Դա գաղտնիք է՝ խուսափելու թուրքական կողմից խափանման փորձերից. Իտալաբնակ պրոդյուսերը՝ «Մայրիկ» ֆիլմի թարգմանության ու հայկական մշակույթի մասին

Դա գաղտնիք է՝ խուսափելու թուրքական կողմից խափանման փորձերից. Իտալաբնակ պրոդյուսերը՝ «Մայրիկ» ֆիլմի թարգմանության ու հայկական մշակույթի մասին

Օրերս Անրի Վերնոյի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Մայրիկ» գիրքը թարգմանվեց նաև իտալերեն: Aysor.am-ի զրուցակիցը Իտալիայում բնակվող դերասան, պրոդյուսեր Էդգար Հովսեփյանն է: Նրա հետ զրուցել ենք առաջիկա միջոցառումների, տեղի հայկական համայնքի, հայկական շոու և թատերական արվեստի մասին: Չենք մոռացել անդրադառնալ նաև այս օրերին ամենաշատը քննարկվող «Եվրատեսիլին»:

– Էդգար, օրերս տեղեկացանք, որ Անրի Վերնոյի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Մայրիկ» գիրքը թարգմանվել է նաև իտալերեն: Ծանո՞թ եք գաղափարի հեղինակին:

– Այո, գիրքը թարգմանվել է իմ լավ ընկեր, հոյակապ լրագրող և հայ ժողովրդի բարեկամ Լետիցիա Լեոնարդիի կողմից: Նա, իսկապես, մեծ աշխատանք է կատարել՝ թարգմանելով գիրքը և ներկայացնելով իտալացիներին, ինչի համար Իտալիայի բոլոր հայերի անունից շնորհակալ եմ մեր ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին:

– Հետաքրքրվա՞ծ են իտալացիները հայկական իրականությամբ:

– Այո, հաշվի առնելով վաճառքի քանակը, կարող եմ փաստել՝ այն մեծ հաջողություն է ունեցել, հետքրքրություն է առաջացրել իտալացիների մոտ: Լեոնարդին շրջագայել է բոլոր քաղաքներն ու գյուղերը, որպեսզի հնարավորինս շատ իտալացիների ներկայացնի հայերի պատմությունը:

– Մոտենում է ապրիլի 24-ը: Իտալիայի հայկական սփյուռքը որևէ միջոցառում կազմակերպո՞ւմ է այդ օրերին:

– Այո, այս տարվա ապրիլի 24-ի համար էլ մեծ միջոցառում ենք պատրաստում: Այստեղ ենք հրավիրել Պարի պետրական անսամբլի պարողների մի մեծ խմբի, կլինեն ելույթներ հայկական ավանդական տարազներով: Այս պարագայում պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկեր, հայազգի բարեգործ Ջորջիո Օրֆալյանին, ով այս ամենը կազմակերպելու համար առաջնահերթ համագործակցել է Հայաստանի մշակույթի նախարարության հետ: Միայն թե հիմա չեմ կարող նշել մշակութային այն վայրը, օջախը, որտեղ տեղի է ունենալու միջոցառումը: Դա ներկայում գաղտնիք է՝ խուսափելու համար թուրքական կողմից խափանման փորձերից:

– Որքան գիտեմ, այդ օրվա համար նաև երգ է գրվում: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ երգ է, ո՞վ է հեղինակը, ո՞վ է կատարելու…

– Երգի հեղինակը ես եմ: Ճիշտն ասած՝ այս երգը դեռ նախորդ տարի եմ գրել, բայց այն այդպես էլ մնացել էր իմ գրապահարանում: Այս տարի որոշեցի դուրս բերել ու ներկայացնել: Կարծում եմ՝ Շառլ Ազնավուրի «PER TE ARMENIA» երգից հետո սա կլինի երկրորդ իտալական երգը, որը կխոսի Հայաստանի մասին: Դա ինձ ավելի է երջանկացնում և մեծ պատասխանատվության զգացում ներշնչում: Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր երգչին կվստահվի այն կատարելը, չեմ կարող հստակեցնել: Իմ մտքում երեք կարևոր անուն կա, մնում է հասկանամ՝ ո՞ւմ ձայնն է առավել հարմար այս երգի համար: Շուտով ամեն ինչ պարզ կլինի:

– Մե՞ծ է Իտալիայի հայկական համայնքը:

– Իտալիայում կա մոտ 4-5 հազար հայ: Կան տարբեր հայկական համայնքներ: Ամենամեծը Հռոմի և Միլանի համայնքներն են: Ցավոք, Իտալիայում հայկական համայնքները հաճախ միմյանցից առանձնանում, բաժանվում են, միմյանց հետ չեն համագործակցում: Միասնություն չկա, ու դա մեր ժողովրդին բնութագրող գիծ է: Ցավոք կամ բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճանաչում Իտալիայում բնակվող հայերի մեծամասնությանը: Ճիշտ է, միջոցառումների, հավաքույթների ժամանակ ես հաճախ եմ հանդիպում հայերի, ովքեր ինձ լավ են ճանաչում, բայց ես առաջին անգամ եմ տեսնում նրանց: Բայց այդ ճանաչելն ինձ երջանիկ է դարձնում, քանի որ հասկանում ես, որ քո հայրենակիցները գոնե գնահատում են աշխատանքդ, որն է՝ ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթը, հայ արվեստը: Ի դեպ, ասեմ, որ Վատիկանի արխիվների հայազգի գիտաշխատողի հետ 2016 թվականին ստեղծեցինք մի ծրագիր, որի միջոցով փորձում ենք միախմբել Իտալիայի հայ երիտասարդությանը, որպեսզի հետագայում այս աստիճան բաժանված չլինեն հայերը: Ծրագիրը կոչվում է «UNIONETALENTI» (տաղանդների միասնություն): Սա մի միջոց է, որ կարող է երիտասարդներին օգնել՝ ինտեգրվել ու չանել ավագների սխալները, լինել միախմբված օտար երկրի մեջ:

– Սակայն, այլ պետություններում (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա…), կարծեք, առավել համախմբված են հայերը, զորեղ համայնք ունեն:

– Ընդհանրապես, հայ համայնքների խնդիրը շատ ակտուալ է Եվրոպայում, նույնիսկ Ձեր նշած երկրներում, որտեղ շատ հայեր կան: Պարզապես, Իտալիայում առավել շատ է այդ խնդիրը զգացվում, որովհետև հայերը շատ քիչ են: Ինչ խոսք, այնպես չի, որ ասածս համատարած է. այստեղ էլ հայերը միմյանց ձեռք են մեկնում, հասնում, եթե ինչ-որ մեկը դժվարության մեջ է: Բայց դա զուտ անհատներին է վերաբերում, և ոչ թե համայնքների կազմակերպված աշխատանքին: Այդ միասնությունը հատկապես հարկավոր է նորեկներին օգնելու համար:

– Իսկ հայ հասարակությունը որքանո՞վ է ինտեգրված իտալական միջավայրին:

– Իտալիայում հայերի ինտեգրումը նախանշված է ամենից առաջ մասնագիտական ոլորտներում: Այս պարագայում պետք է մեծ հպարտությամբ ասեմ, որ յուրաքանչյուր ոլորտում հայերն ամենալավ աշխատողներից են: Մենք ունենք միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետներ. քանդակագործ Վիգեն Ավետիս, նկարչուհի Լիանա Ղուկասյան, դերասաններ, բժիշկներ, գրողներ և երաժիշտներ: Հայ ժողովուրդը շատ հայտնի չէ Իտալիայում, բայց վերջին տարիներին մեր աշխատանքի շնորհիվ կարողացանք շատ ու շատ իտալացիների ծանոթացնել հայկական մշակույթին: Ու հավատացեք, նրանք շատ են գնահատում մեր մշակույթն ու արվեստը:

– Էդգար, քանի՞ տարի է այդտեղ եք: Ինչո՞ւ եք գնացել:

– Երբ ընտանիքս որոշեց տեղափոխվել Իտալիա, շատ փոքր էի, չզգացի այդ մեծ փոփոխությունը: Արդեն շատ երկար տարիներ է, որ Իտալիայում եմ ապրում, ու հիմա սա դարձել է իմ տունը, իմ էության մի մասը: Բայց պետք է շնորհակալություն հայտնեմ իմ ընտանիքին, որովհետև նրանք երբեք թույլ չտվեցին մոռանալ իմ հայկական ծագումը, իմ լեզուն: Եվ ինչպես ես ասում եմ իմ երգերից մեկում, «Գնա առաջ՝ դեպի նոր հորիզոններ: Բարձրացիր բոլոր աստիճանները, հասիր գագաթին, բայց մի մոռացիր առաջին աստիճանի մասին»… Իմ առաջին աստիճանը Հայաստանն էր, որտեղ ես ծնվել եմ, ուստի երբեք չեմ մոռանա այն:

– Ո՞րն է այդտեղ Ձեր հիմնական զբաղմունքը:

– Այժմ հանդես եմ գալիս որպես երաժշտական պրոդյուսեր, նաև երգեր եմ գրում: Շատ հետևողական եմ այն երիտասարդների նկատմամբ. ովքեր քայլեր են ձեռնարկում դեպի մեծ բեմեր: Նույն ուշադիր աչքով եմ հետևում նաև Հայաստանի նոր սերնդին: Տաղանդավոր շատ երիտասարդներ կան, ովքեր որոշակի փուլեր հաղթահարելուց հետո կկարողանան մեծ արտիստներին մոտ կանգնել: Ամեն բան նրանց ձեռքերում է, մենք էլ պետք է թույլ չտանք, որ նրանք գլորվեն անդունդը:

– Փաստորեն, հետևում եք հայկական մշակույթին ու շոու-բիզնեսին: Որակական փոփոխություն նկատո՞ւմ եք:

– Իհարկե, հետևում եմ: Նկատեցի, որ վերջին տարիներին շատ երիտասարդ արտիստներ են ծնվում՝ փորձելով դուրս գալ ռաբիս կոչվող անդունդից: Բայց չեմ կարող խոսել հայկական շոու-բիզնեսի մասին, քանի որ չի կարելի խոսել գոյություն չունեցող բանի մասին: Հավատացեք, սա մեծ ցավով եմ ասում. հայկական շոու-բիզնեսը շատ ցածր մակարդակի վրա է ու էլ ավելի է վախեցնում այն միտքը, որ այն կարող է ավելի ցածրանալ: Հայաստանում արվեստագետները միայն հետևում են իրենց բիզնեսին և անտեսում շոուն` մոռանալով, որ այս երկու բառերը՝ շոու և բիզնես, բեմում պետք է ձեռք ձեռքի տված նույն ուղղությամբ գնան: Շատ անգամ եմ լսում, որ վատ երաժշտություն հրամեցնելը պատճառաբանում են՝ «մարդիկ ուզում են սա լսել» արտահայտությամբ: Ո՛չ, այդ դո՛ւք եք ժողովրդին ստիպում իջնել ձեր ցածր մակարդակին, դո՛ւք ամբողջովին կործանում եք այն, ինչը կոչվում է հայկական մշակութ: Ճշմարիտ արվեստագետը պարտավոր է իր ժողովրդի գեղարվեստական մակարդակը միշտ բարձրացնել, այլ ոչ թե հակառակը:

– Առջևում Եվրատեսիլն է, ու Հայաստանն էլ եվրատեսիլյան անցուդարձի մեջ է: Ծանո՞թ եք մեր թեկնածուներին:

– Արդեն շատ տարիներ Եվրատեսիլը երաժշտական մրցույթ չեմ համարում: Այժմ սա ավելի շատ քաղաքական իրադարձություն է: Հասկանում եմ, որ Հայաստանը լուրջ է մոտենում այս միջոցառմանը, քանի որ մենք երբեք միջազգաին բեմերում երգի ասպարեզում չենք ունեցել մեծ հաղթանակներ: Բայց խորհուրդ կտամ ավելի թեթև մոտենալ այս ամենին… Այո, հետևում եմ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակից-մրցակիցներից ոմանց: Կարծում եմ՝ կան մասնակիցներ, ովքեր նույնիսկ ավելորդ են միջազգային մրցույթում ներկայանալու հանար: Սա զուտ իմ կարծիքն է:

– Իսկ ո՞ւմ կցանկանայիք տեսնել «Եվրատեսիլ»-ի բեմում:

– (Մտածում է, հեղ.) Մարիա Աբրահամյանին կամ, ինչպես նրան անվանում են՝ Maria’s Secret-ին: Այս աղջիկն արտառոց ձայն ունի, երիտասարդ է, բայց, միևնուն ժամանակ, շատ պատրաստված: Երգի մեջ շատ ժամանակակից է, բոլորից առանձնանում է իր խարիզմայով, ձայնային տվյալներով: Հուսով եմ, որ նա կկարողանա հաղթել նախագծում և ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ-2018»-ում: Ըստ իս, այս պահի դրությամբ նա միակն է, ով կարող է Հայաստանը անբասիր ներկայացնել միջազգային բեմում:

– Իսկ այս տարիների հայաստանյան մասնակիցներից ո՞ւմ ելույթն եք առավել հավանել:

– Արամ ՄՊ3-ինը և Արծվիկինը: Արծվիկն իրեն ներկայացրեց անսպասելի, և ես, իսկապես, մեծ հույսեր ու սպասումներ ունեի: Գուցե շատերը պատրաստ չէի՞ն այդ կերպարին, չգիտեմ:

– Էդգար, երաժշտական աշխարհի մասին խոսեցինք, իսկ հայ դերասանակա՞ն աշխարհի մասին ինչ կարծիքի եք:

– Չլինի, թե դժգոհում եմ, բայց վերջին տարիներին հայաստանյան թատերական ասպարեզն էլ անկման մեջ է: Ես մեկ անգամ արդեն ասել եմ, որ հայաստանում գեղարվեստական լավ ֆիլմ նկարելու համար ստիպված պետք է միշտ նույն դերասաններին օգտագործեն: Իսկ նրանց մեծ մասն արդեն Հայաստանում չի բնակվում, իրենց գործն են շարունակում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Նորաթուխ դերասաններն էլ դառնում են միանման սերիալների գերի: Մոտակա 10-20 տարվա ընթացքում Հայաստանը հսկայական աշխատանք պետք է կատարի, որպեսզի կարողանա վերականգնել մեր հզոր թատերարվեստը: Ու այդ ամենը պետք է սկսել կրթական համալիրների տարրական դասարաններից:

– Այսօր տարվա կտրվածքով մի քանի գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: Արդյոք չեք հետևում այդ ֆիլմերին ու դրանցում ներգրավված դերասաններին:

– Ներկայում հիանում եմ միայն Հայկ Մարությանի գործունեությամբ՝ թե՛ որպես դերասան, թե՛ որպես հայ մարդ:

– Վերջին անգամ ե՞րբ եք եղել երևանում:

– 11 տարի առաջ՝ 2007 թվականին: Հուսով եմ՝ շուտով կրկին կվերադառնամ, բայց օգտակար նպատակով. մենք մտադիր ենք հայ-իտալական ֆիլմ նկարահանել, ուստի, չեմ ուզում շտապել: Այցելությունս կախված է այդ նախագծից:

– Այստեղ ունե՞ք Ձեր ոլորտը ներկայացնող ընկերներ, մտերիմներ:

– Գիտեք, այսօր դժվար է ընկերներ ունենալ, հատկապես՝ մեր աշխատանքում: Ես շատ ծանոթներ ունեմ, նրանցից ոմանց հետ մտերմացանք սոցիալական կայքերի միջոցով, ոմանց հետ՝ նույնիսկ անձամբ: Ես հանդիպել եմ շատ հրաշալի ու բաց մարդկանց: Եվ հույս ունեմ, որ նոր սերունդը կփոխի ինչ-որ բան Հայաստանյան բեմական աշխարհում և այս անկումը հնարավորինս շուտ կկանխի:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում