«Հայկական ֆիլմեր քիչ են արտադրվում։ Ստեղծված ֆիլմերից էլ քչերն են կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնու»․ կինոցուցադրողներ

«Հայկական ֆիլմեր քիչ են արտադրվում։
Ստեղծված ֆիլմերից էլ քչերն են կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնու»․ կինոցուցադրողներ

«Այն ինչ փորձում ենք իրականացնել կինոյի մասին օրենքի նախագծով, միտված է ոլորտի առողջացմանը՝ ֆիլմարտադրությունից մինչև ցուցադրություն: Եթե ինչ-որ բան խանգարելու է ձեր գործունեությանը, ուրեմն այն քննարկելու կարիք կա»,- հայաստանյան կինոցուցադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Կինոցուցադրողների մտահոգություններն առնչվում էին նախագծում ամրագրված հիմնականում երկու դրույթների:

Օտարալեզու ֆիլմերը պարտադիր հայերենով ներկայացնելու՝ նախագծում ամրագրված պահանջն, ըստ նրանց, մեծ խնդիրների առջև կկանգնեցնի կինոցուցադրող բոլոր ընկերություններին:

«Մեկ մուլտֆիլմի դուբլյաժը (կրկնօրինակումը) 50 հազար դոլար արժե: Բացի այդ, դա պետք է իրականացնեն պրոֆեսիոնալ ստուդիաները: Ֆիլմարտադրողներն այս հարցերում խիստ ու սկզբունքային մոտեցումներ ունեն»,-ասաց «Կինոպարկ»-ի ներկայացուցիչը:

Չհամաձայնելով հնչեցրած գումարի հետ նախարարը պատասխանեց.

«Այս նախագծով պետությունը ձեզ չի թողնում «բաց նավարկության»:

Մատնանշված պրոֆեսիոնալ ստուդիան ստեղծվելու է հենց պետության աջակցությամբ: Հետագայում այն գործելու է որպես առանձին բիզնես կառույց: Անվիճելի է, թերևս, մեկ հարց. մեր երեխաներն այդ ֆիլմերն իրենց մայրենի լեզվով՝ հայերենով դիտելու հնարավորություն պետք է ունենան: Հարցը կարգավորելով շահելու է ձեր բիզնեսը: Հայերեն լեզվով ֆիլմեր ցուցադրելու դեպքում հանդիսատեսի թիվը կաճի առնվազն 25 տոկոսով»,-վստահեցրեց նախարարը:

Կինոցուցադրողների մտահոգություններից մեկն էլ վերաբերում էր նախագծի հետևյալ պահանջին. ամսվա ընթացքում կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի առնվազն տասը տոկոսը պետք է լինի հայկական արտադրության:

«Հայկական ֆիլմեր քիչ են արտադրվում: Ստեղծված ֆիլմերից էլ քչերն են կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնում»,-ասում են կինոցուցադրողները:

Նախարարի համոզմամբ, այս հարցն էլ հնարավոր է լուծել՝ կինոցուցադրողների և կոմերցիոն հետարքրքություն ներկայացնող կինո արտադրողների ակտիվ համագործակցությամբ:

ՀՀ Մշակույթի նախարարություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում