Իսահակյանը ծնողներիս որ հանդիպում էր, հարցնում էր. «Դոշակը ո՞նց ա». Գուժ Մանուկյանի հուշերից

Իսահակյանը ծնողներիս որ հանդիպում էր, հարցնում էր. «Դոշակը ո՞նց ա». Գուժ Մանուկյանի հուշերից

Նարեկացի արվեստի միության «Պոեզիա և կինո» խորագիրը կրող գրական միջոցառման հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն էր: Միջոցառման վարողը՝ Աբգար Ափինյանը, ներկայացրեց նրա դիմանկարը, հանդիսատեսը սիրված դերասանի մասնակցությամբ ֆիլմերից պատառիկներ դիտեց: Ափինյանը հիշեց, որ մարզերում իրենց հանդիպումներից մեկի ժամանակ Գուժ Մանուկյանի երկրպագուներից մեկը՝ մի մեծ կին, տեսնելով նրան, կանչել է ընկերուհիներին, որ նրանք ևս տեսնեն սիրելի արտիստին: «Եկեք, եկեք, մեր վերջին դերասանն ա»,- ասել է նա: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը հուզեց դերասանին. «Ես համեստությամբ չեմ փայլում, սակայն սկսեցի կարմրել՝ և ներքուստ, և արտաքուստ»:

Դերասանն ասաց, որ փոքր դահլիճում կազմակերպված այս հանդիպումն իրեն ընտանեկան հավաք հիշեցնում: Հարցին՝ ինչպիսի՞ն է պատկերացնում մերօրյա մտավորականին, Մանուկյանը կատակով ասաց. «Ինձ նման»: Նա խորհուրդ տվեց աշխատել սիրով ու նվիրումով: «Ինչ որ անես, պետք է սրտով անես, սրտանց, նվիրված»:

Դերասանի մասնագիտության էությունն, ըստ Մանուկյանի, ուրիշի կերպարի մեջ մտնելն է:

«Միշտ ասում ենք՝ մենք ուրիշի խոսք ասող ենք. դրամատուրգը ինչ որ գրում է, մենք վերցնում ենք, ամեն մարդ իր շնորհքի չափով, տվյալ կերպարը հասկանալով, աշխատում է հանդիսատեսին մատուցել, հասկացնել, թե իր ստեղծած կերպարը, անձնավորությունը ինչպիսին է: Եվ աշխատում ես ամեն տեղ լինել բնական, ճիշտ: Սա է դերասանի առաքելությունը՝ իմ կարծիքով: Գաղտնիքներ չկան»,- նշեց նա:

Մանուկյանը որոշ զավեշտալի դեպքեր հիշեց իր կյանքից՝ մանկությունից մինչև հասուն տարիք:

***
«Մի օր՝ ներկայացումից դուրս եմ գալիս, մի տարիքով կին երկրպագու մոտեցավ, ասաց.

-Սիրելի Գուժ Մանուկյան, մի հարց ունեմ Ձեզ:
Ասացի.
– Խնդրեմ:
– Ի՞նչ է Ձեր անունը:
-Գուժ:
Ասաց.
– Ի՞նչ եք ասում, ես կարծում էի՝ Գուժմանուկյան Ձեր ազգանունն է:
Ապա հարցրեց.
– Դուք ինձ հիշեցի՞ք:
Է, որտեղի՞ց հիշեմ, բայց ասացի.
– Այո, իհարկե:
Հարցրեց.
– Որտեղի՞ց:
– Մենք, կարծեմ, հանդիպել ենք մայիսի 1-ին:
Լռություն:
-Նոյեմբերի 7-ի՞ն…. Նոր տարու՞ն՝ հունվարի 1-ին…
– Սիրելի Գուժ, մենք հանդիպել ենք Թաթուլենց տանը
-Հա, հիշեցի:
Ասաց՝
– Բայց ո՞ր Թաթուլենց
Ասացի՝ «Թաթուլ Ալթունյանենց… Թաթուլ Դիլլաքյանի…»:
– Սիրելի Գուժ, հարգելիս, ես Վաչիկի մաման եմ:
Ասացի՝ «Վաայ», ասաց՝ «Ո՞ր Վաչիկի»:
Հիմա որ մեկն ասում է՝ հիշեցի՞ք, ասում եմ՝ իհարկե, բայց հետո վախենում եմ՝ ասի՝ որտեղի՞ց:

***
Ինձ մոտ երևակայության առկայծումներ եղել են դեռ փոքրուց: Մեր բակում բուրդ էին չփխում, փողոցով (Լենինականի մասին եմ ասում), ոչխարների սուրու էր գնում՝ պատից մինչև պատ, ամբողջ փողոցով, միայն երևում էր ոչխարների բուրդը, ես՝ 3 տարեկան, ճիպոտը ձեռքիս, ընկնում եմ մեջները, խփում եմ, ասում եմ. «Մամա, մամա, դոշակը գնում ա»:

Իսահակյանը ծնողներիս որ հանդիպում էր, հարցնում էր. «Դոշակը ո՞նց ա»:

***
Լենինականում «Հոկտեմբեր» կինոյի դիմաց մի դեղատուն կար: Այն ժամանակ գնդակ, մեքենա, այդպիսի բաներ, որ այսօր կան, մենք ե՞րբ ունեինք: Գնդակ չկար, ֆուտբոլ էինք ուզում խաղալ՝ կանացի զուգագուլպաներ էինք փաթաթում: Ու հանկարծ՝ հայրիկիս հետ քայլելիս, դեղատան ցուցափեղկում տեսնում եմ կլոր գնդակ, նայում եմ, ասում.

– Պապա, թոփ կուզեմ:
Թոփը Լենինականի լեզվով գնդակն է: Պապաս հասկանում է, թե ինչ է, ասում է.
– Բալիկ ջան, ըդիկ թոփ չէ., ըդիկ կլիզմա է:
Բանն այն է, որ սուր ծայրը դեպի ներս էր, ես կլոր հատվածն էի տեսնում: Իմ պատասխանը.
– Է կլիզմա է, կլիզմա կուզեմ:

***
Հենրիկ Մարգարյանը նկարում էր «Հեղկոմի նախագահը», Մոսկվայի պատվերն էր դա, ես ՉէԿա-ի նախագահ էի խաղում: Դրվագ կար, որ Հեղկոմի նախագահն ինձ ուղարկում է ընդառաջ այն գնացքին, որը հակառևոլյուցիոն ուժերը այրել են: Գնացքով հաց էին բերում: Ես գնում եմ ընդառաջ, տեսնում եմ՝ այրվում է գնացքը, վազում եմ մինչև վերջին վագոնը, հետ եմ գալիս, բարձրանում եմ մեքենավարների խցիկ, տեսնում եմ՝ մեկը՝ մահացած, մյուսը՝ վիրավոր:

Նկարվեցի, վերջացրի, Մարգարյանն ասաց՝ մի դուբլ էլ նկարենք: Ծխի միջով գնում եմ վերջ, վազելով գալիս, պատկերացնում եք՝ սապոգներով, հագած-կապած, բարձրանում եմ, երկրորդ դուբլ…: Մարգարյանն ասաց՝ մի դուբլ էլ, հա՞, երրորդ դուբլ: Ասացի՝ լավ, գնացի, երրորդ դուբլն եմ գալիս, զգում եմ՝ արդեն աստիճաններով զոռով եմ բարձրանում: Բարձրացա վերև, դուրս եկա, ասաց՝ չորրորդ դուբլ: Էլ ոչինչ չեմ լսում, իջա ներքև, ռելսերի վրա փռվեցի:

Բոլորը խառնվեցին իրար, մենք էլ այնպիսի տեղ էինք, ուր մեքենա էլ չէր կարող գալ: Ռացիայով կապվեցին շտապօգնության հետ, նրանք եկան «դրեզինայով», քույրն ու բժիշկը եկան, ինձ տեղափոխեցին կանաչների վրա, պառկեցի: Բժիշկը՝ բոյով, բեղ-մորուքով, իսկը Թումանյանը՝ այնտեղ դրած: Ստուգեցին զարկերակս, ճնշումս, ինչ-որ դեղ տվեցին, ինչ-որ բան սրսկեցին, մի քիչ աչքերս բացեցի, բժիշկը երկար նայեց, հետո ինձ ասաց. «Տղա ջան, ես չիդեմ, թե դու ինչ կէնես, բայց ինչ-որ կենես, պդի չէնես»: Պարզվեց՝ որ վազել եմ, թթվածնի պակաս է եղել, թոքերս ծխով են լցվել: Դե, արվեստը զոհեր է պահանջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում