Խավարից աստղեր կորզելով․ Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը թարգմանվել է հայերեն

Խավարից աստղեր կորզելով․ Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը թարգմանվել է հայերեն

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր ընթերցողների դատին հանձնվեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակը՝ հայերեն թարգմանությամբ:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած գրքի առանձնահատկությունն այն է, որ Էքզյուպերի ստեղծագործությունն առաջին անգամ հենց բնագրից է թարգմանվել հայերեն:

Նախորդ դեպքերում թարգմանությունը ռուսերենից էր եւ ոչ ամբողջական: Գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց՝ «Գիշերային թռիչք»-ը լույս է տեսել 1931թ.-ին եւ նույն տարում մեծ ճանաչում բերել հեղինակին, որն արժանացել է «Ֆեմինա» գրական հեղինակավոր մրցանակին:

«Էքզյուպերի ստեղծագործություններն առանձնահատուկ են նրանով, որ դրանց հիմքում հեղինակի անձնական փորձն է: Այդ փաստն ինձ օգնեց վերաարժևորել այս ստեղծագործությունը,-նկատեց Շուշանիկ Թամրազյանը: Նրա խոսքով՝ «Գիշերային թռիչք»-ն ընթերցողի համար շատ ուղերձներ ունի, բայց կարեւորը գլխավոր հերոսի ճակատագիրն է՝ պայքարը հանուն հույսի:

«Նա փորձում է անթափանց խավարից աստղեր կորզել: Դա մարդու ներաշխարհի ճանապարհն է»,-համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը: Հավելենք, որ Շուշանիկ Թամրազյանը թարգմանում է նաեւ Էքզյուպերիի «Ռազմական օդաչու», «Նամակ պատանդին» եւ «Միջնաբերդը» գրքերը, որոնք լույս կտեսնեն հաջորդիվ: 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում