Պատմությունը՝ ժանգոտած խուփերի տեսքով

Պատմությունը՝ ժանգոտած խուփերի տեսքով

«Ինչ-որ տարիք եկավ իմ կյանքում, ինչ-որ ժամանակ, երբ սկսեցի ավելի շատ նայել ոտքերիս տակ, որոշ ժամանակ անցավ, երբ հասկացա, որ ցանկացած պատմություն կարելի է պատմել տարբեր ձևերով: Մենք սովորաբար գեղեցիկը փնտրում ենք ավանդական կերպարների մեջ, բայց դա ճիշտ չէ, այդ պայմանականությունները պետք է քանդել և սովորել ոչ միայն նայել, այլև տեսնել»: Մասնագիտությամբ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը այսպես ներկայացրեց իր «ԽՈՒՓ: Քաղաքի ենթագիտակցություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Պարզվում է՝ ամենասովորական ժանգոտված ու խարխուլ խուփը (ավելի տարածված է люк տարբերակով գործածությունը) կարող է իր մեջ պատմական մի ժամանակաշրջան ներառել ու հոգևոր-մշակութային արժեքներ նկարագրել:

Տիգրան Խզմալյանն այսպես է մեկնաբանում. «Ես հասկացա, որ մենք գործ ունենք մի շատ հետաքրքիր ու անսովոր երևույթի հետ, որովհետև քաղաքի պատմությունը կարելի է տեսնել այս ծանր, հազվադեպ փոխվող կայսերական խարանը պահպանած երևույթի մեջ: Բանն այն է , որ այն ինչ ընդունված է մերժել՝ իբրև կեղտ կամ ամոթալի ինչ-որ մի բան, իրականում կյանքի անքակտելի մասն է կազմում»: Խզմալյանի խոսքով՝ Արագածի ստորոտում իր տեսած ծաղիկները, որոնք գեղեցիկի ամենայուրահատուկ ու երկնային խորհրդանիշներն են համարվում, աճում էին ոչխարների թրիքի կողքին:Ոչխարներն արածում էին, գնում, այդ հատվածում ծաղիկներ էին աճում։ Այդ օրինաչափությունն էլ դրդեց նրան պատմել Երևանի պատմությունը՝ խուփերի տեսքով:

«Սկզբում, երբ առաջին անգամ Աբովյան փողոցում տեսա 30-ականները ներկայացնող խուփ, հասկանալի էր՝ սա պատմություն է, այն պետք է ներկայացնել։ Ի սկզբանե պարզապես դրանք լուսանկարում էի, նրանց մեջ կար նաև հումոր, օրինակ՝ վարդագույն խուփը՝ գլամուրի հետ էի կապում, մի խուփ էլ կեսլուրջ-կեսկատակ պահպանակի հետ եմ ասոցացնում»,- պատմում է ռեժիսորը: «Անուշ», «Սպարտակ» «Գայանե» օպերաների ներկայացուցիչների պատվին արված խուփերից մինչև Վիվալդիի «Տարվա եղանակները» պատկերող խուփեր։

Երևանի տարբեր անկյուններում կարելի է հանդիպել բազմապիսի խուփերի՝ բերված տարբեր երկրներից տարբեր ժամանակներում։ «Ես շատ զարմացա, երբ պարզեցի, որ այս խուփերը, որոնք իրենց մեջ այսքան ինֆորմացիա են պահպանում, գտնվում են ոչ թե տների մոտ, բակերում, այլ փողոցի կենտրոնում, երթևեկելի հատվածներում»,-պատմում է Խզմալյանն ու հավելում․«Ժամանակի ընթացքում խուփերի հետ կատարվեց այն, ինչ մեր երկրի հետ՝ խուփերը հայացան, երկաթագիրը հայտվեց պողպատե խուփերի վրա՝ իր տեղը զիջելով օտար լեզուներով գրվածներին»: Սարգիս Մուրադյան պատկերասրահում մինչև հունվարի 31-ը ցուցադրվելու են ռեժիսորի մոտ 100 նկարներից 50-ը։ Լուսանկարները շատ են, նպատակը մեկը՝ մարդկանց ուշադրությունը հրավիրել առաջին հայացքից ոչ այդքան կարևոր ու չերևացող բաներին․ «Սա նաև պատմություն մի մասն է, մի քիչ անսպասելի, բայց այսպես էլ է կարելի»,-ասում է ռեժիսորը։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում