«Պետությունը պետք է ուշադիր լինի նման մարդկանց հանդեպ»

«Պետությունը պետք է ուշադիր լինի նման մարդկանց հանդեպ»

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի համար 2018-ը հոբելյանական է

Հունվարի 23-ին լրանում է ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի ծննդյան 75-ամյակը: Նա մի շարք մնայուն գործեր է թողել Հայաստանում, այդ թվում` «Վերածնունդ» բարձրաքանդակը (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր), «Ամբոխները խելագարված» բարձրաքանդակը Ստեփանավանում, «Հյուրընկալություն» հարթաքանդակը (Գյումրիի «Շիրակ» հյուրանոց), Եղեռնի զոհերին նվիրված խաչքարը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), «Հայ բարերարների ճեմուղի» հուշակոթողը եւ հուշահամալիրը Երեւանում եւ այլն:

Ֆերդինանտ Առաքելյանի գործերից որոշները պահվում են Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի թանգարանային ֆոնդերում եւ այլուր։ Գրող, արձակագիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լեւոն Ջավախյանը Ֆերդինանտ Առաքելյանի մասին «Առավոտի» հետ զրույցում խոսելիս մեջբերեց Սարոյանի խոսքերը. «Սարոյանն ասում է, թե լավ մարդիկ են լավ գրականություն ստեղծում: Իհարկե, հարաբերական են լավն ու վատը, բայց դրա մեջ մեծ իմաստություն կա` իսկապես լավ մարդիկ են լավ ստեղծագործություններ անում, իսկ եթե լավն ասում ենք, ես էդտեղ տեսնում եմ զուլալը, մաքուրը, արդարը: Ես այդ ամենը տեսնում եմ Ֆերդինանտի մարդ էության մեջ եւ հատկապես իր արտացոլանքում: Իր արտացոլանքը սովորական հայելի չէ, իր արտացոլանքն իր ստեղծագործությունն է, որ մի տեղ կարող է Հռոմի պապին նվիրվի, մի տեղ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղ գտնի…Ինքը փայլուն է: Բացի այդ, ինձ դուր է գալիս նրա քաղաքացիական կեցվածքը: Մեր մտավորականները, չգիտես ինչու, վախենում են կամ հեռու են մնում քաղաքական այս կամ այն իրադարձությանը գնահատական տալուց, իսկ էդ մարդը (Ֆերդինանտ Առաքելյանը- Գ.Հ.) ինչ մտածում է, այն էլ ասում է:

Դա տեսնում ենք թերթերի էջերում, հեռուստատեսությամբ, իր առօրյա զրույցում: Էդ մարդն ապրում է ոչ միայն իր համար, այլեւ իր երկրի, իր հայրենիքի: Իր հայրենիքի ուրախությունը համարում է իր ուրախությունը, ցավը` իր ցավը: Քանի որ այնքան էլ լավ ժամանակներում չենք ապրում, այդ ցավը նա արտահայտում է պարզ, անկաշկանդ, անկեղծ…Մի խոսքով, ես Ֆերդինանտ Առաքելյանին սիրում եմ»:

Երգահան, բանաստեղծ, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկեւիչյանի ձեւակերպմամբ, սովորաբար մարդիկ երիտասարդ տարիներին են ընկերանում, ընկերներ որոնում, հետո տարիների ընթացքում ոմանք մաղվում են, իսկ հասուն տարիքում ավելի քիչ մարդկանց հետ են մտերիմ լինում: «Ի տարբերություն շատերի, Ֆերդինանտ Առաքելյանը այն մարդն է, ում հետ ցանկացած տարիքում էլ կարող ես մտերմություն անել: Իսկ այն, որ նա լուրջ արվեստագետ է նաեւ, արդեն մի քանի անգամ ավելացնում է նրա որակական հատկանիշները: Ինչեւէ, ծանոթացանք, մտերմացանք, ընկերացանք արդեն ավելի քան 10 տարի ու մի տեսակ իմ կյանքում նոր գույն ավելացավ այդ ընկերության շնորհիվ: Ինչ վերաբերում է Ֆերդինանտ Առաքելյանի՝ արվեստագետը լինելուն, միանգամից ասեմ, որ ինձ համար ավելի առաջնայինը կերպարվեստն է, մանավանդ՝ քանդակագործությունը: Ինձ համար Ֆերդինանտի քանդակները երաժշտություն են, նրա ստեղծած աշխատանքներից ես երաժշտություն եմ լսում, գույն, բանաստեղծություն կա նրա արվեստում, Ֆերդինանտ Առաքելյանի արվեստը յուրօրինակ երգարան է: Ֆերդինանտն իր ընտանիքով դարձել է իմ կյանքի բաղկացուցիչներից մեկը: Ես ցանկանում եմ, որ այն տունը, որտեղ մինչ այժմ ապրում է իմ բարեկամը, թող միշտ կանգուն լինի, եւ գոնե իր 100 տարին միասին նշենք»,- ասաց Սասուն Պասկեւիչյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը Ֆերդինանտ Առաքելյանին բնորոշեց որպես մեծ տաղանդի տեր քանդակագործ: «Նա երբեւէ հպանցիկ գործերի չի գնացել, ինչ-որ արել է, նշանակություն ունի մեր արվեստի ու պատմության համար: Որպես քաղաքացի էլ ինքն այնպիսին է, որ միշտ իր դիրքորոշման մեջ կայուն է, երբեք դեմ չի գնա իր սկզբունքներին: Ֆերդինանտ Առաքելյանը նաեւ որպես ընկեր եւ բարեկամ՝ իր բոլոր արտահայտություններում ցուցադրում է հուսալիություն եւ վստահելի է: Շատ ժամանակ ասում են` մարդու հետ կգնա՞ս հետախուզման, ես կասեմ, որ Ֆերդինանտ Առաքելյանի հետ հաստատ կգնամ` վստահ լինելով, որ ոչ մի հարցում չի թերանա: Ուզում եմ իրեն մաղթել առողջություն, որպեսզի երկար տարիներ բոլորիս հիացնի իր արվեստով, նաեւ նոր գործեր ի հայտ գան: Շատ կուզենայի, որ պետությունը ուշադիր լիներ նման մարդկանց հանդեպ եւ համապատասխան պատվերներ տար, որպեսզի նրանք կարողանային ստեղծագործել, այլ ոչ թե սպասեին այս կամ այն մասնավորի քմահաճույքին: Այնպես որ, պետք է նման մարդկանց ներգրավել խոշորագույն իրադարձությունների իրականացմանը»,- ասաց Արամ Սարգսյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում