Կամերային երգչախմբի տնօրեն․ «Տհաճ վիճակում կհայտնվենք և մենք և մեր երկիրը»

Կամերային երգչախմբի տնօրեն․ «Տհաճ վիճակում կհայտնվենք և մենք և մեր երկիրը»

 Հայաստանի պետական կամերային երգչախումբը կարող է փաստի առաջ կանգնել, եթե ճանապարհածախսի գումարի հարցը չլուծվի եւ Բերկլի համալսարանի դահլիճում նախատեսված համերգը չկայանա:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը նշեց. «Դա շատ պատասխանատու համերգ է, ամենամյա երաժշտական փառատոն է, երաժիշտներ են ժամանում աշխարհի տարբեր ծայրերից: Կազմակերպիչն է ամերիկյան Cal Performances կազմակերպությունը: Փառատոնում ելույթներ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ ու խմբեր, որոնց թվում են եղել Մացուեւը, Գերգիեւը եւ այլք, առաջին անգամ հրավիրված է նաեւ Հայաստանի կամերային երգչախումբը:

Ընդհանրապես, Հայաստանից առաջին անգամ է հայկական խումբ հրավիրվում: Արդեն համերգը նշանակված ապրիլի 14-ին: Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է փառատոնի կայքում: Դրան զուգահեռ մի քանի օր առաջ էլ համերգ է նախապատրաստել նաեւ Disney Hall-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ օրերին լինելու ենք ԱՄՆ-ում: Անցյալ տարվա ԱՄՆ-ի մեր համերգից հետո այդ հրավերը եղավ: Մի խոսքով, երկու համերգ պետք է զուգորդվի»: Արմեն Արաբյանը հավելեց, որ մշակույթի նախարարությունը չի կարողանում երգչախմբի ճանապարհածախսը հոգալ, բայց նախարարը խոստացել է միջոցներ հայթայթել հովանավորների միջոցով: «Հույս ունենք, որ կստացվի, այլապես տհաճ վիճակում կհայտնվենք եւ մենք, եւ մեր երկիրը, մանավանդ որ հայտագիրը կա, բայց մենք հանկարծ ներկա չլինենք: Հրավիրող կողմը բավականին մեծ գումար է ծախսել, միլիոններ` դահլիճի վարձակալության, հյուրանոցի եւ այլնի համար»,- շեշտեց կամերային երգչախմբի տնօրենը: «Ի դեպ, Արմեն Ամիրյանն էլ, երբ անցյալ տարի հարցնում էի, եթե վստահ չեք, որ գումարը չի լինի, հանենք համերգը, ասաց, որ ոչ մի դեպքում պետք չէ հանել համերգը»,- ասաց Արմեն Արաբյանը: Հավելենք, որ երգչախմբի կեցության եւ տրանսպորտի հարցերը պատրաստ է հոգալ հայկական համայնքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում