Հունվարի 24-ը Պարույր Սևակի ծննդյան օրն է

Հունվարի 24-ը Պարույր Սևակի ծննդյան օրն է

Շա՜տ խարազան է շաչել իմ գլխին,
Շա՜տ մտրակ՝ մեջքիս հասցեագըրվել,
Եվ հարվածների, զարկերի թիվը
Համրելու համար ինձ պետք է հիմա
Մի պատկառելի հաշվապահություն:
Պ. Սևակ

1924 թվականի հունվարի 24-ին ծնվել է մեծանուն հայ բանաստեղծ Պարույր Սևակը՝ Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում:

Մանկություն
Պարույր Սևակը (Պարույր Ղազարյան) իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Երիտասարդություն
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։

Հասուն տարիներ
1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույր Սևակը ստանում է Բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

«Ես հասկացել էի, որ ժամանակը արվեստի համար պիտի բարի հայր լինի, և ոչ թե բռի ամուսին. ժամանակը պիտի պահի ու մեծացնի նրան, մանկան պես: Առածն ասում է, որ «Եթե ժամանակը սրտովդ չէ` դու ժամանակի սրտովը եղիր»: Այս առածի մեկ ուրիշ արյունակիցն էլ ձայնակցում է, թե` «Որտեղ հաց` այնտեղ կաց»: Եթե սրանք ուղեցույց կարող են լինել նույնիսկ ամեն մարդու համար, ապա՝ ոչ արվեստագետի: Եվ արվեստագետ է եղել այն եբրայեցին, որ շշնջացել է. «Ոչ միայն հացիւ կեցցէ»: Եվ արվեստագետ կլինի նա, ով կհասկանա, որ ըմբռնել չի նշանակում ընդունել, և որ դղիրդը միշտ սկսվում է շշուկից, ուստի և պիտի ականջալուր լինել ժամանակի շշուկին ավելի, քան դղիրդին…»,- իր ինքնակենսագրության մեջ ասում է նա:

Սկզբնաղբյուր`  Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում