Գաղափարի ու գործի լավատես մարտիկը՝ որպես հայոց բանակի խորհրդանիշ

Գաղափարի ու գործի լավատես մարտիկը՝ որպես հայոց բանակի խորհրդանիշ

2018-ի հունվարի 28-ին նշվելու է Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը: Անցած տարիների ընթացքում բազում փորձությունների հանդիպած և դրանք պատվով հաղթահարած մեր բանակի հաղթական ոգու լավագույն կրողներից է ՀՀ ԶՈՒ սպա՝ մայոր Սարգիս Ստեփանյանը, որ 2014-ի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս ծառայակից ընկերոջն ականապատված տարածքից դուրս հանելու ժամանակ ստացել է ծանր վիրավորում: Դա նրան չի խանգարել պատվով շարունակել հետագա կյանքը: Արդեն 2017-ին Սարգիսը Լեհաստանի Ռումիա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությունում դարձավ աշխարհի չեմպիոն՝ նվաճելով երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ:

-Սպորտը մի յուրահատուկ աշխարհ է, որ տալիս է ոչ միայն մարզվելու, այլև պայքարելու, հաղթող ճանաչվելու, առաջինը լինելու հնարավորություն: Երբ մարդն ուժեղ է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, դա նրան օգնում է շատ հարցերում: Մարզումների ժամանակ ինձ միշտ ուժ է տվել հաղթող ճանաչվելու միտքը, որով էլ իմաստավորվում է սպորտային կյանքս: Ինչ վերաբերում է բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությանը, պատրաստվել էինք գիշերուզօր՝ իմ նվիրյալ մարզիչ Արտավազդ Նալբանդյանի հետ: Եվ Լեհաստանում քաղեցինք մեր ամենօրյա պարապմունքների պտուղները: Ես սպասում էի, որ պիտի հաղթող ճանաչվեմ, բայց որ նման արդյունք կունենամ, չէի պատկերացնում:

Հաղթանակը (ոչ միայն սպորտում, այլև կյանքում) մարդու հավատքի, գաղափարների, սկզբունքների, ցանկությունների, կողքին գտնվող լավ մարդկանց ամբողջացումն է:

-Մեկ ձեռքով Դուք այսօր հաղթում եք Հայաստանում և աշխարհում: Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս:

-Բոլորի մեջ էլ կա այդ ուժը, ուղղակի պետք է արթնացնել, զարգացնել, ամենակարևորը՝ մարդ հոգեպես պետք է ուժեղ լինի, հավատա Աստծուն, իր ուժերին, գիտակցի՝ իրեն ինչ է պետք: Այսօր ես շատ ծրագրեր ունեմ, որոնց մեջ կարևորում եմ 2018-ին հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզասրահ բացելը, որ հարմարեցված կլինի բոլոր առումներով, անգամ մեքենա կտրամադրենք դժվարությամբ տեղաշարժվողներին: Չնայած համոզված եմ, որ եթե մարդ ցանկանում է պարապել, ապա կկարողանա հաղթահարել բոլոր խոչընդոտները, ամեն դեպքում մեր մարզասրահում աշխատելու ենք որքան հնարավոր է հեշտացնել պայմանները:

Սպասարկումը լինելու է անվճար, յուրովի մոտեցում ենք ցուցաբերելու այն մարդկանց, որոնք հեռանկար ունեն և կարող են հանդես գալ միջազգային ասպարեզում: Ինձ համար ցավալի էր տեսնել, որ բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից միայն ես էի մասնակցում՝ որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ ի տարբերություն անգամ մեզ հարևան երկրների:

-Պարո՛ն Ստեփանյան, այսօր Դուք պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ եք հատկապես զինհաշմանդամություն ունեցող երիտասարդ տղաների համար: Ի՞նչ խորհուրդներ եք տալիս, քանի որ հայտնի է՝ հաճախակի եք հանդիպում նրանց:

-Տղաներին տեսության գնալն իմ սրբազան պարտքն է: Կան թե՛ ընկճվող, թե՛ խնդիրները շուտ հաղթահարող մարդիկ, ամեն մեկին յուրովի մոտեցում է անհրաժեշտ: Երբ գնում ու տեսնում եմ, որ տրտնջում են, հատկապես ծնողների ներկայությամբ, ազդեցիկ զրույց եմ ունենում՝ հասկացնելով, որ դրա իրավունքը չունեն, քանի որ դժգոհելով ոչինչ չի փոխվի:

Իսկ երբ տեսնում եմ ոգին տեղը տղաների, ավելի լավ եմ զգում և հասկանում եմ, որ մեր թիմը մեծանալու է, համախմբվելու ենք ուժեղ մարդկանցով: Ես դեռ հիվանդանոցում եմ հասկացել, որ ինչ եղել է, պիտի դնել մի կողմ և շարունակել ապրել: Պետք է շարունակել կյանքը նույն ձևով՝ առանց մտածելու կատարվածի մասին, առանց քեզ ցավեցնելու, հոգեպես ընկճելու, որովհետև այդ դեպքում մարդը գնում է ինքնաոչնչացման: Ես այսօր ակտիվ եմ նաև սոցհարթակներում, քանի որ հանրությանը ոգեշնչողներ են պետք: Որոշ խնդիրներ ունեցող մարդիկ, տեսնելով իմ հաջողությունները, հասկանում են, որ իրենք էլ կարող են ավելին անել, ընդամենը ձգտում է պետք: Կարիք չկա անիմաստ վատնել մեր կյանքի օրերը:

-Ձեր հայրիկից ստացած դաստիարակությունը որքանո՞վ է ազդեցություն ունեցել Ձեր մարդկային տեսակի ձևավորման վրա, և այսօր Դուք ի՞նչ հիմնական դասեր եք տալիս Ձեր երկու որդիներին:

-Տղա երեխայի դաստիարակության հարցում հոր դերը շատ մեծ է: Հայրս Արցախյան պատերազմի բովով անցած ու հաղթած այն մարդկանցից է, որի պատգամները ես չեմ կարող բառերի վերածել, նրա ամեն մի քայլի մեջ իմաստ ու խորհուրդ եմ տեսնում և նույն ձևով փորձում եմ դաստիարակել տղաներիս:

Իմ նպատակն է, որ նրանք լավ մարդ դառնան, այս երկրին պիտանի քաղաքացի:
Նրանք տեսնում են, որ ես այսօր ավելի շատ եմ սիրում իմ հայրենիքը, որովհետև կարողացել եմ իմ փոքրիկ ծառայությունը մատուցել: Եվ շարունակելու եմ պայքարել հանուն մեր հայրենիքի զարգացման, իսկ հայրենիքը ժողովուրդն է, նահատակ տղաներն են, որ ընկան հանուն մեր անկախության: Հայրենիքը հողն ու ջուրը պահողն է, քարը քարի վրա դնողը, հայրենիքի նկատմամբ սրտացավ վերաբերմունք ունեցողը: Եվ ես ամեն ինչ անում եմ, որ իմ որդիներն ունենան այդ սրտացավությունը: 2014-ի դեպքից հետո ես միշտ նրանց ներկայացել եմ այնպես, ինչպես սովոր են ինձ տեսնել: Նրանք առ այսօր ոչ մի փոփոխություն չեն զգացել իմ մեջ: Իմ ընտանիքում ես կարևորում եմ այն, որ մենք փոխադարձաբար օգնում ենք միմյանց: Ես աշխատանքի, մարզումների, գործնական և ընկերական հանդիպումների բերումով ողջ օրը տանից հեռու եմ լինում, և երբ արդեն վերադառնում եմ ընտանիք, նրանք ինձ օգնում են վերականգնվել:

-Մարդիկ մի տեսակ հուսահատ են այսօր, ինչո՞ւ:

-Ցանկացած երկրի հասարակության մեջ էլ կա խավ, որը լույսը չի տեսնում, որովհետև չի ուզում: Իհարկե, դժվարություններ շատ կան ու լինելու են, բայց եթե ամեն մեկս կարողանանք մեր ձևով պիտանի լինել, հաստատ ավելի հեշտ կհաղթահարենք մեր խնդիրները: Միայն վատը դրոշակ դարձնելով՝ ոչնչի չենք հասնի: Խնդիրը մերն է, ցավը մերն է, և եթե կարողանանք ամեն մեկս մեր տեղում լիարժեք և սիրով կատարել մեր պարտականությունները, դրանք կքչանան: Պետք է լուսավոր գաղափարների շուրջ որքան հնարավոր է շատ մարդիկ հավաքվեն:

-Ի՞նչ նկարագիր ունի այսօր հայ զինվորականը:

-Ոչ ոք իրավունք չունի գնահատական տալու, եթե գոնե մեկ անգամ սահմանին չի եղել: Մեր վաղվա ապահով օրվա, ավելի լուրջ հաջողությունների և հակառակորդի ցանկացած ոտնձգության պատշաճ հարված տալու համար մենք ունենք մշտապես վերապատրաստվելու և կրթվելու, մասնագիտական հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու կարիք: Կարևոր է՝ երբեք չկորցնել ոգու ուժը, պայքարելու կամքը, հաղթելու ցանկությունը:

-Ի՞նչ կմաղթեք հայ զինվորին Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի առիթով:

-Շատ կուզենայի, որ ողջ աշխարհում պատերազմ չլիներ, որի հետևանքներն ավելի խորը հասկանում են կորուստներ ունեցած ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ: Մյուսներն ամեն օր չէ, որ առնչվում են այդ ցավին: Դրա համար խաղաղությունից ավելի կարևոր բան չկա, ինչն էլ մաղթում եմ բոլորիս: Իսկ հայ զինվորին ուզում եմ նախ շնորհակալ լինել մեզ պարգևած խաղաղ օրերի համար« ապա մաղթել անփորձանք ծառայություն:

Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում