Հայրենի տան մեխը

Հայրենի տան մեխը

Մի աղքատ գյուղացի ու նրա կինը երեք տղա ունեին՝ Մաթսը, Պետերը և Սվենդը։ Մի անգամ երաշտ եղավ, և ընտանիքը նեղության մեջ ընկավ․ հացը չէր բավարարում։

– Մենք ավելի շատ ուտող բերան ունենք, քան հացի պատառ, – ասաց հայրը, – ստիպված պետք է աշխատանքի գնաք դուք, որդիներս։

Կինը լաց եղավ։

– Մաթսն ու Պետերն արդեն մեծ են, նրանք գլուխ կհանեն աշխատանքից, – բայց, այ, խեղճ Սվենդը կկորչի։

Ի՞նչ պիտի վաստակի նա․․․

– Թող հովիվ դառնա, եթե ուրիշ ոչինչ անել չի կարողանա, – պատասխանեց ամուսինը։

Իսկ Սվենդն ասաց․

– Մի անհանգստանա, մայրիկ, ես կաշխատեմ ինձ համար մի գործ գտնել։ Թող գնամ։

– Լավ։

Եղբայրներն սկսեցին ճանապարհի պատրաստություն տեսնել։

Ավագ որդին՝ Մաթսը, ասաց․

– Թողեք վերցնեմ հորս հին բաճկոնը, չէ՞ որ հայրս տանը նստած է, բաճկոնը նրան պետք չէ։

Միջնեկ եղբայրը՝ Պետերը, աչք ածեց աղքատ խրճիթը․ ընտրելու ոչինչ չկար։ Մայրը մի հատիկ կաթսա ուներ, որը շատ էր սիրում ու հպարտանում էր դրանով և այնպես խնամքով էր պահում, որ արևի պես շողում էր մռայլ ու մրոտված խրճիթում։

– Ես կվերցնեմ կաթսան, – ասաց Պետերը, – միևնույն է, մայրիկը ոչինչ չունի եփելու, իսկ ես այն կծախեմ ու մինչև աշխատանք գտնելը կապրեմ դրա փողով։

Նա թարեքի վրայից վերցրեց փայլուն կաթսան ու դրեց իր գլխին՝ գլխարկի փոխարեն։

– Բայց, այ, Սվենդին ոչինչ չհասավ, – հառաչեց մայրը։

Նա շատ էր սիրում կրտսեր որդուն, որն այնքան սիրալիր էր, փաղաքուշ, համեստ և միշտ օգնում էր մորը՝ ինչով կարողանում էր։

– Իսկ ես, մայրիկ, տնից հիշատակ կվերցնեմ այն մեխը, որից կախում էի բաճկոնս, երբ պառկում էի քնելու։

Սվենդը մեխը հանեց պատից, փաթաթեց լաթի մեջ ու դրեց գրպանը։

– Այ քեզ անխելք, – հռհռացին երկու եղբայրները, – բա՜ն մտածեց․ պիտի քարշ տա ժանգոտած մեխը․․․ Ի՞նչ ես անելու այդ մեխը, Սվենդ։

– Գուցե պետք գա, Ի՞նչ իմանաս, – պատասխանեց տղան։

Նրա սիրտն այնքան ուրախ էր, որ ասես թե իր հետ ոչ թե մեխ էր վերցրել, այլ ոսկի։

Մայրը արցունքն աչքերին նայում էր որդիների հետևից, իսկ Սվենդը դեռ երկար թափահարում էր գլխարկը, հրաժեշտ էր տալիս մորը։ Խաչմերուկում ավագ եղբայրները կանգ առան։

– Ես ու Պետերը կգնանք իրար հետ, իսկ դու, Սվենդ, քո մեխն առ ու գնա մենակ, մի արի մեզ հետ, – ասաց Մաթսը։

– Դե, որ այդպես է, գնաք բարով, սիրելի եղբայրներ, բարի ճանապարհ։ Հուսով եմ, որ շուտով կհանդիպենք, – բացականչեց Սվենդն ու թեքվեց դեպի գյուղամիջյան ճանապարհը։

Մի երկու ժամ անց նա արդեն հոգնել էր, իսկ մոտերքում բնակավայր դեռ չէր երևում։
Հանկարծ առջևում՝ ճանապարհի վրա, ինչ-որ բան շարժվեց։ Սվենդը վախով մտածեց․

«Չլինի՞ թե արջ է․ ինչպե՞ս փրկվեմ»։

Բայց շարժվողը մարդ էր․ սայլակի մոտ գործ էր անում։

– Մի ինձ լսիր, մանչուկ, – ձայն տվեց նա Սվենդին, – արի օգնիր։ Սայլի անիվը դուրս է եկել, չեմ կարողանում դարբնոց հասնել։

– Ես մի մեխ ունեմ, կարելի է խրել ճուլկու փոխարեն։ Միայն թե ես փոխարինաբար կտամ, այդ մեխն ինձ համար թանկ է․ իմ հայրենի տնից է։

Գյուղացին քահ-քահ ծիծաղեց․

– Համա թե զվարճալի տղա ես, հա՜։ Հետ կստանաս քո այդ թանկագին մեխը, հենց որ դարբնոց հասնենք։

Գյուղացին ու Սվենդը նորոգեցին անիվը, նստեցին սայլն ու գնացին դարբնոց տանող ճանապարհով։

Զնդանի մոտ կանգնել էր ամբողջովին մրոտված ու քրտնած դարբինն ու ամբողջ ուժով ծեծում էր շիկացած երկաթը։

Սվենդը դեռ ոչ մի անգամ չէր եղել դարբնոցում, և այդտեղ ամեն ինչ նրան դուր եկավ։

– Ի՞նչ ուրախ է այստեղ՝ ձեզ մոտ։ Փուքսը սուլում է, մուրճը դմբում է․․․ ուղղակի երաժշտություն է։ Ես էլ կցանկանայի դարբին լինել։

Դարբինը քրքջաց․

– Մի ծիծաղեցրու, շատախոս։ Ո՞մց կկարողանաս գլուխ հանել այս ծանր գործից, ուժդ ո՞նց կպատի։ Սա քեզ համար խաղալիք չէ, բայց, այ, եթե ուզում ես, փուքսը փչիր, մինչև իմ տղան առողջանա։ Քեզ կուշտ կկերակրեմ ու դեռ մի քանի գրոշ էլ կտամ աշխատանքիդ համար։

– Դե՜, ինչ կա որ, համաձայն եմ, – պատասխանեց Սվենդը։

ՈՒ նա մնաց դարբնի մոտ։ Իր մեխը նա գյուղացուց հետ ստացավ, ուղղեց, փաթաթեց լաթի մեջ ու գրպանը դրեց, իսկ գյուղացին նրան մի քիչ փող տվեց օգնելու համար։

Դարբինը տեսավ, որ Սվենդը լավ տղա է, պարտաճանաչ աշխատող, կսեց նրան սովորեցնել իր արհեստը։ Շատ չանցած՝ Սվենդն արդեն կարողանում էր շատ բաներ ինքնուրույն պատրաստել։

Մի ամիս էր չէր անցել՝ դարբնի տղան առողջացավ։ Եվ նա չէր կարողանա այլևս Սվենդին պահել իր մոտ։ Տղան ստիպված էր շարունակել իր ճանապարհը։

Դարբնից ստանալով իր աշխատանքի վարձը՝ Սվենդը, ուրախ-զվարթ երգելով, ճամփա ընկավ։

Շուտով նա հասավ ճամփեզրի մենվոր մի տնակի։ Շեմին մի ծուռոտն ու ակնոցավոր մարդ էր կանգնած, որի վզից՝ երկար եզրի ծայրից, մկրատ էր կախված։ Նա դերձակ էր․ ձեռքում բռնել էր մի բաճկոն ու մաքրում էր։ Հանկարծ բաճկոնը սահեց նրա ձեռքից ու ընկավ ցողաթաթախ խոտերի վրա։

– Դուք ավելի լավ է կախեիք բաճկոնը, տեր իմ, – խորհուրդ տվեց Սվենդը։

– Բան մի սովորեցրու ինձ, կաթնակեր, – ասաց դերձակը, – առանց քեզ էլ գիտեմ, թե ինչ եմ անելու։

Բայց Սվենդը չնեղացավ դերձակի այս խոսքից, միայն ասաց ցածր ձայնով,

– Ես ձեզ կօգնեմ, տեր իմ։

Նա գրպանից հանեց մեխն ու խփեց դռան ձողափայտին։

Դերձակը ժպտաց, բաճկոնը կախեց ու մաքրեց, հետո Սվենդին տուն կանչեց ու կնոջը պատվիրեց տղային հաց ու կաթ տալ։ Սվենդը հաճույքով կերավ․ ախր շատ էր քաղցած։
Այնուհետև քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեց պառավին։ Տանիրուհուն դա շատ դուր եկավ։

– Տղային վերցրու մոտդ, սովորեցրու, – ասաց նա։

– Ես հաճույքով կմնամ Ձեզ մոտ, – պատասխանեց Սվենդը, – թեպետ արհեստով դարբին եմ։

Դերձակը ոտից գլուխ նայեց Սվենդի նիհար կազմվածքին ու բարձր քրքջաց․

-Այ թե լավ դարբին ես, հա՜։ Քո ուժի բանը չէ ծանր մուրճ բարձրացնելը, ախպեր, բայց կարել կկարողանաս՞։

– Կփորձեմ, – պատասխանեց Սվենդն ու նստեց դերձակի կողքին։

Եվ այսպես Սվենդն սկսեց աշխատել ու դերձակից կարել սովորել։ Բայց շուտով դերձակը մրսեց, հիվանդացավ ու մահացավ։ Սվենդը դռան վրայից հանեց իր նվիրական մեխը, հրաժեշտ տվեց տանտիրուհուն ու նորից ճամփա ընկավ։

Շուտով նա հասավ մի փոքր գյուղ։ Հենց այդ ժամանակ ամպրոպ սկսվեց, ուժեղ քամի բարձրացավ, կայծակը փայլատակեց, ամպերը որոտացին։

Մի տան մոտ՝ պարանի վրա, սպիտակեղեն էին փռել չորացնելու։ Մի պառավ շտապեց հավաքել լվացքը, բայց հանկարծ պարանը պոկվեց մեխից։

– Անիծված մեխ, – փնթփնթաց պառավը, – միջից երկու կես եղավ անտերը․ հանկարծ լվացքս ցեխի մեջ չթափվի՞․․․

– Ես կօգնեմ Ձեզ, տատի, – առաջարկեց Սվենդը, հանեց իր մեխն ու խփեց պատին։ – Թողեք պարանը կապեմ․ միայն թե Դուք հետ կտաք իմ մեխը․ դա իմ հայրենի տան մի մասնիկն է․․․

– Շնորհակալություն քո մեխի համար, բարեկամս։ Օգնիր ինձ մինչև անձրևի գալը հավաքել սպիտակեղենս ու տուն տանել։

Սվենդը կատարեց նրա խնդրանքը։ Տանը նա տեսավ մի կոշկակարի։ Սվենդը կանգնեց դռների մեջ, հիացած նայեց, թե ինչ ճարպկությամբ է կոշկակարը կոշիկի տակ ներբան խփում։

– Ես թե դարբին եմ, թե դերձակ, բայց, այ, կոշիկ կարել չեմ իմանում, – ասաց Սվենդը։

– Հիմարություններ դուրս մի տուր․ ի՞նչ դարբին ես դու ախր կամ ի՞նչ դերձակ։ Պարզապես կատակ ես անում, բայց, ա՜յ, կոշկակարություն կարելի է քեզ սովորեցնել։

– Ճիշտ որ, տղա ջան, մնա մեզ մոտ, – ասաց պառավը՝ կոշկակարի մայրը։ – Ես տեսնում եմ, որ դու խելոք ես ու ջանասեր։

ՈՒ Սվենդը մնաց կոշկակարին աշակերտելու։

Կոշկակարը չգիտեր, թե ինչպես գովեր աշխատասեր ու բարի տղային։ Շուտով Սվենդը կարողանում է ոչ միայն նորոգել հին կոշիկներ, այլև նորերը կարել։ Երեկոները Սվենդը շատ էր մտածում  մոր մասին ու որոշեց նրան մի բան նվիրել։

Ախր նա՝ խեղճ կինը, ման էր գալիս պատառոտված կոշիկներով։ Եվ ահա, փող հավաքեց, կաշի առավ ու մոր համար կոշիկ կարեց։

Աշնանաը Սվենդը հրաժեշտ տվեց տանտերերին, կոշկակարից ստացավ իր աշխատանքի վարձն ու ճանապարհվեց տուն։

Սվենդի ճանապարհն անցնում էր քաղաքի միջով։ Շուկայով անցնելիս նա ծեր վաճառականի մոտ մի բաճկոն տեսավ․ դա իր հոր բաճկոնն էր, որ վերցրել էր ավագ եղբայրը՝ Մաթսը։ ՈՒրեմն Մաթսը վատ վիճակում է եղել ու վաճառել է բաճկոնը, որպեսզի քաղցած չմնա։ Սվենդը գնեց բաճկոնն ու շարունակեց ճամփան։

Հանկարծ մի կրպակում Սվենդը տեսավ արևի տակ շողշողացող մի կաթսա։ Պարզ է, դա էլ իր մոր կաթսան է։ Ա՜յ թե ուրախացավ Սվենդը, երբ գնեց սիրելի կաթսան։

Վերջապես Սվենդը հասավ հայրենի գյուղը։

Նրանց տանը վառարանում բորբոքվում էր կրակը․ ուրիշ լույս չկար։ Հայրն ու մայրը նստել էրն եղանի մոտ, իսկ նրանց կողքին՝ պատառոտված շորերով երկու երիտասարդ՝ Մաթսն ու Պետերը։

– Իմ խե՜ղճ որդիներ, – ասում էր մայրը, – տանջվել եք դուք, սովի ու կարիքի մեջ եղել և ոչինչ էլ չեք վաստակել։

– Ոչինչ, մայրիկ, – մխիթարում էին նրան որդիները, – գարնանը կգնանք դաշտում աշխատելու․․․

Հանկարծ դուռը շրխկոցով բացվեց։ Շեմքին կանգնած էր նրանց կրտսեր եղբայրը՝ Սվենդը։

– Բարի երեկո, հարազատներս։ Այ, ես էլ եկա․ – ասաց Սվենդը՝ ուրախ նայելով բոլորին։ – Ահա քեզ քո բաճկոնը, հայրիկ, իսկ քեզ, մայրիկ, քո սիրելի կաթսան ու մեկ էլ նոր կոշիկներ․ ինքս եմ կարել։ Բայց դա դեռ բոլորը չէ․ վերցրեք իմ վաստակած փողը։ Հիմա ես թե դարբին եմ, թե դերձակ, թե կոշկակար ու ձեզ համար դեռ շատ փող կվաստակեմ։ Ահա և մեր մեխը․ այն միշտ էլ օգնել է ինձ։

ՈՒ Սվենդը մեխը խփեց իր նախկին տեղում։

Եղբայրները նախանձով էին նայում ուրախ պատանուն, որը պատմում էր արկածների մասին։ Իսկ երջանիկ մայրը , ուրախությունից լաց լինելով, վառարանի մոտ իրար էր անցել ու իր սիրելի կաթսայի մեջ համեղ ընթրիք էր պատրաստում ամբողջ ընտանիքի համար։

Շվեդական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում