Ժամացույցի առջև

Ժամացույցի առջև

Դու մե՜ծ ես, այո,
Եվ ես` փո՜քր, այո.
Բայց դու նման ես այն մեծ սլաքին,
Որն իմ` ժամերը նշող սլաքի,
Ամեն մի քայլին հասնելու համար,
Վեց տասնյակ քա՜յլ է ստիպված անում.

Նոր բան չե՜մ ասում,
Ոչ էլ` քեզանից ինձ գերադասում,
Կամ ձգտում հատուկ դիրքի ու փառքի.-
Մենք ծառայում ենք նույն ժամանակին
Եվ ցույց ենք տալիս ժամանակը նույն.
Ես` դարի ժամը`
Դու… րոպե՜ն դարի.
Իսկ մնացածը` ինչպես ուզու՜մ ես.-
Մեծը դու՜ կոչվիր,
Դու՜ փառք վաստակիր,
Միայն, լսու՞մ ես,
Գեթ հանուն դարի,
Հանուն քո երդված մեծ գաղափարի,
Ինձ… մի խանգարի:

Գևորգ ԷՄԻՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում