտրոնը, Ճապոնիայի Կոմիտասի երաժշտության կենտրոնը:

2017 թ. Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կազմակերպել է միջազգային ամառային դպրոց: Մեր ձեռքբերումներից մեկը 2015 թ. «Կոմիտաս» փառատոնն էր, որը 2016 թ. ներկայացավ միջազգային ձևաչափով և գիտաժողովի բաղադրիչով: Կոմիտասի անունը կրող այս կառույցը մշտապես միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Մենք այս ձեռքբերումներով չենք սահմանափակվում, անելիքները դեռ շատ են:

-ՅՈՒՆԵՍԿՕ-ն Կոմիտասի 150-ամյա հոբելյանը ներառել է հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում, ինչը ևս մի կարևոր հարթակ է լինելու մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը աշխարհին ներկայացնելու համար: Կխոսե՞ք այս մասին:

-Մեզ համար չափազանց ուրախալի է, որ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Սա առիթ է ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ներկայացնելու մեր մեծերի ժառանգությունը, հիշեցնել, թե ինչ հսկայական գործ են կատարել նրանք, ինչ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի գանձարանում:

Բնականաբար, Կոմիտասի 150-ամյակը թանգարան-ինստիտուտի կարևոր իրադարձություններից մեկն է, որը պատրաստվում ենք նշել բազմաթիվ գիտական, կրթական, համերգային, թանգարանային միջոցառումներով, միջազգային ձեռնարկներով: 

-Պարո՛ն Կոստանդյան, հայտնի իրողություն է, որ հարևան շատ ժողովուրդներ, ջանքեր ու միջոցներ չեն խնայում հայկական մշակույթի երևույթները, այդ թվում՝ Կոմիտասի երաժշտությունը իրենց վերագրելու և որպես «փաստ» ամրագրելու համար: Մեր ժառանգությունը նման հարձակումներից պաշտպանելու համար նախատեսվո՞ւմ է արդյոք աշխատանք տանել և Կոմիտասի երաժշտությունը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, ինչպես տարիներ առաջ դա արվեց Արամ Խաչատրյանի դեպքում:

-Բնական է, որ Կոմիտասի երաժշտությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Բազմաթիվ օտարերկրյա անհատներ ու խմբեր են հնչեցնում նրա երաժշտությունը, որովհետև Կոմիտասի երաժշտությունը մշակութային բարձր արժեք է: Պետք է խրախուսել, որ հետաքրքրությունը երբեք չնվազի:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ առհասարակ հայ մշակութային արժեքները ժամանակի ընթացքում պիտի ավելանան: Այս ուղղությամբ պետք է շատ աշխատել:

-Կոմիտաս Վարդապետը և Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել են միևնույն թվին: Լինելով գիտության և մշակույթի հետ կապված անձ՝ ո՞րն եք համարում այս փաստի խորհուրդը մեր ժողովրդի ազգային կյանքում:

-Իհարկե« 1869 թ. առանձնանում է հայոց պատմության մեջ: Գրականության աշխարհում ծնվեց Թումանյանը, երաժշտական աշխարհում՝ Կոմիտասը, որը պետք է գրառեր ու փոխանցեր սերունդներին, ինչպես նաև աշխարհին ներկայացներ հայկական երաժշտությունը: Եթե չլինեին այս հանճարները, դժվար թե մենք կարողանայինք աշխարհին ներկայանալ այնպիսի հարուստ մշակութային ժառանգությամբ, ինչպես այսօր ենք ներկայանում,- համոզված է զրուցակիցս: -Կուզենայի, որ մենք չհեռանանք մեր ակունքներից, առաջին հերթին ճանաչենք ու գնահատենք մեր ունեցածը: Սա չի նշանակում, թե այս ձևով մենք հետ ենք մնում համաշխարհային զարգացումներից, ընդհակառակը, հենց մեր բացառիկ ժառանգությամբ էլ համաշխարհային մշակույթի մաս ենք կազմում: Նոր սերնդին էլ ցանկանում եմ ստեղծագործելու և նորը արարելու անհագ ձգտում: Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ թանգարան-ինստիտուտում մեծ թվով երիտասարդներ են աշխատում, և նաև նրանց շնորհիվ է, որ մեր թանգարանը մշտապես հետաքրքիր ու նոր ծրագրերով է ներկայանում:

***
«Ես գիտեմ« մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան–գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել:» (Հովհաննես Թումանյան):

Ամենայն Հայոց Բանաստեղծն այս մարգարեական խոսքերն ասել է մահվանից ամիսներ առաջ: Եկել է այդ «ուրիշ բան»-ը տեսնելու ժամանակը, և մենք պետք է նրա ստեղծագործական ժառանգության մեջ գաղտնագրված ազգափրկիչ գաղափարները դարձնենք խորհուրդը մեր կյանքի: Եվ «պիտ դառնանք էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին»: Հովհաննես Թումանյանն ինքը հավատում էր իր ժողովրդի պայծառ գալիքին:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ևս համոզված է, որ Ամենայն Հայոց Բանաստեղծի երազած «Լույսի հայրենիք»-ը մի օր դառնալու է իրականություն:

-Տիկի՛ն Թուխիկյան, ամեն հայի մանկությունը սկսվում է Հովհաննես Թումանյանով: Որքանո՞վ ենք հասցրել բացահայտել Թումանյանի իրական մեծությունը անցնող հարյուրամյակում:

-Մի բան է բացահայտելը, մեկ այլ բան է բացահայտածը կենսակերպ դարձնելը: Առաջինը կա, երկրորդը՝ ոչ, այլապես Թումանյանը կարողացած կլիներ մեզ՝ իբրև ժողովուրդ, վերափոխել: Նա ամեն ինչ արել է դրա համար, բայց մենք շատ համառ ենք: Անվերջ Թումանյանին դնում ենք ինչ-որ կաղապարների մեջ: Վախենում ենք նրան ուղենիշ դարձնել, որովհետև ստիպված կլինենք պատասխանատվություն ստանձնել մեր պետության, հայրենիքի և, ընդհանրապես, մարդկության առջև:

-Գիտենք, որ Հովհաննես Թումանյանը եղել է հասարակական մեծ գործիչ և ազգային գաղափարախոս: Ի՞նչ ճանապարհ է ցույց տվել Թումանյանը մեզ՝ մեր հետագա պատմական ընթացքը անշեղորեն անցնելու և որպես ազգ հարատևելու համար:

-Թումանյանի ցույց տված ճանապարհը ինքնամաքրման ճանապարհն է: Առերեսումը մեր պատմության հետ, սխալների և արատների աչքերին բաց նայելը, զղջալը և առաջանալը:
Պատմական նախախնամությամբ Հովհաննես Թումանյանը և Կոմիտաս Վարդապետը ծնվել են միևնույն թվին: Եվ այս փաստը Նարինե Թուխիկյանի համար նույնպես կարևոր խորհուրդ ունի:

-Սա մեծ նվեր է մեզ, որ չենք կարողանում գնահատել ամբողջության մեջ:

-Տարին նոր է մեկնարկել, և թանգարանն արդեն պատրաստվում է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Ո՞րն է Ձեր մաղթանքը:

-Մեր ժողովուրդը տվեց Թումանյան, բայց Թումանյանն էլ տվեց նոր որակ: Ուրեմն՝ մաղթում եմ այդ որակի բազմապատկում մեր հանրության մեջ:

Երկու հանճար՝ Կոմիտաս և Հովհաննես Թումանյան, որոնց կատարած դերի մասին տարիներ անց մեծն Պարույր Սևակը իրավամբ գրել է. «Նայելով մեր ազգի անցյալին՝ պիտի պարտք ունենանք չժխտելու և պատիվ ունենաք հռչակելու, որ եթե Խորենացին է մեծը մեր բոլոր պատմիչների շրջապատում և Կոմիտասն է մեծը մեր բոլոր երաժիշտների միջավայրում, ճիշտ այդպես էլ եթե Նարեկացին է մեր բանաստեղծության հանճարների հանճարը, ապա Թումանյանն է մեր գրականության մեծերի մեծը,-ավելի համընդգրկուն գնահատական դժվար է պատկերացնել»:

Թո՛ղ որ սևակյան այս խոսքերը թևածեն-հասնեն աշխարհի չորս ծագերը, մտնեն և համախմբեն աշխարհասփյուռ մեր եղբայրներին ու քույրերին: Եվ մենք Կոմիտասին և Թումանյանին ուղենիշ ունենալով՝ Արարատի սուրբ լանջին միակամ կերտենք հոգևոր բարձր արժեքների վրա խարսխված ամուր պետականություն: Մեծն Կոմիտասի և Թումանյանի օրհնությամբ գալու է և այդ ժամանակը, քանի որ «մենք փառքեր ունենք հողի տակ թաղված»:

Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում