Միտքը հաստատուն է, իսկ դու գիտես, թե քանի տարեկան է

Միտքը հաստատուն է, իսկ դու գիտես, թե քանի տարեկան է

Այդպես էլ չգտա մի հեքիաթ, որի հերոսը կուզենայի լինել։ Հիմա հերոսներ չկան, ոչ գրի, ոչ կյանքի, ոչ… ոչ… հիմա հեքիաթներ էլ չեն գրվում, որովհետեւ բարին չկա… Հաճախ եմ ժամանակ տրամադրում` ստուգելու համար, արդյոք սխալներ թույլ չեմ տվել… մեղքերս շատ են…

Երկնքից խեժահամ անձրևը թափվում էր բերանս, վետվետում էր կապույտը, մարդու աչք էր մտնում… թանձր ամպերը համբուրում էին պատուհաններն ու հեռանում: Պատմությունը շարունակվեց հետո… Ընկել էի պատուհանի ու տան արանքը… մոռացա սկիզբը, չկար, մոռացել էի մեռնող ու հարություն առնող պատմությունները, որ զարմացրել էր բնությանն ու իր մեջ առել սկիզբը…

Բարի օր ցանկացա մարդուն, աշխարհին ու ինձ: Հայելու մեջ արտացոլված հորս դեմքը մնացել էր սեղանին` շրջանակի վրա: Դարձյալ հրաժեշտ եմ տալիս, կրկին հանդիպելու պայմանով… այնքան մեծ ուժ կա անցյալի մեջ, որ այժմ կարող եմ խոստանալ քեզ, որ կգտնեմ սկիզբն ու կհայտարարեմ, որ միտքը հաստատուն է, իսկ դու գիտես, թե նա քանի՞ տարեկան է… պետք էլ չէ… Երկնքում մեռած, ընկած էր լուսինը… ես շոշափելով գտա անկողինս` պառկեցի: Քունը անսպասելիորեն վրա հասավ: Պատուհանից դուրս, թույլ, նվազ այգաբացը նշմարվում էր դեմքիս, այժմ գլխիս կանգնած սկիզբ էր նկարում… ես անշարժացել էի գիշերվա անկանոն ձայներից, այժմ դադարել էի ինքս ինձ լսել… Ես, անտարբերությամբ երես թեքեցի աշխարհից, կարծես ճարճատվում էր կտավը հայելու մեջ, չկար արտացոլանքը մարդու: Սկիզբը` տարօրինակ կերպով նման չէր աշխարհին: Երես թեքեցի աշխարհից… դիմագծերս նման էին աշխարհին…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում