Հայ եկեղեցու սրբարար խորհուրդները

Հայ եկեղեցու սրբարար խորհուրդները

Եկեղեցու յոթերորդ սրբարար խորհուրդը կոչվում է Կարգ հիվանդաց: Այս խորհրդով եկեղեցու սպասավորի կողմից աղոթք է կատարվում հիվանդի վրա, Ավետարան ընթերցվում, ձեռք դրվում, որպեսզի հիվանդը հավատքով և Սուրբ Հոգու շնորհով կազդուրվի և զորանա՝ բժշկվելով իր մարմնական և հոգեկան ախտերից ու հիվանդություններից: Խորհրդի հիմնական նպատակը հիվանդի մեղքերը սրբելն է՝ նրան զղջման և խոստովանության առաջնորդելով, նրա հավատը զորացնելով՝ աստվածային հույսով և սիրով լցնելով նրա հոգին: Այս խորհուրդը կատարվում է ցանկացած հիվանդության պարագայում, անկախ այն բանից՝ հիվանդը մահվան վտանգի մե՞ջ է, թե՞ ոչ: Ըստ Սարգիս Շնորհալու՝ «Երբ քահանայի աղոթքներով բժշկվում են հիվանդությունները, նրանց հետ միասին վերցվում են նաև հիվանդության պատճառ դարձած մեղքերը»:

Այս խորհուրդը մյուս խորհուրդների նման հիմնված է Քրիստոսի խոսքերի, Նրա ուսուցումների և գործերի վրա: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Քրիստոս Իր աշակերտներին «իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթեոս Ժ 1-2, Մարկոս Զ 13, Ղուկաս Ժ 9, 17-20): «Եվ նրանք ելան և քարոզում էին, որպեսզի մարդիկ ապաշխարեն: Եվ բազում դևեր էին հանում, բազում հիվանդների օծում էին յուղով ու նրանց բժշկում» (Մարկոս Զ 12-13): Այս սովորությանը հետևելով է սուրբ Հակոբոս առաքյալը գրում․ «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, և Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբոս Ե 14-15):

«Գործք առաքելոց»-ի մեջ էլ կարդում ենք, որ առաքյալներն աղոթում էին, ձեռք էին դնում հիվանդների վրա և բժշկում նրանց (Ե 16« ԻԸ 8-9):

Մեր Տեր Հիսուս Քրիստոս այս խորհուրդը կատարում էր՝ միայն հավատ պահանջելով ցավագարներից ու հիվանդներից։ Նա բժշկում էր թե՛ խոսքով և թե՛ ձեռք դնելով (Մատթեոս Ը 3-15, Թ 18, 25, Մարկոս Զ 5, Ը 25, Ղուկաս Դ 4), երբեմն թուք էր գործածում (Մարկոս Է 33, Ը 23), երբեմն էլ բժշկում էր կավով ծեփելով հիվանդի աչքերը և թելադրում, որ լվացվի Սիլովամի ավազանում (Հովհաննես Թ 6-7): Յուրաքանչյուր ոք բժշկվում էր ըստ իր հավատի չափի, ինչպես օրինակ՝ Երիքովի կույր մուրացկանի բժշկության դրվագում ենք տեսնում: Տերը, բժշկելով մեծ հավատով Իրեն դիմած կույրին, ասում է․ «Քո հավատը քեզ փրկեց» (Ղուկաս ԺԸ 42): Առաքյալներն ու աշակերտները, հետևելով իրենց Տիրոջ օրինակին, բժշկություն էին կատարում նաև առանց յուղի գործածության՝ հավատով, աղոթքով և ձեռք դնելով (Գործք Գ 7-8, Թ 40-41« ԻԸ 8):

Հիշյալ հատվածներում նկարագրվող գործողություններից հայտնապես երևում է, որ ոչ թե յուղն էր բժշկում հիվանդին, այլ անկեղծ հավատը, աղոթքը և Քրիստոսի անվան զորությունը: Այս է վկայում նաև Սարգիս Շնորհալին․ «Ոչ թե յուղն էր հիվանդին առողջություն տալիս, այլ Տիրոջ անունը»:

Հայոց եկեղեցին այս խորհուրդը նախապես կատարել է մյուռոնի գործածությամբ: Սակայն հետագայում մեր եկեղեցու հայրերը նպատակահարմար գտան օծման արարողությունն անջատել աղոթական մասից, միավորել Դրոշմի խորհրդին՝՝ այն դարձնելով մեկ անգամ կատարվող խորհուրդ: Իսկ հիվանդաց կարգը սկսեց կատարվել աղոթքով, Ավետարան կարդալով, ձեռք դնելով՝ առանց օծման: Կարգը կատարող քահանան նախ հիվանդի կողմից ջերմեռանդությամբ կարդում է Զ սաղմոսը․ «Ողորմեա ինձ, Տէ՛ր, զի հիւանդ եմ», «Տէ՛ր, մի՛ սրտմտութեամբ Քով յանդիմաներ զիս» և այլն, ապա կարդում բժշկության Ավետարաններից մեկը, հետո «Վասն հիւանդաց» և «Փարատեա» աղոթքները՝ ըստ «Մաշտոց» ծիսամատյանի:

Հիվանդաց կարգից բացի՝ Հայ եկեղեցին ծանր կամ մահամերձ հիվանդների համար ունի «Հաղորդ տալոյ» առանձին կանոնը․ քահանան հատկապես աղոթում է, որ Տերը հիվանդին արժանացնի «վերջին թոշակին»՝ Հաղորդությանը, սակայն նշենք, որ հիվանդն առանց մահամերձ կամ ծանր լինելու էլ կարող է տանը կամ հիվանդանոցում Հաղորդություն ստանալ, եթե ի վիճակի չէ եկեղեցի գնալու: Հայ եկեղեցին մեծ կարևորություն է տալիս մահամերձ հիվանդներին Հաղորդություն տալուն՝ որպես հանդերձյալ կյանք մուտք գործելու նախապատրաստություն: Հաճախ է պատահել, որ մահամերձ հիվանդները, հաղորդվելով Տիրոջ Մարմնի և Արյան Սուրբ Խորհրդին, անակնկալ կերպով ապաքինվել են:

Սուրբ Գիրքը խրատում է ամեն պարագայում, ցանկացած իրավիճակում գոհացող լինել Տիրոջից, Աստծով զորացած՝ համբերությամբ տանել ամեն ցավ ու դժվարություն: «Եթե մարդը գոհությամբ է տանում հիվանդությունը, Աստված նրան վարձատրում է փոխարենը և առողջացնում, իսկ եթե նույն տկարության մեջ դժգոհությամբ և մեղքով է մնում, այստեղ էլ, այնտեղ էլ տանջում է նրան»: Ուրեմն «Ուրա՛խ լինենք միշտ, անդադար աղոթե՛նք, ամեն ինչում գոհությո՛ւն մատուցենք, որովհետև ա՛յդ է Աստծո կամքը մեզ համար ի Քրիստոս Հիսուս։» (տե՛ս Ա Թեսաղոնիկեցիներ Ե 16)£

Պատրաստեց  Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում